
Ձկնորսական նավի մոտ խայծով ցանց են նետում ջուրը և ճայերը
հավաքվում են իրենց բաժին ձուկը թռցնելու համար: Ճայերից մեկը, որի անունն է Ջոնաթան
Լիվինգստոն, վարժվում է թռիչքի մեջ բոլորովին միայնակ: Նա խախտում է խմբի բոլոր չգրված
օրենքները՝ թռչում է ցածր, կախվում է օդում: Փորձում է կատարելության հասցնել թռչելու
իր արվեստը:
Նա քամահրում է ճայերի հիմնական զբաղմունքը՝ կեր հայթայթելը:
Ծնողներն անհանգստացած են, որովհետև որդուց միայն փետուրներն են մնացել: Սկզբում զիջում
է ծնողների համոզումներին, սակայն հետո նորից վերադառնում է իր վարժանքներին: Փորձում
է կառավարել թռիչքը բարձր արագության վրա: Նրա մոտ ոչինչ չի ստացվում: Մի օր մեծ բարձրությունից
սուրալով ցած՝ նա ուժեղ բախվում է ջրին և կորցնում է գիտակցությունը: Հետագայում նա
հասկանում է, որ արագությունը կարելի է կառավարել սեղմելով թևերը: Վարժանքները շարունակվում
են:
Ճայերի ժողովը որոշում է աքսորել Ջոնաթանին Հեռավոր Ժայռեր,
որովհետև նա արհամարհում է իրենց օրենքներն ու սովորույթները:
Իր կյանքի մնացած մասը Ջոնաթանը անցկացնում է Հեռավոր Ժայռերում,
շարունակում է կատարելագործել իր թռիչքը և չի կարոտում ճայերի խմբին:
Ջոնաթանը ծերանում է: Մի օր նկատում է, որ կողքից թռչում
են երկու ճայեր, որոնք սավառնելու վարպետությամբ չեն զիջում իրեն: Նրանք ասում են,
որ իր խմբից են և կանչում են ետ: Սակայն Ջոնաթանը բարձրանում է վեր դեպի երկինքը, անցնում
է ամպերից այն կողմ: Հայտնվում է ուրիշ աշխարհում և որոշում է, որ դա Դրախտն է: Այստեղ
սկսում է մոռանալ իր նախորդ կյանքի մասին:
Այստեղ էլ կա ճայերի խումբ: Նրանք բոլորը կատարելագործում
են իրենց թռիչքը: Նրանք ձգտում են կատարելության: Նրանց ուսուցիչը՝ Սալլիվանը, ասում
է, որ Ջոնաթանի պես ճայերը բացառություն են: Սովորաբար ճայերը այլաշխարհ են տեղափոխվում
բոլորովին չփոխված, ահա ինչու ամեն հաջորդ աշխարհ քիչ է տարբերվում նախորդից: Ջոնաթանի
նման դառնալու համար մյուս ճայերը պիտի ապրեն տասնյակ հազարավոր կյանքեր: Ճայերի ավագը
բացատրում է Ջոնաթանին, որ իրենց աշխարհը դրախտ չէ, այլ կատարելության ձեռքբերումն
ինքը: Ջոնաթանը կհասնի կատարելության, երբ սովորի թռչել մտքի արագությամբ: Ավագն արդեն
կարողանում է այդպես թռչել և Ջոնաթանը խնդրում է սովորեցնել իրեն:
Որոշ ժամանակ անց Ջոնաթանը հասկանում է, որ ստեղծված է կատարյալ
և որ իր կարողություններն անսահման են: Նա տեղափոխվում է երկու արեգակ ունեցող մոլորակը:
Հիմա նա սովորում է տեղափոխվել ժամանակի մեջ: Ավագի փետուրներն այդ ընթացքում դառնում
են արծաթագույն և նա անհետանում է՝ հասցնելով պատգամել Ջոնաթանին փորձել հասկանալ,
թե ինչ է սերը:
Ջոնաթանը մտածում է իր խմբի մասին, որ այդ խմբում կարող էր
հայտնվել ճայ, որը կուզեր իր պես պոկվել այդ աշխարհից: Ջոնաթանն ուզում է երկիր վերադառնալ:
Մի օր նա վերադառնում է և գտնում է Ֆլեթչեր անունով ճային, որին դատապարտել են աքսորի:
Սա դառնում է Ջոնաթանի առաջին աշակերտը:
Ֆլեթչեր Լինդը իդեալական աշակերտ է: Երեք ամիս հետո Ջոնաթանն
ունի ևս 6 աշակերտ: Նրանց միավորում է «թռիչք հանուն թռիչքի» տարօրինակ գաղափարը: Երեկոյան
Ջոնաթանը փորձում է սովորեցնել նրանց ազատության գաղափարը, սակայն հոգնած աշակերտները
քուն են մտնում: Ժամանակ անց աշակերտները սկսում են ավելի ուշադիր լսել ուսուցչին:
Մեկ ամիս անց խմբի երիտասարդ ճայերը սկսում են անցնել Ջոնաթանի կողմը: Քըրք Մեյնարդ
անունով երիտասարդ ճայի թևը կոտրված է, բայց նա ուզում է թռչել և խնդրում է Ջոնաթանին
օգնել իրեն: Ջոնաթանն ասում է, որ Քըրքը ազատ է և ոչինչ չի կարող խանգարել նրան: Քըրքը
բացում է թևերը և երկինք սլանում: Աշակերտները սկսում են ուսուցչին աստված համարել:
Մեկ շաբաթ անց դժբախտություն է պատահում: Ֆլեթչերը մեծ
արագության վրա բախվում է ժայռին: Արդեն մյուս աշխարհում նրան է հասնում Ջոնաթանը և
առաջարկում է ընտրել՝ կա´մ երկիր վերադառնալ, կա´մ մնալ այդ մակարդակի վրա: Ֆլեթչերը
վերադառնում է: Տեսնելով նրան՝ խումբը որոշում է, որ Ջոնաթանը կա´մ սատանա է, կա´մ
էլ Մեծ Ճայի Որդին է:
Շուտով Ջոնաթանը որոշում է, որ նա այլևս պետք չէ խմբին: Նա
խրատում է Ֆլեթչերին, որպեսզի սա շարունակի ճանաչել ինքն իրեն և օր օրի ավելի ու ավելի
մոտենա իսկական Ֆլեթչերին: Հետո Ջոնաթանի մարմինը սկսում է հալչել, իսկ Ֆլեթչերը սկսում
է սովորեցնել սկսնակներին:
Ռիչարդ Բախ | Լիվինգսթոն անունով ճայը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 10, 2015
Rating:
