Հորացիոսի գրական մեծ փառք
վայելող նամակներից երրորդը հասցեագրված է Պիսոններին, որոնք նշանավոր տոհմ են եղել
Հռոմում: Գրականության մեջ այս նամակը հայտնի է «Քերթողական արվեստ» վերնագրով: Այդ
անունը տվել է հռոմեացի քերական Քվինտիլիանուսը: Անվանումը լայն տարածում է գտել: Այդ
նամակում Հորացիոսը հանգամանորեն շարադրում է գրականության մասին իր հայացքները: Հարկ
է նշել, սակայն, որ շարադրանքը աչքի չի ընկնում համակարգվածությամբ: Նա տալիս է տարբեր
հրահանգներ, որոնք կարելի է ամփոփել այսպես:
Գեղարվեստական ստեղծագործությունը
պահանջում է պարզություն և միասնություն: Յուրաքանչյուր հեղինակ պետք է ուժերին համապատասխան
նյութ ընտրի: Դա թույլ է տալիս պարզ և ճշգրիտ շարադրել նյութը: Պոետը բառերի ընտրության
մեջ պիտի լինի հոգատար. ոչ թե շռայլի բառերը, այլ լինի ժլատ և բծախնդիր: Նա պետք է
կարողանա հուզականություն և զգացմունքայնություն հաղորդել իր գրվածքին: Նախքան գրելը
նա պիտի ուսումնասիրի մարդկանց բարքերն ու վարքը: Հորացիոսը խորհուրդ չի տալիս ստրկաբար
հետևել նախորդներին, այլ ինքնուրույնության մեջ լինել ամբարտավան:
Դրամատուրգներին նա խորհուրդ
է տալիս իրական գծերով օժտել այն հերոսներին, որոնց բեմ են հանում: Բնավորությունները
ճիշտ գծելուց հետո հարկ է ուշադրություն դարձնել պատմվածքի և գործողության տարբերության
վրա: Գործողությունն առավել ազդեցիկ է ներգործում մարդկանց վրա: Դրաման պետք է ունենա
5 գործողություն, աստվածները միշտ չէ, որ պիտի բեմ հանվեն: Դերասանների թիվը չպիտի
գերազանցի երեքը: Ողբերգության մեջ երկխոսությունը պիտի գրված լինի յամբոսի չափով:
Նամակի վերջին մասը նվիրված
է բանաստեղծությանը: Պոետը պարտավոր է բարեխիղճ լինել: Չպիտի շտապի և անմշակ արտադրանք
տա: Բանաստեղծը համամիտ չէ այն մտայնությանը, թե պոետին հարկավոր է միայն ներշնչանք:
Պոետը պիտի ունենա փիլիսոփայական կրթություն: Պոեզիան ունի մեծ նշանակություն, ինչպես
անհատի, այնպես էլ ողջ պետության համար: Հոմերոսի և Տիրտեոսի երգերը բոցաշնչել են ռազմատենչ
հոգիները: Պոետի տաղանդը և աշխատասիրությունը հավասար չափով լրացնում են միմյանց: Տաղանդը
մշտապես հարկ է հղկել:
Իր նամակը Հորացիոսը ավարտում
է նկարագրելով իսկական պոետին հակադիր անտաղանդ գրչակին, որից բոլորը փախչում են ինչպես
վարակից: Նշանավոր ֆրանսիացի կլասիցիստ Նիկոլա Բուալոն գրել է իր «Քերթողական արվեստը»՝ հետևելով Հորացիոսի առաջ քաշած սկսզբունքներին:
Հորացիոս | Քերթողական արվեստ (Ars poetica) | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 03, 2016
Rating: