
Ժամանակով լինում են, չեն լինում, մի քույր ու եղբայր են
լինում: Քույրը շատ գեղեցիկ ու բարի աղջիկ է, ասես լուսնի կտոր, անունն էլ Լուսիկ:
Եղբայրը ամուսնանում է: Կինը տեսնում է, թե ինչպես բոլորը սիրում են Լուսիկին, ու նախանձը
օձի նման բուն է դնում սրտի մեջ: Սկսում է Լուսիկին բամբասել ամեն օր, սակայն աղջիկը մնում է միշտ բարի, գեղեցիկ ու սիրված ամենքից:
Եղբայրը տուն գալիս ամեն անգամ նրան մի բան է բերում՝ ծաղիկ, միրգ, հագուստ: Հարսը
նախանձից քիչ է մնում տրաքի և մտածում է, ինչ անի, ոնց անի, որ մեջտեղից կորցնի Լուսիկին:
Մի անգամ ջարդում է տան կահ-կարասին, մյուս անգամ մարդու սիրած ձին տանում է, քշում կորցնում և ասում՝ Լուսիկն է արել, բայց
մարդը ուշադրություն չի դարձնում, ասում է, թե ամանը ոչինչ, կարևորը Լուսիկի սիրտը
չկոտրվի, ուրիշ ձի կգնի, բայց չէ որ չի կարող ուրիշ քույր գնել: Չար կինը ավելի է կատաղում
ու մի գիշեր իր երեխային օրորոցում մորթում է, արյունոտ դանակը թաքուն դնում քնած Լուսիկի
գրպանը, ապա մազերը շաղ տալիս, երեսը պոկում, ճչում, թե՝ վա~յ, երեխես… Տնեցիներն արթնանում
են, տեսնում մորթված երեխային ու սարսափում: Հարսի խորհրդով փնտրում են դանակը և այն
գտնում Լուսիկի գրպանում: Լուրը տարածվում է, ժողովուրդը դատաստան է պահանջում: Լուսիկին
դատում են, վճռում, ձեռքերը կտրում են ու այդպես, կռնատ տանում, հեռացնում, կորցնում
են հեռո~ւ, հեռո~ւ անտառներում: Ժամանակի ընթացքում թփերն ու փշերը հագի շորերը տանում
են, և նա մերկ մտնում է մի ծառի փչակ: Օրերից մի օր թագավորի որդին գալիս է անտառ որսի
և այնտեղ գտնում է կռնատ աղջկան: Զմայլված նրա գեղեցկությամբ՝ որոշում է ամուսնանալ:
Նրանք ամուսնանում են և շուտով թագավորի տղան գնում է հեռու երկիր: Լուսիկը մի ոսկեգանգուր
տղա է ունենում: Աչքալուս են գրում տղային, սուրհանդակը նամակը տանելիս, ճանապարհին
հյուր է ընկնում Լուսիկի եղբոր տանը, գիշերում այնտեղ: Երեկոյան զրույցի ընթացքում
պատմում է, թե ինչ է եղել, և հարսը գլխի է ընկնում, որ խոսքը Լուսիկի մասին է, գիշերը
հանում է նամակը, կրակը գցում, ինքը նոր նամակ գրում, դնում տեղը: Գրում է՝ թե իբր
Լուսիկը շան լակոտ է ունեցել: Հարցնում են, ինչ անեն: Թագավորի տղան շատ է տխրում՝
կարդալով նամակը, բայց պատասխան նամակում, այնուամենայնիվ, գրում է, որ Լուսիկին թթու
խոսք չասեն, մինչև ինքը կգա: Սուրհանդակը դարձյալ գիշերում է նույն տանը, և չար հարսն
այս անգամ էլ է փոխում նամակը՝ գրելով, թե Լուսիկին երեխայի հետ տնից դուրս հանեն:
Ծնողները շատ են տխրում, բայց ստիպված են կատարել որդու կամքը: Լուսիկը երեխային կրծքին
կապած, լաց լինելով հեռանում է: Մի անապատում է հայտնվում: Շատ է գնում ու մի ջրհոր է տեսնում: Ուզում է խմել, երեխան ընկնում
է մեջը: Ճչում է ու հանկարծ մի ձայն ասում է, որ չվախենա, երեխային հանի: Սպիտակ մորուքով
մի ծերունի է լինում: Լուսիկին ասում է, որ նա ձեռքեր ունի: Եվ իսկապես Լուսիկը մեկնում
է կռները, ձեռքերը բացվում են ու երեխային ջրհորից հանում է: Ծերունին աներևութանում
է: Այս ընթացքում թագավորի տղան վերադառնում է, ամեն բան իմանում է ու գնում է աշխարհե
աշխարհ կնոջն ու երեխային փնտրելու: Հանդիպում է մի բարի մարդու, որն իր քրոջն է փնտրում:
Ըկներանում են: Տղան գալիս մի մեծ ճանապարհի վրա քարվանսարա է պահում, ընկերն էլ ընտանիքով
գալիս միանում է նրան: Սպասում են գուցե թե գնացող եկողից մի բան իմանան: Ընկերը, պարզվում
է, Լուսիկի եղբայրն է: Մի օր էլ Լուսիկը տղայի հետ գնում է նրանց մոտ: Խնդրում են մնալ
իրենց մոտ և մի լավ հեքիաթ պատմել: Աղջիկն ասում է, թե ինքը կարող է պատմել միայն մի
ճշգրիտ պատմություն, որ շատ հետաքրքրական է և պատմում է սեփական պատմությունը: Եղբայրն
ու ամուսինը ճանաչում են Լուսիկին, շատ են ուրախանում: Չար հարսին կապում են կատաղի
ձիու պոչից ու բաց թողնում արձակ դաշտում: Որտեղ արյուն է կաթում, այնտեղ փուշ ու տատասկ
է աճում, որտեղ՝ ջուր, այնտեղ՝ լիճ: Լճի խորքում երևում է մի երեխա՝ քնած օրորոցում,
դանակը դրած գլխի տակ: Ասում են՝ երևում է և մի վանք, որտեղ չոքած մի կին է լալիս,
անվերջ լալիս է:
Հովհաննես Թումանյան | Կռնատ աղջիկը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 27, 2016
Rating:
