
Միասին Գերմանիա
կատարելիք ուղևորության ծախսերը հոգալու համար բանաստեղծներ Ուիլյամ Վորդսվորդը և Սեմյուել
Քոլրիջը, որոնք ապրում էին Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում, որոշում են պատրաստել
և անանուն հրատարակել բանաստեղծությունների ժողովածու, որը կարտահայտեր գրականության
հանդեպ նրանց հայացքները: Վերնագիրը պայմանավորված է նրանով, որ Վորդսվորդը պիտի գրեր
«քնարերգությունը», իսկ Քոլրիջը՝ բալլադները: Տարբեր պատճառներով Քոլրիջը չի հասցրել
ավարտի հասցնել «Կուբլա Խան» և «Քրիստաբել» բալլադները: Ժողովածուում գերակշռում են
Վորդվորդի գործերը:
Ժողովածուն ամփոփում է հենց հրապարակումից առաջ Վորդսվորդի
տարերայնորեն ստեղծած «Թինթերյան աբբայություն» էլեգիան, որը ժամանակի ընթացքում դառնում
է քրեստոմատիական: Այն մուտք է գործում անգլիական գրականության պատմություն որպես բնության
զգայուն ընկալման պատկերի օրինակ, որի մեջ բնանկարը և հույզերը կապված են անքակտելի
միասնությամբ:
Երկրորդ հրատարակության մեջ ժողովածուին ավելանում են խորհրդավոր
Լյուսիի մասին Գերմանիայում Վորդսվորդի գրած բանաստեղծությունները:
Վորդսվորդը համարվում է բնանկարի վարպետ: Ամեն բան, որ ներկայացնում
է բանաստեղծը, ներկայանում է բնանկարի ֆոնի վրա: Ժամանակը, հոգեկան հույզերը, անգամ
մարդկային այնպիսի արատ, ինչպիսին է խլությունը, Վորսվորդը մեկնաբանում է բնանկարի
լեզվով:
Լինելով քաղաքային մշակույթի հակառակորդ, Վորսվորդը բարձր
չի գնահատել գիտությունը և դրա նվաճումները: Երեխան ավելի է ունակ ճանաչելու աշխարհը,
քան գիտնականը, քանի որ նա ընկալունակ է բնության հանդեպ: «Բավական է, որ երեխան ականջ
դնի ծովախեցուն, և նա իսկույն լսում է ծովի աղմուկը»:
«Քնարական բալլադների» համար Վորդսվորդի գրած նախաբանը դառնում
է անգլիական ռոմանտիզմի մանիֆեստը:
1.Պոեզիայի առարկա պիտի դառնա գյուղական կյանքը, քանի որ
պարզ և հասարակ կյանքի մեջ առավել չափով են դրսևորվում մարդկային կրքերը, որոնք միահյուսվում
են բնության հետ:
2.Հարկ է նկարագրել ոչ միայն մեծ իրադարձությունները, այլև
ամենօրյա կենցաղը և հասարակ ժողովրդին:
3. Հարկ է դիմել մարդու ներաշխարհին, հոգու հակասություններին:
4. Հարկ է հիմք ընդունել Շեքսպիրին (նրա երկերի հակումը դեպի
ժողովրդականն ու ավանդականը):
5. Կապիտալիստական-արդյունաբերական առաջընթացի կատարյալ մերժում:
6. Գյուղացիական աշխատանքի փառաբանում:
7. Խոսակցական և ժողովրդական լեզվի տարրերի առատ կիրառություն:
Ուիլյամ Վորդսվորդ | Քնարական բալլադներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 10, 2015
Rating:
