
Վիպակի հերոս լեյտենանտ Գլանը,
որն իր Եզովպոս շան հետ ապրում է անտառում, մի օր ծանոթանում է ագարակատեր պարոն Մաքի
դստեր՝ տասնյոթամյա Էդվարդայի հետ: Ապրելով անտառում՝ լիառատ երջանկություն է զգում:
Քաղաքակիրթ միջավայրում, օրինակ՝ պարոն Մաքի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ, իրեն զգում է կաշկանդված ու հիմար:
Ողջ սրտով զգում է իր եղբայրակցությունը
բնության հետ, որի լեզուն հասկանալի է իրեն: Վիպակում համառորեն ու անդադար հնչում
է Պանի սրինգի այրող մեղեդին, որ հյուսված է ցերեկվա տոթից ու աստղալից գիշերների առկայծող
լույսից: Դա ուղեկցում է սիրո թեմային, որը գլխավորն է վեպում:
Էդվարդայի և Գլանի սկզբնապես
բուռն զարգացող զգացմունքն ընդունում է տարօրինակ ձևեր: Աղջիկը սառնություն է ցույց
տալիս լեյտենանտին և դրանով դրդում վերջինիս տարօրինակ քայլերի: Սիրո հզոր տարերքը
ինչպես հեթանոսական աստված, զոհ է պահանջում:
Ժայռի տակ Գլանը վառոդ է դնում,
որպեսզի արտառոց տեսարան սարքի Էդվարդայի և նրա փեսացուի մեկնման օրը, քանի որ այդ
օրը նրան վիճակված է կորցնել կնոջը, որին սիրում է: Վառոդը վառում է պարոն Մաքը՝
խանդի տառապանքից հալածված, կարծելով, որ պայթյունի պահին ժայռի տակ կլինի Եվան՝ իր
աշխատողի կինը, որից Էդվարդայից մերժված Գլանը քնքշություն է ստանում:
Էդվարդան մերժել է Գլանին՝
շարունակելով սիրել նրան: Նրա համար սերը պայքար է: Նա ընդունակ չէ հալվելու սիրո զգացմունքից,
ինչպես Եվան: Ահա ինչու նրա և լեյտենանտի սերը պայքարի բնույթ է ստանում: Էդվարդայի
ուշադրությունը մի կերպ գրավելու ցանկությամբ է բացատրվում, որ Գլանը ջրային զբոսանքի
ժամանակ աղջկա կոշիկը ջուրն է նետում:
Կաղ դոկտորի հանդեպ Էդվարդայի
ցուցաբերած ուշադրության հավասար բաժինն ստանալու ցանկությամբ է բացատրվում Գլանի վայրենի
արարքը՝ որպեսզի նույնպես կաղ դառնա, կրակում է իր ոտքին:
Էդվարդայի փեսացուի նկատմամբ
տածած ատելությունն ու խանդը ստիպում են Գլանին պարահանդեսի ժամանակ թքել ոչինչ չկասկածող
ախոյանի ականջի մեջ:
Վիպակը, որը սկսվում է որպես
իդիլիա, որպես բնության գեղեցկության հիմն, ավարտվում է դրամատիկորեն: Գլանին համակած սերը
խլում է նաև նրա կյանքը: «Գլանի մահը» նովելում, որ յուրօրինակ վերջաբան է, Գլանը հրավեր
է ստանում Էդվարդայից, որն ամուսնացել է բարոնի հետ: Սակայն Գլանը չի ընդունում հրավերը:
Բայց չի կարող նաև ապրել առանց այդ կնոջ: Եվ նա բաժանվում է կյանքից: Ամեն ինչ անում
է, որպեսզի իր որսընկերը՝ մի սահմանափակ և անձնապաստան մարդ, զայրույթից ու խանդից
գնդակ արձակի իր՝ Գլանի ճակատին:
Տես նաև Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Մեծն Գեթսբի, Վոլֆգանգ Գյոթե Երիտասարդ Վերթերի տառապանքները և Ստենդալի Պարմի մենաստանը
Կնուտ Համսուն | Պան | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 16, 2015
Rating:
