
1859 թ. մայիսին Նիկոլայ Պետրովիչ
Կիրսանովը՝ քառասունամյա կալվածատերը, իջևանատան բակում սպասում է որդուն Արկադիին,
որն ավարտել է համալսարանը և վերադառնում է տուն: Նիկոլայ Պետրովիչը գեներալի որդի
է, սակայն նրա զիվորական կարիերան չի կայացել. երիտասարդ ժամանակ կոտրել է ոտքը և կաղ
է մնացել: Կինը 1947 թ. մահացել է: Վերջին տարիներին փորձում է վերափոխություններ իրագործել
իր կալվածքում:
Արկադին գալիս է ընկերոջ հետ:
Սա երիտասարդ բժիշկ է՝ տգեղ, ինքնավստահ: Ներկայանում է Եվգենի Վասիլիևիչ Բազարով:
Հոր և որդու զրույցները սկզբում չեն ստացվում: Նիկոլայ Պետրովիչին անհանգստացնում է
Ֆենեչկան, որի հետ ապրում է և որից արդեն երեխա ունի: Արկադին փորձում է շտկել անհարթությունը:
Տանը նրանց է սպասում Պավել Պետրովիչը՝ Արկադիի հորեղբայրը: Վերջինիս և Բազարովի
միջև իսկույն ծագում է հակակրանք: Իսկ ահա կալվածքի տղաներն ու մուժիկները շատ արագ
համակրանքով են լցվում Բազարովի նկատմամբ, թեպետ նա չի ձգտում շահել այդպիսի վերաբերմունք:
Հաջորդ օրը Պավել Պետրովիչի
և Բազարովի միջև ծագում է վեճ: Բազարովը չի ուզում վիճել, սակայն պատասխանում է ավագ
Կիրսանովի մի քանի հարցերին: Մարդիկ այս կամ այն նպատակին են ձգտում, որովհետև ունեն
զգայություններ կամ ուզում են օգուտ ստանալ: Քիմիան ավելի օգտակար է արվեստից, իսկ
գիտության մեջ կարևոր է արդյունքը: Առանձին անհատի հոգեբանությունը ուսումնասիրել չարժե.
մեկը բավական է բոլորի մասին դատողություն անելու համար: Իր մասին բարձր կարծիքի է,
իսկ իր սերնդի գործը տեսնում է «տեղը մաքրելու» մեջ: Պավել Պետրովիչին Բազարովի և Արկադիի
դավանած «նիհիլիզմը» թվում է դատարկ ու անհիմն:
Արկադին Բազարովին պատմում
է, որ Պավել Պետրովիչը նախկինում եղել է փայլուն սպա և որ նրա սրտում տխուր հետք է
թողել սերը ոմն կոմսուհու նկատմամբ: Նիկոլայ Պետրովիչը եղբոր պես համաձայն չէ Բազարովի
հետ, սակայն նա ավելացնում է, որ ինքը և եղբայրը հետ են մնացել կյանքից:
Արկադին և Բազարովը լինում
են քաղաքում, որտեղ նախ այցելում են երիտասարդ «առաջադեմներ» Սիտնիկովին և այրի Կուկշինային:
Սրանք իրենց առաջադեմության մեջ ավելի մեծ «նիհիլիստներ» են, քան Բազարովը: Արկադին
ծանոթացնում է Բազարովին երիտասարդ ու գեղեցիկ այրի Օդինցովայի հետ, որն իսկույն հետաքրքրում
է Բազարովին: Արկադիին թվում է, թե ինքը սիրահարված է Օդինցովային: Իսկ Բազարովի և
Օդինցովայի միջև իսկական զգացմունք է ծագում:
Օդինցովայի տանը հյուրերը ծանոթանում
են նրա քրոջ՝ Կատյայի հետ:
Բազարովը իրեն լավ չի զգում:
Նա արհամարհում է ամեն տեսակ ռոմանտիզմը, իսկ հիմա հայտնաբերում է ռոմանտիկական անհատին
իր մեջ: Նա բացատրվում է Աննա Սերգեևնա Օդինցովայի հետ: Չցանկանալով դառնալ իր
կրքի գերին՝ Բազարովը մեկնում է հոր՝ նախկին զիվորական բժիշկի մոտ: Սակայն այստեղ էլ
ձանձրանում է և մի քանի օրից վերադառնում է Կիրսանովների մոտ: Շոգից ու ձանձրույթից
ուշադրություն է դարձնում երիտասարդ Ֆենեչկային և համբուրում է նրան, ինչի ակամա ականատեսն
է դառնում Պավել Պետրովիչը: Մենամարտի է հրավիրում Բազարովին: Թեպետ տեսականորեն մենամարտը
«անհեթեթություն է», Բազարովը համաձայնում է մենամարտել: Բազարովը թեթև վիրավորում
է Պավել Պետրովիչին և ինքն էլ ցուցաբերում է առաջին օգնությունը:
Մենամարտից հետո Պավել Պետրովիչը
սկսում է համոզել եղբորը ամուսնանալ Ֆենեչկայի հետ:
Այդ ընթացքում Արկադիի և Կատյայի
հարաբերությունները խորանում են: Նա նկատում է, որ Բազարովը օտար է իրենց: «Նա գիշատիչ
է, իսկ մենք՝ ձեռնասուն»:
Օդինցովայի փոխադարձությունը
շահելու հույսը կորցրած Բազարովը թողնում է բոլորին: Արկադիին ասում է, որ նա «շատ
փափուկ է»: Բազարովը հեռանում է ծնողների մոտ: Ընդհատում է գիտական պարապմունքները:
Ձանձրանում է: Փորձում է խոսել մուժիկների հետ: Բայց սրանք «դատարկ են»:
Տիֆով հիվանդի դիակը հերձելիս
վնասում է մատը և ստանում արյան վարակում: Մի քանի օր հետո հայտնում է հորը, որ իր օրերը
հաշված են: Մահից առաջ խնդրում է Օդինցովային այցելել իրեն: Ցավով ասում է, որ նախկին
հսկան չկա և որ իրեն մնում է միայն պատշաճ ձևով մեռնել: Ինքը պետք չէ Ռուսաստանին…
Կոշկակարը և մսագործը պետք են…
Երբ նրան հաղորդություն են
տալիս, նրա դեմքի վրա սարսափ է երևում:
Վեց ամիս անց գյուղի եկեղեցում
ամուսնանում են Արկադի Նիկոլաևիչը Կատյայի և Նիկոլայ Պետրովիչը Ֆենեչկայի հետ: Բոլորին,
սակայն, թվում է, թե նրանք կատակերգություն են բեմադրել:
Տարիներ հետո Արկադին դառնում
է լավ կալվածատեր և իրենց կալվածքը սկսում է ծաղկել: Պավել Պետրովիչը ապրում է Դրեզդենում
և չնայած որ շարունակում է պահել իրեն որպես ջենթլմեն, նրա կյանքը ծանր է:
Բազարովի գերեզմանն այցելում
են նրա ծեր ծնողները և աղոթում են նրա հոգու հանգստության համար: Ծաղիկները, որ դնում
են հողաթմբի վրա «խոսում են ոչ միայն անտարբեր բնության, այլև հաշտության և անվերջության
մասին»:
Տես նաև Տուրգենև Մումու, Գոնչարով Օբլոմով և Գոգոլ Մեռած հոգիներ
Իվան Տուրգենև | Հայրեր և որդիներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 05, 2015
Rating:
