
Հռոմեական կատակերգության առաջին
հեղինակը՝ ծագումով ստրուկ Տիտուս Մակկուսը, Պլավտուս (հարթաթաթ) մականունով (254
– 180 թթ.), եղել է ատելլանայում Մակկուսի դերակատարը: Հռոմեացի գիտնական Վարոնը առաջին
դարում նրան է վերագրում 21 կատակերգությունների հեղինակությունը: Պլավտուսը ստեղծել
է միայն պալլիատաներ, որոնք գրել է հունարեն և որոնց բնագրերը չեն պահպանվել, ավելացնելով
ակրոբատիկա, բուֆոնադ և ֆարս: Նա օգտագործել է կոնտամինացիա, բացառիկ հումոր և ժողովրդական
լեզու: Նրա սիրած կերպարն է ճարպիկ և խորամանկ ստրուկը: Կատակերգությունների նախերգանքները՝
արգումենտաները, գրված են աքրոստիքոսով:
«Սնապարծ զինվորը» (204 թ.)
կատակերգության գլխավոր հերոսը Պիրգոպոլինիկոսն է՝ ալ կարմիր զգեստով, փետուրներով,
փարթամ հոպոպներով, հսկայական սրով, միամիտ և սնապարծ: Նա մեծ հաճույքով լսում է պարասիտ
Արտոտրոգի հնարած պատմությունները «կատարած» սխրանքների, հատկապես կանանց գերելու մասին:
Պարասիտը և խորամանկ ստրուկը
որոշում են միացնել բաժանված սիրահարվածներին և, օգտվելով Պիրգոպոլինիկոսի միամտությունից
ու գոռոզությունից, նրա աջակցությամբ առևանգում են իր իսկ ստրկուհուն: Կատակերգությունը
լի է զգեստափոխություններով, ծեծկռտոցով, ուրախ ինտրիգներով: Հռոմեացի դերասանները
դիմակ չէին կրում, բնականաբար մեծ դեր ուներ դիմախաղը և դերասանական տեխնիկան:
Պիրգոպոլինիկոսի կերպարը օգտագործել
է Շեքսպիրը իր «Տասներկուերորդ գիշեր» կատակերգության մեջ, Ֆալստաֆի կերպարում:
«Կճուճը» կատակերգության մեջ
օջախի բարի աստված Լարը գիշերը ծեր Էվկլիոնին երազում հայտնում է, որ նրա օջախում ոսկով
կճուճ է թաքցրած: Նույն գիշերը Էվկլիոնը գտնում է կճուճը և դստերը՝ Ֆեդրային օժիտ տալու
փոխարեն որոշում է թաղել այգում: Հարևանի ստրուկը, նկատելով նրա գործերը, Էվկլիոնի
հեռանալուց հետո գողանում է կճուճը և հանձնում իր տիրոջը՝ Լիկոնիդին, որը մի տոնական
գիշեր բռնաբարել էր Ֆեդրային և, իմանալով, որ նա հղի է, որոշել էր ամուսնանալ հետը:
Իմանալով կճուճի տեղը՝ հարևանից
պահանջում է վերադարձնել այն: Լիկոնիդը, վաղուց սիրահարված լինելով Էվկլիոնի դստերը՝
Ֆեդրային, խնդրում է նրա ձեռքը: Պլավտուսի ստեղծած Էվկլիոնի կերպարը հիմք է ծառայել
Մոլիերի «Ժլատը» կատակերգության համար:
«Երկվորյակներ» կատակերգության
մեջ երիտասարդ Մենեքմոսը գալիս է մի քաղաք, որտեղ նրա վրա է հարձակվում իրեն անծանոթ
մի կին իր թիկնոցը գողանալու և սիրուհուն նվիրելու մեղադրանքով: Տեսնելով, որ Մենեքմոսը
չի ճանաչում իրեն, կինը օգնության է կանչում հորը, գանգատվելով, որ ամուսինը ծաղրում
է իրեն: Մենեքմոսը, սակայն, «աներոջն» էլ չի ճանաչում: Նրան հիվանդ համարելով՝ հայրը
բժիշկ է հրավիրում: Այդ ժամանակ հայտնվում է Մենեքմոսի երկվորյակը: Ստրուկ Մեսենիոսի
միջամտությամբ պարզվում է, որ երկվորյակներից մեկը կորել էր հոր հետ ճանապարհորդության
ժամանակ, հայրը վշտից մահացել էր, իսկ երեխային գտել և որդեգրել էր մի հարուստ վաճառական:
Մյուս եղբայրը մեծացել է հարազատ քաղաքում՝ Սիրակուզում, մի օր որոշել է գնալ եղբորը
փնտրելու, և հասնելով Էպիդամնոս գտել է նրան:
Պլավտուսի գրչին են պատկանում
նաև «Ամփիտրիոն», «Խաբեբա» և «Գերիներ» կատակերգությունները, որոնց սյուժեները փոխառված
են ատտիկական հեղինակներից:
Տես նաև Արիստոփանես Ամպեր և Լուկիանոս Կյանքը և գործը
Պլավտուս | Կյանքը և գործը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 11, 2017
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 11, 2017
Rating:
