
Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Պրն Սերժ Սարգսյան,
Դուք քաջ տեղյակ եք, որ ողջ հայությունն այս
օրերին հետևում է երկրում ծավալվող խաղաղ ցույցերին:
Ես Ձեզ եմ ուղղում իմ նամակը, քանի որ մեր ազգի
համար այս բեկումնային պահին Դուք եք ուշադրության կենտրոնում:
Որպես քաղաքացի` Դուք Ձեր իմացության սահմաններում
ծառայել եք մեր հայրենակիցներին և հաճախ հանդես եկել որպես Սփյուռքում հայ ազգի պաշտոնական
ներկայացուցիչը:
Ցանկացած մարդու պես` Ձեր` Հանրապետության նախագահի
դերում իրականացրած գործունեությունը խոչընդոտներով լի է եղել:
Դուք պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում
առնչվել եք անկախությունից ի վեր մեր հանրությունը ջլատող խնդիրների հետ: Միգուցե արել
եք Ձեր առավելագույնը, սակայն հանրային կարծիքն այլ բան է փաստում:
Կոռուպցիան, օրենքի գերակայության բացակայությունը,
ոստիկանական բռնությունները, արդադատության ուղղակի սահմանափակումը, կաշառքն ու ընտրական
խախտումները, աղքատությունը, արտագաղթը, մարդու և քաղաքացիական իրավունքի ոտնահարումը
(կանանց հանդեպ բռնություն, խտրականություն ԼԳԲՏՔ համայնքի հանդեպ), խոսքի ազատության
բացակայությունը Ձեր կառավարման տարիների ամենօրյա աշխատանքի արդյունքն են:
Իհարկե Դուք առերեսվել եք նաև Արցախյան պատերազմի
սարսափելի իրականության հետ: Իհարկե մենք հասկանում ենք, թե ինչպիսի զգուշավորություն
է անհրաժեշտ չսայթաքելու համար, երբ շրջապատված եք միջազգային շահը հետապնդող ուժերով,
որոնց հոգը չեն Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը:
Բայց Դուք հաճախ մոլորեցրել եք մեզ բոլորիս`
շահարկելով արտաքին սպառնալիքը շատ ավելի վտանգավոր` վերոնշյալ ներքին խնդիրների պարագայում:
Ես` իմ բազմաթիվ հայրենակիցների պես, վստահաբար
հավատում եմ, որ մեր սիրելի հայրենիքին այսօր վնասողն այս աշխարհաքաղաքական դրությունը
չէ: Հայաստանը տեղի չի տա և չի պայթի արտաքին թշնամական ուժերի պատճառով, եթե Դուք
այլևս ղեկավար մարմնում չլինեք:
Սակայն Հայաստանը կանգնած է ներքին պայթյունի
վտանգի առաջ, որովհետև Դուք և Հանրապետական կուսակցության Ձեր գործընկերները շարունակում
եք անտեսել քաղաքացիների ժողովրդավարության պահանջն ու այն հավատը, որ դա է գոյատևման
մեր միակ հույսն ու ռազմավարությունը:
Ես և Դուք տարիներ առաջ կարճ զրույց ենք ունեցել:
Միգուցե քաղաքական ճնշման տակ Դուք այդ ժամանակ նշեցիք, որ հայ ժողովուրդը ոչխարի հոտի
պես է: Ես, Ձեր փոխաբերությունից վրդովված, պատասխանեցի, որ եթե նույնիսկ այդպես է,
ապա նրանք վստահաբար լավ Հովվի կարիք ունեն:
Այդ օրերից ի վեր Հայաստանում տեղի ունեցած ցնցումներն
ու Սփյուռքի համայնքներում Ձեր կառավարման ոճի հանդեպ բողոքի դրսևորումները ապացուցել
են, որ մենք ոչխարի հոտ չենք: Մենք ուժեղ, արդար և օրինական առաջնորդություն վարող
լավ Հովիվ փնտրող ազգ ենք:
Այսօր, մինչ ես գրում եմ Ձեզ, մեր ծեր և երիտասարդ,
մասնագետ և ուսանող հայրենակիցներն արտահայտում են նախագահության տարիներին Ձեր վարած
գործունեության և մեր սոցիալական, տնտեսական և քաղաքական հարցերում Ձեր կողմից անձնական
շահը գերադասելու վերաբերյալ իրենց զայրույթն ու բողոքը` ձեռնարկելով հստակ քայլեր,
այն է` կամ հուսահատությունից լքելով երկիրը, կամ, ինչպես վերջին օրերին, հերթական
անգամ դուրս գալով փողոց և խաղաղ միջոցներով, բայց վճռականորեն պահանջելով իշխանության
արդար փոփոխություն:
Նրանց հիմնական պահանջը, ինչպես ես եմ լսում,
այն է, որ Դուք թույլ տաք երկիրը կանգնեցնել մի նոր ուղու վրա, որը պետական կառույցների
համար պատշաճ ժողովրդավարական հնարավորություններ կընձեռնի:
Պարոն Սերժ Սագսյան, Հայաստանի ներքին քաղաքականությունը
չի կարող մեկնաբանվել և հասկացվել բացառապես Ձեր անձնական բացարձակ պայմաններով, չափորոշիչներով
և մարտավարությամբ:
Դուք երդվել եք ծառայել մեր հայրենիքին սիրով,
հույսով և ուղիղ հաղորդակցությամբ այն քաղաքացիների հետ, ում ներկայության շնորհիվ
մենաք այս հողատարածքը Հայաստան ենք կոչում:
Բայց այսօր իշխելու Ձեր համառ ցանկությամբ Դուք
ևս մեկ անգամ ուժով պարտադրում եք Ձեր ներկայությունը ղեկավար մարմնում, այս անգամ`
վարչապետի դերում:
Ես հորդորում եմ Ձեզ և Հանրապետական կուսակցությանը
գոնե այս անգամ վերջապես թույլ տալ, որ բազմազանության ձայնը ստանձնի փոփոխությունների
ղեկը և երկիրը տանի դեպի նոր հաստատված այնպիսի Խորհրդարնական համակարգ, որն իսկապես
կներկայացնի ժողովրդի յուրաքանչյուր անդամին:
Հակառակ դեպքում բոլոր մեր հայրենակիցների անունից
ես կընդգծեմ, որ Ձեր անունը մեր ազգի, մեր երկրի և աշխարհի պատմության մեջ կմնա ոչ
թե որպես կարող առաջնորդի, այլ որպես իշխանություն տենչացող բռնապետի անուն:
Մենք Ռուսաստան չենք: Ոչ էլ Թուրքիա: Ոչ Ադրբեջան,
ոչ... ցավոք, այս ցանկը երկար է:
Մենք փոքր, բայց հպարտ ազգ ենք, որը գոյատևել
է` ի հեճուկս բոլոր խոչընդոտների, որոնք երբևէ բուֆերային գոտի չեն թողել, որպեսզի
մենաք հեշտությամբ ուղղեինք մեր մեջքն ու վերականգնեինք մեր ուժերը: Բայց մենք կարող
ենք!
Ապրիլի 17-ին` մեր ազգի մեծագույն ողբերգության`
1915-ի ապրիլի 24-ի հիշատակումից օրեր առաջ Դուք կարող եք պատմական կարևոր քայլ կատարել`
լսելով Երևանի փողոցներ դուրս եկած բոլոր այդ մարդկանց, հարգելով Ձեր արդար ընդդիմադիր
գործընկերներին և սատարելով Սփյուռքին, որն անշեղորեն հավատում է, որ մեր հայրենիքն
ի վերջո կգտնի իր բարօրությունը:
Խնդրում եմ, ուժ մի կիրառեք: Խնդրում եմ, թույլ
մի տվեք, որ որևէ մեկի մատը կամ ձեռքը վնասվի ոստիկանական բռնությունների արդյունքում:
Խնդրում եմ, եղեք այն համեստ և վստահ Հովվի ձայնը, ով առանց վախի, անկախ հնարավոր ռիսկերից
կարող է թույլ տալ իրեն և իր ժողովրդին ոտք դնել Հայաստանի համար խոստումնալից ապագայի
այս անցումային ուղու վրա: Մենք կարող ենք ձևակերպել մեր ազգային շահն ու միասնական
անկոտրում ուժ դառնալ արտաքին սպառնալիքների դեմ, որի հետ հարկ կլինի հաշվի նստել:
Պարոն Սերժ Սարգսյան, համեստությունը, նույնիսկ
քաղաքականության մեջ, թուլություն չէ: Դա մարդկային ուժ ու որակ է, որն ընտրության
հնարավորություն է ստեղծում, և Ձեր երկիրը, իմ ժողովուրդը հենց դա է ակնկալում Ձեզնից:
Արսինե Խանջյան | Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 17, 2018
Rating:
