
«Փարվանա» բալլադը Թումանյանը գրել է 1902 թ.: Ժողովրդական
այս լեգենդի մասին հեղինակը առաջին անգամ լսել է Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին,
իր դասընկեր Գրիգոր Վանցյանից: Հետագայում այցելել է Ախալքալաք, Փարվանա լիճ, տեղի
ժողովրդից Փարվանայի մասին լսել ավանդություններ ու զրույցներ:
Սիրո, գեղեցկության, իդեալի հավերժության որոնումը «Փարվանա»
բալլադում ստանում է բարձրագույն արտահայտություն: Իր ստեղծագործությանը բնորոշ եղանակով
Թումանյանը բալլադն սկսում է գեղեցիկ բնապատկերով: Փարվանա արքայի անառիկ ամրոցի էպիկական
հանդարտ նկարագիրը լրացվում է արքայի դստեր քնարական գեղեցիկ պատկերով: Բալլադի սկիզբն
ստեղծում է երջանկության սպասման տրամադրություն, որ գործողությունների հետագա զարգացման
ընթացքում աստիճանաբար մարում է և տեղի տալիս տխուր պատկերի:
Լեռների բարձրունքի վրա՝ սարերի ուսին թիկնած ամրոցում, ապրում
է Փարվանա արքան, ով, ըստ ընդունված սովորության, իր չնաշխարհիկ դստեր համար պետք է
փեսացու ընտրի կտրիճների մրցության միջոցով: Ինչպես «Անուշ» պոեմում, այստեղ ևս չի
նկարագրվում Փարվանա դստեր գեղեցկությունը: «Փարվանա» բալլադում սիրո իդեալի փնտրտուքի
հետ մեկտեղ կարևորվում է գեղեցկության գաղափարը: Ոչ միայն սերը, այլև գեղեցկությունը,
որն էլ հենց ծնունդ է տալիս սիրո, մարդուն մղում է սխրանքի ու զոհաբերության: Գեղեցկությունը
մարդու վրա թողնում է մոգական ազդեցություն: Երբ հորը թևանցուկ երևում է արքայադուստրը,
Հառաչում է ողջ աշխարհը,
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
Անշուշտ, գեղեցկությունը կարող է լինել ոչ միայն և ոչ այնքան
ֆիզիկական, այլև հոգեկան, ներքին, բարոյական: Եվ Փարվանա դստեր կերպարում միավորված
են գեղեցկության բոլոր այս ըմբռնումները:
Երկնային գեղեցկության տեր աղջիկը նաև խելացի է, որ ձգտում
է փոխադարձ ու արժանավոր սիրո: Նրա պատկերացմամբ՝ սիրո իրավունք չեն տալիս ո՛չ ֆիզիկական
ուժը (տմարդի մեկը կարող է ուժով հաղթել առաքինի մարդուն), ո՛չ աշխարհի գանձերը: Նրան
չեն բավարարում հոր պայմանները:
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին:
Բալլադում դրսևորվել են նաև մարդկային արժանիքների վերաբերյալ
հին ու նոր ըմբռնումները: Մարդկության զարգացման ավելի վաղ շրջանում կարևորվել են հատկապես
մարդու ֆիզիկական ուժը, նրա քաջությունը: Այդ միտքն արտահայտվում է Փարվանա արքայի
խոսքի մեջ, երբ նա աղջկա ուշադրությունը հրավիրում է «անհաղթներից անհաղթին», մինչդեռ
աղջիկը գերադասում է հոգևոր ու բարոյական արժանիքները, որոնք հատուկ են նոր ժամանակի
մտածողությանը. Փարվանա դստերը չեն բավարարում անգին գանձեր առաջարկող կտրիճների ցանկությունները,
որովհետև նա սիրո մեջ փոխադարձություն և հավերժություն է փնտրում.
- Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Փարվանա դուստրը անշեջ հյուր է ուզում, այսինքն՝ հավերժական,
չմարող սեր: Անշեջ հուրը գտնելու համար երիտասարդները ցրվում են աշխարհով մեկ, տարիներ
են անցնում, բայց չեն վերադառնում: Կյանքը և շրջապատը իրենց հետաքրքրությունը կորցնում
են աղջկա համար, նա մնում է իր սպասումների, իր տենչերի հետ միայնակ և, իր իդեալին
չհասնելու ցավից հուսահատ՝ լաց է լինում: Հավերժական սիրո անհնարինությունը իմաստազուրկ
ու սառն է դարձնում աշխարհը.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է այս կյանքն ու տըխուր…
Աղջկա արցունքները ծածկում են իրեն, ամրոցը, քաղաքը, գոյանում
է Փարվանա լիճը, որի վճիտ ջրերը ծփում են՝ ինչպես արտասուք: Փարվանա լիճն իր մեջ հավերժորեն
պահում է գեղեցիկ սիրո կարոտն ու խորհուրդը: Ավանդությունն ասում է, որ կրակի թիթեռները
Փարվանա կտրիճներն են, որոնք շտապելուց թև են առել ու դարձել թիթեռ:
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:
Հովհաննես Թումանյան | Փարվանա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 04, 2017
Rating:
