
Ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ և քանդակագործ Ժորժ Բրաքը պատկանում
է 20-րդ դարի ամենից երևելի արվեստագետների շարքին, այն եզակի ստեղծագործողների թվին,
որոնք իրենց դարակազմիկ գործունեությամբ նոր լիցք են հաղորդում համամարդկային քաղաքակրթությանը,
ընդլայնում և խորացնում մարդու տեսողությունը հարստացնում հոգևոր մշակույթը, որն այլևս
անպատկերացնելի է առանց այդ մեծերի կենդանի ժառանգության:
Ժորժ Բրաքը ծնվել է 1882 թվականին Արժանտյոյ-սյուր-Սենում
նկարիչ-դեկորատորի ընտանիքում: Մասնագիտական կրթությունը ստացել է նախ Հավրում, ապա
Փարիզում, ուր ուսումնասիրել է իմպրեսիոնիստների, պոստիմպրեսիոնիստների, մասնավորապես
Պոլ Սեզանի, արվեստը, եգիպտական և հունական պլաստիկան:
Առաջին նշանակալից քայլերը գեղանկարչության մեջ արել է ֆովիզմի
մեջ, կրելով նախ Անրի Մատիսի ազդեցությունը, ապա 1907-ին ազդվելով Սեզանի հետմահու
հետահայաց ցուցահանդեսից և Պաբլո Պիկասսոյի «Ավինյոնի աղջիկներից»: Հետագայում սերտ
համագործակցել է Պիկասսոյի հետ:
Կուբիզմը և կոնստրուկտիվիզմը սկիզբ է առնում Սեզանի արվեստից,
նոր արվեստի այդ ռահվիրայի կառուցողական կառուցվածքային սկզբունքներից, նախ և առաջ
«բնությունը մեկնեք ըստ կոնի, գնդի և գլանի» հիմնարար բանաձևից:
Կուբիզմի առաջին փուլում, որ սկսվում է 1912 թ., Բրաքը (ինչպես
և Պիկասսոն) դիմում է կոլլաժի և ապլիկացիայի տեխնիկային և ասես կրկին մուծում գեղանկարչության
մեջ գույնը, հետազոտելով գույնի, ձևի, ծավալի, միջառարկայական ներտարածության նուրբ
փոխհարաբերությունները, և դիմում հակառակ պրոցեսին՝ օբյեկտներ սինթեզելով զանազան տարրերից:
1914-ին Բրաքը զորակոչվում և մեկնում է ռազմաճակատ, 1915
թ. մայիս 11-ին ծանր վիրավորվում է գլխից և ենթարկվում վիրահատության: Միայն 1917-ին
նա կարողանում է վերադառնալ գեղանկարչության, ասես վերսկսելով այն տեղից, ուր ընդհատվել
էր արվեստագետի ուղին: Ստեղծում է բազմաթիվ կտավներ, նկարաշահեր («Բուխարիներ», «Սեղաններ»,
«Կանեֆորներ»)՝ սահմանափակ թեմատիկ և սյուժետային շրջանակներում փոփոխակելով միևնույն
մոտիվը և ստեղծելով գծերի, ծավալների, ձևի և գույնի նորանոր հարաբերություններ:
1920-ականներին կուբիզմի տարրերն աստիճանաբար անհետանում են Բրաքի երկերից:
Հասարակական լայն ճանաչման արվեստն արժանանում է 1922 թ.
ցուցահանդեսից հետո: Բրաքին դիտում են ֆրանսիական արվեստի խոշոր դեմք, դասական ավանդույթների
և արժեքների պահապան: Նկարիչների շրջանում նա մեծ հեղինակություն է վայելում, նրան
երբեմն կոչում են «նկարիչ նկարիչների համար»:
1930-1940-ականներին նկարում է նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ
ինտերյերներում՝ երբեմն երաժիշտներով, բնորդներով, նկարիչներով, երբեմն առանց մարդկային
ֆիգուրների: 1949-1956 թթ. ստեղծում է «Արվեստանոց» նկարաշարը, իրագործում Լուվրի առաստաղների
նկարազարդումը: Այդ տարիների առավել հաճախ կրկնվող մոտիվներից է խորհրդավոր մեծ սև
թռչունը կապույտ երկնքի ֆոնին: Իր երկար ստեղծագործական կյանքի ընթացքում Բրաքը հեղինակել
է նաև բազմաթիվ գծանկարներ և քանդակներ:
Ժորժ Բրաքը մահացել է Փարիզում 1963 թ. օոգոստոսի 31-ին:
Ժորժ Բրաք
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 22, 2017
Rating:
