
Ահա մի ապացույց այն բանի, որ անբավարար, մինչև իսկ մանկական
հնարները կարող են փրկության միջոց ծառայել:
Սիրեններից փրկվելու համար Ոդիսևսը մեղրամոմով ծեփեց իր ականջները
և հրամայեց իրեն ամուր կապել կայմին: Նման բան, իհարկե, վաղուց ի վեր, կարող էին անել
բոլոր ճանապարհորդները, բացառությամբ նրանց, ովքեր արդեն հեռվից լսելով սիրենների երգը,
և նրանց, ինչպես հայտնի է, այլևս ոչինչ չէր կարող փրկել: Սիրենների երգը թափանցում
էր ամեն բանի միջով, և հրապուրվածների կիրքը խորտակում էր ավելին, քան կայմն է ու շղթաները:
Բայց Ոդիսևսն այդ մասին չէր մտածում, թեև հավանաբար լսել էր: Նա ամբողջ հույսը դրել
էր մի բուռ մեղրամոմի ու կապող շղթաների վրա և անմեղորեն ուրախացած իր մանկական հնարամտությամբ,
գնում էր սիրեններին ընդառաջ:
Բայց սիրեններն ունեն երգից շատ ավելի սարսափելի զենք: Դա նրանց լռությունն
է: Ու թեև չի պատահել, որ նրանք երբևէ լռեն, բայց կարելի է ենթադրել, որ եթե նրանց
երգից ինչ-որ մեկը փրկվել էր, ապա լռությունից ոչ ոք անկասկած չէր փրկվի: Սեփական ուժով
նրանց հաղթած լինելու զգացմանը և ապա դրանից բխող ու ամեն ինչ իրեն ենթարկող գոռոզությանը
չի կարող ընդդիմանալ երկրային և ոչ մի բան:
Եվ իրոք, երբ Ոդիսևսը մոտեցավ, հաղթական երգչուհիները չէին
երգում: Թվում էր, թե հավատում են, որ այս եկվորին կարող է միայն լռությունը հաղթել,
թվում էր, թե Ոդիսևսի դեմքի երանավետ արտահայտությունը, որը ոչնչի մասին չէր մտածում,
քան թե մեղրամոմի ու շղթաների, նրանց բոլորին մոռանալ էր տվել երգելը:
Իսկ Ոդիսևսը, ցույց տալու համար, որ դա այդպես է, չէր լսում
նրանց լռությունը, նա հավատում էր, որ նրանք երգում են և միայն ինքն է ապահովագրված
նրանց լսելուց: Սկզբում հայացքի ծայրով նկատեց նրանց վզերի տարուբերումը, խոր հառաչանքները,
արտասուքով լի աչքերը, կիսաբաց բերանները և այնպես կարծեց, թե դա հենց այն երգն է,
որ երգում են իր համար, բայց որի հնչյունները նա չի լսում: Բայց շուտով ամեն բան փախավ
հեռուններին ուղղված նրա հայացքից, սիրենները խույս տվեցին նրա հաստատակամությունից,
իսկ երբ լրիվ մոտեցավ, սիրեններից արդեն ոչինչ չէր մնացել:
Բայց նրանք՝ գեղեցիկ քան երբևէ, փռվել ու թավալվում էին գետնին,
իրենց ահարկու, արձակ մազերը տվել էին քամուն և իրենց մագիլները սեղմել ժայռերին: Նրանք
այլևս չէին ուզում կախարդել, այլ սոսկ հնարավորինս երկար նայել Ոդիսևսի մեծ աչքերի
փայլին:
Եթե սիրենները ունենային գիտակցություն, ապա իսկույն կոչնչանային: Բայց նրանք այդպես էլ մնացին, և միայն Ոդիսևսն է, որ կարողացել է անցնել
նրանց կողքով:
Ի դեպ այս ամենին կարելի է ավելացնել նաև այն, որ, ինչպես
ասում են, Ոդիսևսը այնքան խորամանկ ու այնքան աղվեսն էր, որ անգամ ճակատագրի աստվածուհին,
չկարողացավ թափանցել նրա սիրտը: Նա հավանաբար նկատել էր, և դա արդեն հասու չէ մարդկային
մտածողությանը, որ սիրեններն իրոք լռել են, և նրանց ու աստվածներին այդ կեղծ անցումը
ցուցադրել էր միայն որպես պաշտպանվելու մի հնարք:
Տես նաև Ֆրանց Կաֆկա Պատմվածքներ
Ֆրանց Կաֆկա | Սիրենների լռությունը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 06, 2017
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 06, 2017
Rating:
