
Պատմությունը շարադրվում է փիլիսոփայության դոկտոր Սերենուս
Ցայտբլոմի անունից: Ծնվելով 1883 թ., նա ավարտում է Կայզերսաշերն քաղաքի գիմնազիան,
հետո համալսարանը, դառնում է դասական լեզուների ուսուցիչ և ամուսնանում է: Ադրիան Լևերկյունը
երկու տարով կրտսեր է նրանից: Մանկությունը անցել է իր ծնողների կալվածքում, Կայզերսաշերնից
ոչ շատ հեռու: Երկու զավակ ունեցող ընտանիքի կենսակերպը մարմնավորում է հավատարմության
ավանդույթը: Ադրիանի մեջ վաղ է ծնվում հետաքրքրությունը գիտությունների նկատմամբ:
Նրան ուղարկում են գիմնազիա: Քաղաքում նա ապրում է հորեղբոր մոտ, որն ունի երաժշտական
գործիքների խանութ: Չնայած ուսման մեջ փայլուն հաջողություններին, տղան առանձնանում
է գաղտնապահությամբ և սիրում է մենությունը: 14 տարեկանում առաջին անգամ հետաքրքրություն
է ցուցաբերում երաժշտության նկատմամբ: Վենդել Կրեչմարի մոտ դասեր է առնում: Ավարտելով
գիմնազիան՝ Ադրիան Լևերկյունը ուսումնասիրում է աստվածաբանություն Հալլեի համալսարանում,
ուր տեղափոխվում է նաև Ցայտբլոմը: Կրոնի հոգեբանության դասախոսը՝ Շլեպֆուսը, ներկայացնում
է ուսանողներին մարդու կյանքում մոգության և դեմոնիզմի իրական ներկայության տեսությունը:
Հետևելով Ադրիանին՝ նա համոզվում է տղայի յուրահատուկ օժտվածության մեջ: Լևերկյունը
կապ է պահում Շլեպֆուսի հետ նաև այն ժամանակ, երբ սա տեղափոխվում է Լայպցիգի կոնսերվատորիա:
Ինքն էլ տեղափոխվում է Լայպցիգ: Սակայն Կրեչմարը գտնում է, որ Լևերկյունի համար կոնսերվատորիան
կարող է կործանարար լինել: Լայպցիգ ժամանելու առաջին օրը տղային պանդոկի փոխարեն տանում
են հասարակաց տուն: Նշաձև աչքերով աղջիկը շոյում է նրա գլուխը, սակայն Լևերկյունը փախչում
է հաստատությունից: Այդ օրվանից աղջկա պատկերը հետապնդում է նրան: Պատանին որոշում
է գտնել աղջկան: Ստիպված է մեկնել նրա ետևից Բրատիսլավա: Երբ վերջապես գտնում է աղջկան,
սա ասում է, որ հիվանդ է սիֆիլիսով: Այդուհանդերձ, Ադրիանը հակված է մերձենալ նրա հետ:
Վերադառնալով Լայպցիգ՝ Ադրիանը շարունակում է երաժշտական պարապմունքները: Շուտով նա
ստիպված է լինում դիմել բժկի օգնությանը: Չհասցնելով բուժումն իր ավարտին՝ բժիշկը մահանում
է: Ուրիշ բժիշկ գտնելու փորձը անհաջողության է մատնվում. բժշկին ձերբակալում են: Երիտասարդը
որոշում է չբուժվել: Նա տարված է երաժշտություն հորինելով: Այդ շրջանի նրա լավագույն
ստեղծագործությունն է ռոմանտիկ պոետ Կլեմենս Բրենտանոյի բանաստեղծությունների հիման
վրա երգերի շարքը: Լայպցիգում Լևերկյունը ծանոթանում է բանաստեղծ և թագմանիչ Շիլդկնապի
հետ, որին համոզում է լիբրետտո գրել Շեքսպիրի «Սիրո անպտուղ ճիգեր» պիեսի թեմայով:
1910 թ. Կրեչմարը դառնում է Լյուբեկի թատրոնի գլխավոր դիրիժոր, իսկ Լևերկյունը տեղափոխվում
է Մյունխեն, որտեղ սենյակ է վարձում սենատորի այրու՝ տիկին Ռոդդոյի մոտ: Սա ապրում
է իր մեծահասակ դստրերի՝ Ինեսի և Կլարիսի հետ: Այստեղ հաճախ են տեղի ունենում երեկույթներ:
Լևերկյունը ծանոթանում է երիտասարդ ջութակահար Ռուդոլֆ Շվերդտֆեգերի հետ: Սա ուզում
է ընկերանալ Լևերկյունի հետ և որ կոմպոզիտորն իր համար ջութակի կոնցերտ գրի: Մյունխեն
է գալիս Շիլդկնապը: Ոչ մի տեղ հանգիստ չգտնելով՝ Լևերկյունը մեկնում է Իտալիա Շիլդկնապի
հետ: Պալեստրինա գյուղակում նրան այցելում են Ցայտբլոմ ամուսինները: Լևերկյունը գրում
է օպերա: Հենց այստեղ է նրա հետ պատահում դրվագը, որը մանրամասնորեն նկարագրված է ավելի
ուշ հայտնաբերված նոտաների տետրակում: Նրան է հայտնվում սատանան և ասում, որ ինքն է
հիվանդության պատճառը: Կանխատեսում է, որ Լևերկյունը մեծ դեր պիտի խաղա իր ազգի ճակատագրի
և մշակույթի մեջ: Նա կբացի նոր դարաշրջանը, որը կոչվում է «բարբարոսության դարաշրջան»:
Սատանան հայտնում է, որ գիտակցաբար վարակվելով վատ հիվանդությամբ, Լևերկյունը գործարք
է կնքել իր հետ: 24 տարի անց սատանան կկանչի նրան իր մոտ: Կա մեկ պայման. Լևերկյունը
պիտի մեկընդմիշտ հրաժարվի սիրուց:
1912 թ. աշնանը ընկերները վերադառնում են Իտալիայից և Ադրիանը
սենյակ է վարձում Շվայգեշտիլների կալվածքում,
Մյունխենից ոչ հեռու: Ավարտելով օպերան՝ Լևերկյունը նորից տարվում է վոկալ պիեսների
գրությամբ: 1914 թ. գրում է «Տիեզերքի հրաշքները» սիմֆոնիան: Սկսվում է Առաջին աշխարհամարտը,
որը ոչ մի կերպ չի դիպչում Լևերկյունին: Սկսում է գրել «Հայտնություն» օրատորիան: Իր
դիվային երաժշտությամբ նպատակ ունի ցույց տալ այն կետը, որին մոտենում է: Վերջապես
կոնցերտ է գրում Շֆերդֆեգերի համար: Ցյուրիխում ծանոթանում և սիրահարվում է թատերական
նկարչուհի Մարի Գոդեին: Բայց նրան խնդրում է իր հարսնախոսը դառնալ Շվերդֆեգերը: Մի
քանի օրից բոլորը գիտեն ջութակահարի և Մարիի նշանադրության մասին: Սակայն ջութակահարին
սպանում է նրա նախկին սերը՝ Ինես Ռոդդեն:
Լևերկյունը հղանում է «Դոկտոր Ֆաուստուսի լացը» կանտատը:
1928 թ. Լևերկյունի մոտ Պֆայֆերինգ են բերում կրտսեր ազգականին՝ Նեպոմուկ Շնայդեվայնին:
Ադրիանը ողջ սրտով կապվում է նրան: Սակայն 2 ամսից երեխան հիվանդանում և մահանում է:
1930 թ. մայիսին նա հավաքում է ընկերներին և բարեկամներին
լսելու իր նոր ստեղծագործությունը: Այստեղ էլ խոստովանում է, որ իր ամբողջ ստեղծագործությունը
սատանայի արգասիքն է: Սիրելու նրա բոլոր փորձերն ավարտվում են սիրելիների մահով: Ահա
ինչու նա համարում է իրեն ոչ միայն մեղսավոր, այլև մարդասպան: Բոլորը հեռանում են:
Լևերկյունը սկսում է դաշնամուր նվագել, բայց հանկարծ վայր է ընկնում, իսկ երբ ուշքի
է գալիս, առաջ են գալիս խելագարության նշանները:
Երբ 1935 թ. Ցայտբլոմը գալիս է Լևերկյունի ծնողական տուն,
որպեսզի շնորհավորի իր ընկերոջ հիսնամյակը, վերջինս չի ճանաչում նրան: 5 տարի անց հանճարեղ
կոմպոզիտորը մահանում է:
Պատումն ընդմիջվում է հեղինակի ժամանակակից Գերմանիայի, որպես
«Հրեշավոր պետության» մասին մտքերով: Նա կանխասում է ազգի անխուսափելի կրախը: Նա անիծում
է իշխանությունը, որը բարգավաճման լոզունգներով առաջնորդում է սեփական ժողովրդին դեպի կործանում:
Տես նաև Թոմաս Ման Կախարդական լեռը, Վոլֆգանգ Գյոթե Ֆաուստ և Քրիստոֆեր Մառլո Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը
Թոմաս Ման | Դոկտոր Ֆաուստուս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 09, 2015
Rating:
