
Ֆրանսիական գրականության մեջ
«Պարսկական նամակները» առաջին փիլիսոփայական նամակագրական վեպն է: Այստեղ չկա զարգացող
ինտրիգ, չկան բնավորություններ: Գլխավոր հերոսներն են մտքերը հասարակության մասին:
Գրողի մտահղացումն է ցույց տալ արևմտյան իրականությունը Եվրոպայի մշակույթին անծանոթ
մարդկանց աչքերով: Ֆրանսիական և եվրոպական իրականության քննադատության այս ձևը հետագայում
իր փայլուն զարգացումն է գտնում Վոլտերի փիլիսոփայական վեպերում:
Հեղինակի մտքերը «Նամակներում» արտահայտում է պարսիկ Ուզբեկը:
Սա լուսավորված ազնվականի տիպ է, որը հանդգնել է պալատական բարքերի մասին ճշմարտությունն
ասել շահին: Չկարողանալով հասնել իր նպատակին՝ Ուզբեկը որոշում է հեռանալ հայրենիքից
արևմտյան գիտություններին ծանոթանալու համար:
Ահա Ուզբեկը և նրա ընկեր Ռիկան Փարիզում են: Սկզբում բավարարվում
են քաղաքի ճարտարապետության, տիկնանց հագուստի, կյանքի ռիթմի մասին ընդհանուր դատողություններով:
Սակայն աստիճանաբար նրանց ուշադրության կենտրոնում են հայտնվում նաև քաղաքական խնդիրները:
Նախ քննադատության է ենթարկվում Լյուդովիկոս XV-րդ թագավորը: Մոնտեսքյոն փորձում է
ապացուցել, որ ժողովրդի բարոյական նկարագիրը, նրա օրենքները պայմանավորված են աշխարհագրական
պայմաններով, տնտեսությամբ, կրոնական հավատալիքներով և քաղաքական հաստատություններով:
Ուզբեկն իր նամակներում պատմում է տրոգլոդիտուսների մասին,
որոնք ստեղծելով անարխիա՝ նախ սպանում են իրենց դաժան թագավորին, այնուհետև այն աշխարհ
են ուղարկում իրենց իսկ ընտրած պետերին: Սա հանգեցնում է ինքնաբնաջնջման և բազմաթիվ
ընտանիքներից մնում են միայն երկուսը: Կենդանի մնացածները սկսում են դավանել հումանիստական
մտքեր և հատկապես ներշնչել իրեն զավակներին, որ մասնավոր մարդու շահը հասարակական շահն
է:
Քննադատելով ինկվիզիցիան՝ Մոնտեսքյոն բերում է Իսպանիայի
և Պորտուգալիայի օրինակը, որտեղ մարդկանց այրում են ինչպես չոր խոտը: Խոսելով Ֆրանսիայի
թագավորի մասին՝ Ուզբեկը նկատում է, որ ի տարբերություն Իսպանիայի թագավորի չունենալով
ոսկու հանքեր՝ նա շատ ավելի հարուստ է, որովհետև կարողանում է ոսկի ստանալ իր հպատակների
փառասիրությունից:
«Պարսկական նամակների» առանձին գիծն են կազմում Ուզբեկի և
իր հարեմի փոխհարաբերությունները: Չորս պատերի մեջ փակված կանայք վերածվում են ստրկուհիների
և ի վերջո ապստամբում են: Իրականում Ուզբեկը, որը դրսի աչքով քննադատում և դատապարտում
է եվրոպական շատ բարքեր, տանը բռնակալ է: Ռոկսանան մեղադրում է նրան պարզ թյուրիմացության
մեջ, քանի որ ամուսինը չի հասկանում, որ ֆիզիկական ստրկությունը չի կարող դառնալ նաև
մտավոր ստրկության պատճառ:
Մոնտեսքյոն պաշտպանում է մարդկային պատկերացումների սուբյեկտիվությունը:
Նա պարբերաբար շեշտում է գեղեցիկի և այլանդակի հարաբերականությունը: Յուրաքանչյուր
ժողովուրդ ունի իր իդեալները: Այսպես, Ռիկան, գրում է Ուզբեկին, որ չի զարմանա, եթե
իմանա, որ նեգրերը սպիտակ են պատկերել իրենց սատանային:
Իր գեղարվեստական-էսթետիկական մեթոդով «Պարսկական նամակներ»
վեպը պատկանում է լուսավորչական կլասիցիզմին: Այն զարգացնում և խորացնում է Մոլիերի
և Լաբրյուերի ավանդույթը և հնարավոր է դարձնում Վոլտերի փիլիսոփայական վեպի հայտնությունը:
Տես նաև Բոմարշե Սևիլյան սափրիչը, Դիդրո Ռամոյի ազգականը և Ռուսո Յուլիա կամ նոր Էլոիզ
Շառլ Լուի Մոնտեսքյո | Պարսկական նամակներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 08, 2015
Rating:
