
Մի հարուստ սովդաքար իր քարավանով իջնում է մի գյուղի մոտ:
Գիշերը վեր է կենում, որ պտտի քարվանի չորս կողմով, մեկ էլ տեսնում է, որ երկու մարդ
դուրս եկան գյուղից, նրանց առաջը եկավ մի ուրիշ մարդ և հարցրեց.
-Ի՞նչ բախտ գրեցիք նորածին մանուկի համար:
-Այստեղ իջած սովդաքարի բախտը նրան տվինք:
Ասում ու աներևութանում են: Սովդաքարը հասկանում է, որ սրանք
երեխաների ճակատի վրա նրանց բախտը գրող հրեշտակներ են և շատ է տխրում, որ իր բախտը
տվել են մի նորածին մանուկի: Գնում է գյուղ, հարցուփորձ անելով իմանում, թե ում տանն
է երեխա ծնվել այն գիշերը: Գնում ու բարուրի մեջ մի փափլիկ տղա է տեսնում, առաջարկում
է ծնողներին, որ երեխային իրեն տան, ինքը հարուստ է, նրան լավ կպահի, ունեցվածքը կտա
նրան, քանի որ որդի չունի:
Ծնողները չեն ուզում տալ երեխային, բայց քանի որ շատ աղքատ էին, չգիտեին՝ ինչ անեն: Դրացիները
հավաքվում են, ծնողներին խորհուրդ տալիս, որ իրենց երեխայի բախտավորությանը արգելք
չլինեն, զավակներ ունեն, հազիվ նրանց պահեն, իսկ սա հարուստ մարդ կդառնա և նրանց էլ
կհարստացնի: Այսպես ծնողները համաձայնում են և իրենց մանուկին մի քանի ոսկով տալիս
են սովդաքարին: Սովդաքարը գնում է մի թաքուն տեղ՝ ջրառատ ու գեղեցիկ մի հովիտ, և ծառային
կարգադրում երեխային տանել ու թաղել, բայց սիրտն ու թոքը բերել իրեն. կարծում է երեխայի
սիրտն ու թոքերը կվերադարձնեն իր բախտը: Ծառան տիրոջ անգութ հաճույքը չի իրագործում:
Երեխային դնում է մի թփի տակ՝ նրա պահպանությունը թողնելով Վերին նախախնամությանը:
Ոչ հեռու ոչխարի հոտ կար: Հովիվներից մի ուլ է գնում, մորթում, սիրտն ու թոքը տանում
տիրոջը: Սովդաքարը խորովում, ուտում է, շարունակում ճանապարհը: Ոչխարի հոտը մոտենում
է այն թփին, ուր դրված է երեխան: Նրա մեջ մի այծ կա, որի ծիծը լիքն է և նա ծծկեր կենդանի
է փնտրում, որ թեթևացնի իր ծանրությունը: Երեխային տեսնելով թփի տակ ուլի պես հեկեկալիս՝
մոտենում ու ծիծը դնում է բերանին: Թե´ այծը, թե´ մանուկը հավասարապես գոհ են մնում
այդ անակնկալ դեպքից: Այծի համար այդ բանը սովորություն է դառնում և ամեն օր միևնույն
ժամին, ուր էլ լինի հոտը, ջոկվում է, վազում դեպի մանուկը, որ ծիծ տա նրան: Այդ կթի
այծը պատկանում է մի պառավի: Մի քանի որ կաթից զրկվելով՝ պառավը կարծում է, թե հովիվներն
են կթում իր այծին: Գնում է, հարցնում, բայց սրանք ասում են, թե այծը սովորություն
է դարձրել անհետանալ հոտից: Պառավը հետևում է այծին և գտնում երեխային: Անչափ ուրախանում
է և նրան տանում ու պահում, մեծացնում է: Անունը դնում է Այծատուր, քանի որ սկզբում
այծն էր պահպանել նրան: Այծատուրը դառնում է պառավի նեցուկը, նրա պահապանը: Երբ արդեն
տասնյոթ տարեկան է լինում, իրենց գյուղ է գալիս սովդաքարը իր մեծ քարվանով: Այծատուրը
նրան օգնում է, ձին պահում, կերակուր պատրաստում և սովդաքարին շատ դուր է գալիս: Սովդաքարը
ուզում է նրան իր մոտ վերցնել, և տղային հարցեր է տալիս: Տեղեկանալով տղայի ծագմանը՝
գլխի է ընկնում, որ սա այն մանուկն է, և որ ծառան այն ժամանակ չի սպանել տղային: Առաջարկում
է իր մոտ տանել: Այծատուրը համաձայնում է: Հուսադրելով խնամակալ պառավին, որ շուտով
հետ կդառնա, նրան մենակ չի թողնի, գնում է սովդաքարի հետ: Սովդաքարը մեծ հարստության
տեր է: Ով ինչ ունի ծախելու, նրա առնելուն է սպասում, ով ինչ ունի գնելու, նրա ապրանքի
գալուն է սպասում: Այժմ իր քարվանով տուն է վերադառնում և հինգ օրից հետո պետք է հասնի:
Տղային նամակ է տալիս և ասում, որ նա առաջ ընկնի, նամակը անձամբ տա իր կնոջը: Այծատուրը
շտապում է կատարել տիրոջ հրամանը: Հաջորդ օրը հասնում է սովդաքարի տունը: Տեսնելով,
որ դուռը փակ է, նստում է պատի տակ ու հոգնածությունից քնում: Պատուհանից նրան տեսնում
է սովդաքարի դուստրը՝ Գոհարիկը, շատ գեղեցիկ ու խելացի մի աղջիկ: Նա անմիջապես սիրահարվում
է տղային: Նկատելով տղայի ծոցից դուրս եկած մի նամակի ծայր, վազում, այն վերցնում է
և կարդում հոր գրածը: Նամակում սովդաքարը կնոջը պատվիրում է ցանկացած միջոցով սպանել
տղային մինչև իր գալը: Աղջիկը այրում է նամակը և գրում մեկ այլ նամակ, որում իբր հայրը
պատվիրում է կնոջը Գոհարիկին և տղային ամուսնացնել մինչև իր գալը: Նամակը դնում է տղայի
ծոցը և գնում մոր մոտ և հայտնում, որ մի տղա կա այնտեղ քնած: Ձիով է եկել, ձին հայրիկինն
է, ուրեմն լրաբեր պետք է լինի: Մայրը արթնացնում է տղային, կարդում նամակը, հայտնում
լուրը երիտասարդներին: Այծատուրը ևս սիրահարված է Գոհարիկին, երբեք նման գեղեցկություն
չի տեսել: Նրանց ամուսնացնում են: Երբ հինգ օրից սովդաքարը հասնում է տուն, տեսնում
է՝ Այծատուրն ու Գոհարիկը զբոսնում են: Կինը սովդաքարին հայտնում է, թե արել է ամեն
ինչ այնպես, ինչպես գրել էր նամակում: Սովդաքարը կարծում է, թե նամակը ինքը՝ տղան է
փոխել, որոշում է վրեժխնդիր լինել: Հաջորդ օրն այգեպանին պատվիրում է մի խոր հոր փորել
և ամբողջ գիշեր կրակ վառել նրանում, իսկ վաղը առավոտյան, մի մարդ կուղարկի այնտեղ,
հենց մտնի թե չէ, բռնեն ու գցեն հորի մեջ, վրան նոր ցախ լցնեն և այրեն: Երեկոյան սովդաքարը
Այծատուրին ասում է, թե իբր ինքը զղջացել է, որ շտապել է և ուզում է հրավերք սարքել
քաղաքացիների համար, պատրաստությունը ինքը կտեսնի, միայն մի խնդրանք ունի, Այծատուրը
թող գնա այգի և թարմ մրգեղենի ու ծաղիկների պատրաստությունը ինքը տեսնի: Մյուս օրը
Այծատուրը վեր է կենում, պատրաստվում, որ գնա այգի: Ճանապարհին, աղոթարանի մոտով անցնելիս,
որոշում է գնալ աղոթք կատարել, քանի որ օրը կիրակի է, և բոլորը աղոթարանում են: Երկար
է մնում այնտեղ, իսկ անհամբեր սովդաքարը, անհանգստությունից շտապում է այգի, որ տեսնի՝
արդյոք կատարել են իր հրամանը: Այգի մտնելուն պես այգեպանները նրան բռնում գցում են
հորը ու այրում: Սովդաքարը աղաղակում է, թե ինքը նրանց տերն է, բայց ոչ ոք չի լսում,
կարծես ամենքն էլ խլացել ու կուրացել են: Երկու ժամ հետո Այծատուրը գնում է այգի: Նրան
ընդունում են իբրև իրենց տիրոջը և հայտնում, որ նրա հրամանը կատարված է: Տղան իմանում
է, որ սովդաքարն ընկել է ուրիշի համար փորել տված հորը: Այստեղ հեքիաթաբաններն ասում
են, թե այգեպանների աչքումը Այծատուրն իրանց տիրոջ նման էր երևացել, իսկ սովդաքարը
մի ուրիշի: Ասում էլ են, թե ճակտի գրածը չի ջնջվիլ, և ուրիշի համար հոր փորողը ինքը
կընկնի նրա մեջ:
Ղազարոս Աղայան | Այծատուր
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 22, 2016
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 22, 2016
Rating:
