
Հեռավոր ապագայում հոգեբան Կելվինը Երկիր մոլորակից լուսային
տարիների հեռավորության վրա վայրէջք է կատարում Սոլարիս մոլորակի մոտ գտնվող տիեզերական
կայանում: Կայանը թվում է դատարկ: Նրան ոչ ոք չի դիմավորում: Կայանի պետ Գիբարյանի
տեղակալ Սնաուտը, տեսնելով Կելվինին, շփոթված ասում է, որ չի ճանաչում նրան: Հետո ուշքի
գալով ասում է, որ Գիբարյանը ինքնասպանություն է գործել և որ Կելվինը, եթե հանկարծ
անծանոթ ինչ-ինչ էակներ տեսնի, չհարձակվի նրանց վրա: Կելվինից և Սնաուտից բացի կայանի
վրա է նաև ֆիզիկոս Սարտորիուսը: Կելվինը շուտով տեսնում է հսկայական նեգրուհու: Այդ
կինը չի կարող լինել կայանի վրա: Դա նման է հալյուցինացիայի: Ֆիզիկոս Սարտորիուսը չի
թողնում նրան իր սենյակը և փակում է դուռը, որի ետևից երեխաների քրքիջ է լսվում: Գիբարյանի
սենյակում, դիակի կողքին նա նորից տեսնում է նեգրուհուն, և իրեն թվում է, թե նա խելագարվել
է: Սակայն նա հոգեբան է և կարողանում է պահպանել ինքնատիրապետումը: Գիշերով նրան է
այցելում Հարին՝ նրա կինը, որն իր պատճառով ինքնասպանություն է գործել 10 տարի առաջ:
Հարին ուզում է միայն մեկ բան՝ վայրկյան անգամ չհեռանալ Կելվինից: Բայց Կելվինին անհրաժեշտ
է մենակ մնալ: Նա տեղավորում է կնոջ ֆանտոմը հռթիռի մեջ և թռցնում: Սակայն Սնաուտն
ասում է, որ երկու-երեք ժամից «հյուրը» կվերադառնա: Նա ասում է, որ ուրվականներին ուղարկում
է Սոլարիս մոլորակի օվկիանոսը: Գիտնականներն արդեն 100 տարուց ավել զբաղվում են
օվկիանոսով: Օվկիանոսը ոչ թե ջրից է, այլ պրոտոպլազմայից: Երբ գիտնականները ենթարկեցին
այն կարծր ճառագայթման, օվկիանոսը սկսեց ուրվականներ ուղարկել կայան՝ դուրս բերելով
նրանց մարդկանց ենթագիտակցությունից:
Գիտնականները կարող են լքել կայանը, սակայն Կելվինը գտնում
է, որ նրանք կարող են մնալ և շատ բան իմանալ իրենք իրենց մասին: Հաջորդ գիշեր Հարին վերադառնում
է, և նրանք Կելվինի հետ նորից դառնում են սիրեկաններ: Առավոտյան սենյակում միայնակ
մնացած Հարին անմարդկային ուժով կոտրում է դուռը և վնասում է ձեռքը: Վերքը ակնթարթորեն
փակվում է: Կելվինը, պարզելու համար, թե ինչպես է կազմված Հարին, արյան անալիզ է վերցնում
նրանից: Արյունը բաղկացած է ոչ թե ատոմներից, այլ նեյտրինոներից: Ֆիզիկոս Սարտորիուսը
որոշում է նեյտրինոները վերացնող նյութ ստանալ և այդկերպ հեռացնել «հյուրերին»: Բայց
Կելվինը դա չի ուզում: Նա սիրում է վերստին գտած կնոջը: Ինքը Հարին, գիշերով լսելով
Գիբարյանի թողած ձայնագրությունը, որի մեջ պատմում է «հյուրերի» մասին, հասկանում է,
որ ինքը ոչ ոք է և փորձում է ինքնասպան լինել: Կելվինը հավատացնում է նրան, որ սիրում
է հենց իրեն և ոչ այն երկրային կնոջը, որը մահացել է: Ցավոք, Կելվինը չի կարող իր հետ
Երկիր տանել Հարիին, քանի որ նա կարող է գոյություն ունենալ միայն Սոլարիսին մոտ: Սարտորիուսը
գրանցում է Կելվինի ուղեղի հոսքերը և ռենտգենյան ճառագայթների տեսքով ուղարկում դրանք
օվկիանոսին: Գուցե կարդալով այն հրեշը կդադարի ուրվականներ ուղարկել իրենց: Կելվինը
սկսում է տանջալի երազներ տեսնել: Նրան բաժանում են ատոմների, հետո նորից հավաքում
են:
Անցնում է մի քանի շաբաթ: Կելվինը և Հարին ավելի ու ավելի
են կապվում իրար, իսկ Սարտորիուսը շարունակում է փորձեր ձեռնարկել ազատվելու ուրվականներից:
Սնաուտը ասում է նրա մասին, որ այդ Ֆաուստը միջոց է մոգոնում անմահության դեմ: Այդուհանդերձ,
Սարտորիուսը ստեղծում է հյուրերին վերացնելու միջոցը և Հարին իր կամքով և Կելվինի հանդեպ
սիրուց հեռանում է դեպի չգոյություն, ինչպես մի ժամանակ Կելվինի կինը: «Հյուրերի» տարափն
ավարտվում է:
Կելվինը երազում է վրեժ լուծել օվկիանոսից, այրել նրա պրոտոպլազման:
Բայց Սնաուտը ետ է պահում նրան այդ մտքից: Օվկիանոսը ոչ մի վատ բան չի ցանկացել: Միայն
նվերներ է մատուցել, որոնք հանել է մարդկանց ենթագիտակցությունից: Օվկիանոսը չէր կարող
իմանալ, թե ինչպիսին է մարդկանց հիշողության բուն նշանակությունը: Կելվինն ընդունում
է այդ միտքը: Նա նստած է օվկիանոսի ափին և զգում է դրա հրեշավոր ներկայությունն ու
լռությունը: Նա գիտի, որ սարսափելի հրաշքների ժամանակը դեռ չի ավարտվել:
Տես նաև Ռեյ Բրեդբերի 451 աստիճան ըստ ֆարենհայտի, Օլդոս
Հաքսլի Գեղեցիկ նոր աշխարհ և Ջորջ Օրուել 1984
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ստանիսլավ Լեմ | Սոլարիս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 22, 2016
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 22, 2016
Rating:
