
Իր «Լևոնի վիշտը» պոեմը Սմբատ
Շահազիզը կոչում է «Ժամանակակից վեպք»: Իսկույն առաջ են գալիս մի շարք աղերսներ, որոնք
կապվում են Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի, Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը»
պոեմի և Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը»
վեպի հետ, որքանով դրանք երեքն էլ միավորում է միևնույն ռոմանտիկական հերոսը, նրա ժամանակը
և նրա վիպագրությունը:
«Լևոնի վիշտը» բաղկացած է նախերգանքից
և չորս գլուխներից, որոնք ձևական մակարդակում կրկնում են «Չայլդ Հարոլդի» կառուցվածքային
առանձնահատկությունները: Բնաբանը բերված է Լերմոնտովի վերոնշված վեպից. «Բավական է
ինչքան մարդկանց քաղցրեղենով կերակրեցին, դրանից փչացել է նրանց ստամոքսը. պետք են
դառը դեղեր, դառն ճշմարտություններ»: Թերևս այսպիսի բնաբանը տրամադրությամբ հղում է Շիլլերի «Ավազակներ» դրամայի բնաբանին, որը
գերմանացի գրողը վերցրել էր Հիպոկրատից. «Այն, ինչ չեն բուժում դեղերը, բուժում է երկաթը,
այն ինչ չի բուժում երկաթը, բուժում է հուրը»:
Պոեմի հերոսը ծագումով Հայաստանից
է, սակայն, ինչպես և ինքը Շահազիզը, հասակ է առել Մոսկվայում: Լևոնը, ինչպես և իր նախատիպ
Չայլդ Հարոլդը, ուղևորություն է կատարում, որի ընթացքում տրվում է ծանր խոհերի ու եզրակացությունների:
Նա լինում է Նոր Նախիջևանում, որտեղ կարդում է հայ իրականության տխուր դեմքը: «Գարիբալդյան
զենքի հաղթություն» իր ազգի համար փափագող երիտասարդը նախ և առաջ տածում է լուսավորության
փափագ հայ ժողովրդի համար:
Սիրած գրքերի մեծ պաշար առած.-
Տխուր մեղեդիք Հեյնե պոետի,
Գեոտեի Ֆաուստ, այս անմահ քերթված.
Թափառաշրջիկ արկածք Հարոլդի:
Երգիծանիչ գործը Հոբենալի,
Եվ պատմությունը լրջամիտ Բեոքլի,
Եվ Շեքսպիրի ողբերգությունների:
Հայնրիխ Հայնեի, Վոլֆգանգ Գյոթեի,
Բեոքլի և Շեքսպիրի անունները այն նշաններն են, որոնք ցույց են տալիս հերոսի երազանքների
և իր ժողովրդի իրականության միջև անջրպետը: Այս անջրպետը ռոմանտիկական պահանջի կանոնով
է, և հերոսը՝ Լևոնը, հաջորդաբար՝ նախ Նախիջևանում, ապա Թիֆլիսում, գրանցում է, ճիշտ ինչպես Հարոլդը, մի
անջրպետ ևս: Դա հայի ներկայի և անցյալի միջև առկա անջրպետն է: Գեղեցիկ հայուհիներին
ձոնած տողերում հեղինակը միաժամանակ սգում է անցյալի՝ նրանց նկարագրի անդառնալի կորուստը:
Վերջին գլխում Լևոնը հայրենիք
է բերում Նալբանդյանի, Բայրոնի և Հայնեի որոշ գրքեր, որոնք խնդիր ունեն «նոր սկզբունք
ավետել հային»:
Սմբատ Շահազիզ | Լևոնի վիշտը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 25, 2015
Rating:
