
Արթյուր Ռեմբոյի (1854-1891)
սիմվոլիստական ժառանգության կարևորագույն երկը «Պայծառացումներ» ժողովածուն է: Թերևս
շարքի միայն երկու ստեղծագործություններ կարող են համարվել չափածո՝ «Մարինան» և «Շարժումը»:
Ժողովածուն չունի որոշակի թեմատիկ
բովանդակություն: Առանձին գործերը հաճախ հիշողության մեջ արթնացող պատկերների կամայական
կապակցումներ են կամ թմրադեղերի ազդեցությամբ առաջ եկած պատկերների դրվագներ, որոնք,
ինչպես ասում էր Վերլենը, կազմում են «մոգական բնանկարներ»:
Ժողովածուի վերնագիրն ունի
երկակի իմաստ, քանզի Les Illuminations-ը կարող են հասկացվել որպես գունավոր պատկերներ
և միաժամանակ որպես ուրիշ աշխարհից այցելած պայծառացումներ:
Կաթոլիկական ուղղության գրողներն
ու հետազոտողները փնտրում են «Պայծառացումներում» կրոնափիլիսոփայական իմաստ: Այսպես
Պոլ Կլոդելը կոչում է Ռեմբոյին «վայրենության հասած միստիկ»:
Ռեմբոն հրաժարվում է բառերի
անմիջական իմաստներից հօգուտ տեսողական զուգորդությունների, հնչյունային համադրությունների
և տրամաբանական անկապության: Մալարմեի և Վեռլենի հետ միասին նա փորձում է ազատել արվեստը
ինտելեկտուալ բովանդակությունից: Տրամաբանական կապի թուլացումը ստեղծագործության մեջ
պայմանավորված է նրանով, որ բանաստեղծը խուսափում է ավարտի հասցնել սկսած միտքը կամ
պատկերավոր գաղափարը: Հազիվ սկսած լինելով այն՝ նա անցնում է մյուսին, հետո հաջորդին:
Կառուցելով համեմատություն՝ նա կարող է նշել այն, ինչի հետ համեմատում է, բայց չնշել
այն, ինչը համեմատում է:
«Պայծառացումներում» առկա հավատը
պայծառատեսական պոեզիայի բացարձակ հնարավորությունների նկատմամբ համադրված է տրանսցենդենտալ
որոնումների անհիմնության համոզմունքին: «Ես լռության մագիստրոս եմ» արտահայտության
կողքին Ռեմբոն կարող է պատմել, թե ինչպես է ծանր խոհերին տրվելով երևակայում «մետաղյա
կամ քարե գնդեր»:
«Իմ իմաստնությունն անարգում
են որպես քաոս: Բայց ի՜նչ է իմ չգոյությունը ձեզ սպասող քարացման կողքին»:
«Թափառականները» արձակ բանաստեղծության
մեջ նա հաղորդում է, թե ինչպես է կոչ արել Վեռլենին վերադառնալ «արեգակի որդու նախնական
վիճակին»: Հավատալով, որ արվեստը չպիտի արտացոլի իրական աշխարհը՝ Ռեմբոն տեսնում է
բանաստեղծի խնդիրը «իր փորձերում կատարյալ և անկանխատեսելի էություններ ստեղծելու» մեջ:
«Պատանեկություն» բանաստեղծության մեջ նա հանգում է սոլիպսիզմի՝ համարելով, որ բանաստեղծի
մահվան դեպքում աշխարհը կկրի արմատական փոփոխություններ:
Հետևելով իր նպատակին Ռեմբոն
աստիճանաբար տարրալուծում է ռացիոնալը երաժշտականի մեջ՝ կանխարկելով մոդեռնիստական
մի շարք միտումներ:
Արթյուր Ռեմբո | Պայծառացումներ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 14, 2015
Rating:
