![]() |
Զենոն |
Էլեացի Զենոնը (Ք. ա. VI -
V) Պարմենիդեսի աշակերտն է: Բախվելով ուսուցչի տեսության հակառակորդների հետ և պատասխանելով
նրանց առարկություններին՝ կառուցում է փաստարկման մի ողջ համակարգ, որի նպատակն էր
ցույց տալ, որ Պարմենիդեսի դրույթների անհեթեթությունը ապացուցողների դրույթներն ավելի
անհեթեթ են: Հենց Զենոնն է շրջանառության մեջ դնում դիալեկտիկական մեթոդը:
Այսպես, ենթադրվում է, որ մեկնակետից
շարժվող որևէ մարմին կարող է հասնել որևէ սահմանի: Բայց դա անհնար է: Նախքան նպատակին
հասնելն այդ մարմինը պիտի անցնի ճանապարհի կեսը, իսկ մինչ այդ կեսի կեսը և այդպես առ
անվերջ, որտեղ չկա զրո: Այս փաստարկը կոչվում է «Դիխոտոմիա»:
Հայտնի է նաև երկրորդ փաստարկը,
որը կոչվում է «Աքիլլես»: Արագավազ Աքիլլեսը երբեք չի հասնի դանդաղաշարժ կրիային, որովհետև,
ինչպես և նախորդ ապորիայի դեպքում, նախ ստիպված է անցնել ճանապարհի կեսը, կեսի կեսը
և այլն:
Երրորդ փաստարկը կոչվում է «Նետը»: Աղեղից բաց թողնված
նետը, հակառակ համընդհանուր կարծիքի, չի շարժվում, այլ գտնվում է դադարի վիճակում:
Չէ՞ որ թռիչքի յուրաքանչյուր պահի այն գտնվում է տարածական կետում, որն ինքը անշարժ
է:
Չորրորդ փաստարկը ցույց է տալիս,
որ արագությունը հասկացվում է որպես շարժման որակ, սակայն այն չունի օբյեկտիվություն:
Այն հարաբերական է, հետևաբար հարաբերական է նաև շարժումը:
Զենոնը փաստարկում է նաև բազմակիության
դեմ՝ պաշտպանելով մեկի տոտալությունը: Այսպես, բազմակիության գոյության համար անհրաժեշտ
են մեկերը: Բայց դա անհնար է, որովհետև բազմակիությունը չի ճանաչում սահման և հիմնվում
է անվերջ բաժանելիության վրա, և հետևաբար մեկերը, որոնք անհրաժեշտ են բազմության համար,
չեն հավաքվում:
Չլինելով սոսկ սոփեստական ճամարտակություն
և սրախոսություն՝ այս փաստարկները ամրապնդում են փորձի տվյալները վիճարկող լոգոսի դիրքերը:
Տես նաև Դեմոկրիտ, Պյութագորաս և Հերոկլիտոս
Զենոն «Ապորիաներ» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 14, 2015
Rating:
