
Ինչպիսի՞ն է բանաստեղծական
քննախոսության և փաստի բնությունը: Արիստոտելի ձեռքին է հարցի լուծման երկու բանալի՝
«միմեսիսի» հասկացությունը և «կաթարսիսի» հասկացությունը:
Արվեստի նկատմամբ Պլատոնի քամահրական վերաբերմունքը բացատրվում է նրանով, որ արվեստը նրա համոզմամբ սոսկ նմանակում և ընդօրինակում է: Արվեստը նմանակում
է հավերժական գաղափարները, հետևաբար այն պատճեի պատճե և պատրանքի պատրանք է, որտեղ
իսկականն անհետանում է: Արիստոտելը արմատապես համաձայն չէ այսպիսի տեսակետի հետ՝ դիտելով
արվեստի միմեսիսը ակտիվության այնպիսի ձև, որը վերստին ստեղծում է պատկերվող առարկաները
նոր չափման մեջ:
«Բանաստեղծի նպատակը,-ասում է Արիստոտելը,- ոչ թե արդեն պատահածի մասին
խոսելն է, այլ նշելը, թե ինչ կարող է պատահել անհրաժեշտաբար»: Իսկապես, պատմիչի և բանաստեղծի
միջև տարբերությունն այն չէ, որ մեկը գրում է արձակ, իսկ մյուսը չափածո: Հերոդոտոսի
երկն անգամ չափածո գրված լինելու դեպքում չէր դադարի լինել պատմական: Տարբերությունն այն է, որ մեկը խոսում
է տեղի ունեցածի մասին, իսկ մյուսը այն մասին, ինչը պիտի տեղի ունենա: Ահա ինչու պոեզիան
ավելի ազնիվ ու փիլիսոփայական է. վերջինը գործ ունի համընդհանուրի հետ, իսկ պատմությունը
թաթախված է մասնավորի մեջ:
Արիստոտելը զարգացնում է մետաֆորի տեսությունը, որը թույլ
է տալիս հասկանալ համընդհանուրի գործադրման կոնկրետ մեխանիզմները: Մետաֆորը գործիքն
է, որը թույլ է տալիս հավաքել իրերի առանձին նմանությունները լեզվական համընդհանրության
մեջ, դարձնել դրանք միջնորդություններ առավել ընդգրկուն պատկերներ կառուցելու համար:
Նմանակման տարածությունը «հնարավորի»
և «նմանի» ոլորտն է, այսինքն՝ նրա, ինչը հանում է երկերը համընդհանուրի (մետաֆորներ,
սիմվոլներ, ֆանտազմներ) աստիճան:
Եթե արվեստի բնությունը իրականի
նմանակումն է, ապա նպատակը կրքերի մաքրագործումն է: Արիստոտելը հղում է անում ողբերգությանը,
որն արթնացնելով հանդիսատեսի մեջ կարեկցանք և սարսափ, նպաստում է կրքերի ազատմանը և
մաքրում է հոգին: Նմանատիպ ազդեցություն ունի նաև երաժշտությունը:
Ի՞նչ նկատի ունի Արիստոտելը՝
ասելով «ազատում կրքերից»:
Ոմանք սա համարում են բարոյական
մաքրագործում: Մյուսները մեկնաբանում են «կաթարսիսը» որպես ձերբազատում ֆիզիկական կրքերից,
ինչը բերում է հուզական ոլորտի նորոգում: Արիստոտելի սակավ տեքստերից երևում է, որ
նա թերևս նկատի ունի այնպիսի զգացողություն, որը մենք այսօր կոչում ենք «էսթետիկական
վայելք»:
Պլատոնը քննադատում էր արվեստը
այն բանի համար, որ սա սանձարձակության է ներմուծում զգացմունքների մեջ, որոնք սկսում
են իշխել մարդու ռացիոնալ ունակությունների վրա: Արիստոտելը շրջում է Պլատոնի տրամաբանությունը:
Արվեստը ոչ թե ծանրաբեռնում, այլ բեռնաթափում է հուզական ոլորտը: Իսկ հուզականության
այն տիպը, որը մշակում է արվեստը, ոչ միայն չի ճնշում ռացիոնալ ոլորտը, այլ ընդհակառակը՝
առողջացնում է այն:
Տես նաև Մետաֆիզիկա
Տես նաև Մետաֆիզիկա
Արիստոտել | Պոետիկա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 06, 2015
Rating:
