
Ջոն Քիթսը ներկայացնում
է անգլիական ռոմանտիզմի կրտսեր սերունդը: Ամենանշանավոր բանաստեղծություններն են՝ «Սոխակի
ներբողը», «Հունական վազի ներբողը», «Մելամաղձոտության ներբողը», «Անգործության ներբողը»
և «Աշնան ներբողը»:
«Էնդիմիոն» պոեմում Քիթսը մշակում է հովվին սիրահարված լուսնի
դիցուհու մասին միֆը: Ֆաբուլայի խճճվածությունը և դրվագների բարդ դասավորվածությունը
դժվարեցնում են պոեմի ընթերցումը, սակայն առանձին քնարական հատվածները անգլիական պոեզիայի
լավագույն էջերից են: Այդ իմաստով հրաշալի է Պան աստծուն նվիրված հիմնը (երգ երկրորդ),
որը համակված է պանթեիզմով և հնդիկ աղջկա երգը (երգ չորրորդ), որը տխրության ներբողումից
անցնում է Բաքոսի փառաբանմանը: Էնդիմիոնի տարվածությունը անհաս դիցուհու կերպարով,
համայն երկրայինի օտարությունը, ժամանակավոր կապը երկրային գեղեցկուհու հետ և վերջնական
միավորումը անմահ սիրելիի հետ, Քիթսի համար խորհրդանշում են մարդկային հոգու վայրիվերումները,
նրա ձգտումը դեպի բացարձակ ու հավերժական գեղեցիկը:
«Հիպերիոնը» անավարտ պոեմ է, որը պատմում է տիտանների նկատմամբ
հունական օլիմպիական աստվածների տարած հաղթանակի մասին: Այստեղ հիմնական գիծը ողբերգականությունն
է: Պարտված տիտանների, հատկապես՝ աննկուն Թեայի կրակոտ աղերսները, որը մարմնավորում
է մահացող տիտանների մեծությունը, հիշեցնում է Ջոն Միլթոնի «Դրախտ կորուսյալի» ամենաոգեշունչ
դրվագները: «Հունական վազի ներբողում» Քիթսը երգում է գեղեցիկի հավերժությունը, ինչպես
որ այն երևում է արվեստագետի աչքին: Բոլոր իր գործերում բանաստեղծը շեշտում է անտիկական
արվեստի հարազատությունը իր տարերքին: «Գեղեցիկը ճշմարիտն է, ճշմարիտը գեղեցիկն է,
-ահա այն ամենը, ինչ պիտի իմանա մարդը»: Քիթսի բոլոր ներբողներն ունեն սպիրիտուալիստական
բնույթ: Դա հատկապես զգալի է «Սուրբ Ագնեսի նախօրյակը» և «Իզաբել» բալլադներում: Այստեղ
նա զարգացնում է ժողովրդական հավատալիքների մոտիվները:
Հունական տարրի կողքին Քիթսի պոեզիայում կենդանի է նաև միստիկական
տարրը: Բնության գեղեցիկի մեջ նա տեսնում է առավել բարձր իրականության գեղեցիկի նշանները:
Եթե Ջորջ Բայրոնը անգլիական պոեզիայում մարմնավորում է դեմոնիզմի
գիծը, իսկ Շելլին՝ պանթեիզմը, ապա Քիթսը ստեղծում է այն ուղղությունը, որը նորովի է
արժևորում մարդու ներաշխարհը:
Քիթսի մահից 30 տարի անց նրա հետևորդներն են դառնում նախառաֆայելականները՝
Դանտե Ռոսետտին, Մորիսը և ուրիշներ, որոնց գործունեությունը նպաստեց անգլիական պոեզիայի
և արվեստի վերածննդին:
Ջոն Քիթս | Պոեզիայի ուրվագիծ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 11, 2015
Rating:
