Կոնֆուցիոս
(համառոտ)

Կոնֆուցիոսի (Ք. ա. 6-րդ դար) անունը հին Չինաստանի հոգևոր
և մշակութային միասնության խորհրդանիշն է: Նա Չինաստանի մեծ մտածողն է, Պյութագորասի
և Հերակլիտոսի ժամանակակիցը:
Կոնֆուցիոսի ամենահին կենսագիրը՝ Սի-մա Ցիան, որը պատմության
մեջ ճանաչված է որպես չինական Հերոդոտոս, նրա ամբողջական կենսագրությունը գրել է առաջին
դարում, այսինքն՝ Կոնֆուսիոսի մահից չորս հարյուր տարի հետո:
Սոկրատեսի նման Կոնֆուսիոսը նույնպես գրավոր գրեթե ոչինչ
չի թողել, բացառությամբ աշակերտների հետ ունեցած զրույցների: Ավանդությունը, սակայն,
պատմում է, որ նա հատկապես կյանքի վերջին տարիներին ստեղծգործական բեղուն շրջան է ապրել:
Կազմել է տարեգրությունների «Չունցյու» («Գարուն և աշուն») գիրքը, մշակել է «Շի-ցզին»՝
«Երգերի գիրքը» և «Շու-ցզին»՝ «Պատմության գիրքը»: Նրան են պատկանում նաև «Փոփոխությանց
գրքի» տաս հայտնի մեկնությունները:
Կոնֆուցիուսը մեծ ներդրում ունի նաև չինական բանահյուսության
հավաքման ու պահպանման գործում: Հայտնի են
չինական ժողովրդական պոեզիայի և պատմական անցքերի մասին պատմող բազմաթիվ բեկորներ,
որոնք պահպանվել են հենց Կոնֆուսիոսի ջանքերով:
Կոնֆուցիականությունը, որպես կրոնափիլիսոփայական ուսմունք,
ունի իր առանձնահատկությունները: Այն չի պահանջում հոգևոր սպասավորների ծառայություն,
չի քննում աշխարհստեղծման, գոյության և գիտակցության հիմնահարցեր և ունենալով հիմնականում
պրակտիկ նշանակություն, ուղղված է գլխավորապես մարդու և հասարակության բարոյական կատարելության
խնդրին: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ կոնֆուցիականությունը երբեմն համարում են
ոչ թե կրոն, այլ սոսկ ուսմունք:
Կոնֆուցիականության հիմքն է Հնգամատյանը՝ Ուցզին, որ պատմական
ասքերի, բանաստեղծական գործերի ու արարողակարգերի ժողովածուն և Քառամատյանը՝ Սիշուն,
մարդկային վարքի մասին օրենքների ժողովածուն: «Լյուն-յուն»՝ «Զրույցները» Քառամատյանի
ամենաարժեքավոր մասն է:
«Զրույցները» բաղկացած է 20 առանձին գլուխներից և բովանդակում
է Կոնֆուցիուսի ու նրա նշանավոր աշակերտների զրույցներն ու ասույթները մարդու, հասարակության,
պետության, պարտքի և զանազան այլ հարցերի մասին: Գիրքը Կոնֆուցիոսի մահից հետո ստեղծել
են նրա աշակերտները:
Գիրքը անցել է կազմավորման, մշակման երկար շրջան և նույնիսկ
արգելված է եղել: Իր վերջնական տեսքն այն ստացել է միայն 8-րդ դարում: Գիրքը ավելի
շուտ պատասխանում է ոչ թե «ինչու», այլ «ինչպես» հարցին: Ո՞րն է կատարյալ մարդը, ի՞նչ
է նշանակում կառավարել, ի՞նչ է բարին, ի՞նչ պարտականություններ ունեն որդիները ծնողների
և ծնողները՝ որդիների հանդեպ, ի՞նչ արժեք ունի պատմությունը ժամանակակիցների համար:
Ահա հարցերը, որոնք հոլովվում են Կոնֆուցիուսի և նրա աշակերտների զրույցներում: Եվ
պատահական չէ, որ նրա ուսմունքի մեջ առանցքային են Լիի՝ հանրային կյանքի, Ժենի՝ բարոյականության
հիմքի, Լիի՝ հանրային կյանքի, Իի՝ պարտքի, Սիի՝ հավատարմության մասին գաղափարները:
Մարդկային վարքի հիմքը Կոնֆուցիոսի կարծիքով նրա դիրքն է
ընտանիքում և հասարակության մեջ: Կառավարել նշանակում է բարի գործ կատարել և ամեն մարդու
տալ պետության մեջ այն տեղը, որին նա արժանի է: Կոնֆուցիոսը համոզված է, որ պետության
նկատմամբ ժողովուրդը հավատ պետք է ունենա, հակառակ դեպքում այդ պետության գոյությունն
անհնար է: Նա հռչակում է ավագների պաշտամունք, պահանջում է հնազանդություն թագավորի
նկատմամբ, բայց միաժամանակ դնում է իմաստուն և մարդասեր կառավարման պահանջ:
Կոնֆուցիոս «Զրույցներ» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 22, 2015
Rating:
