
Վիպակը սկսում է «Նախադրությամբ», որտեղ ներկայացվում է Հայաստանի
վիճակը 16-րդ դարի առաջին կեսին, երբ երկրին ծանրացող թշվառությունները հասել են իրենց
գագաթնակետին: Պատճառը պարսկական և օսմանական պատերազմներն են: 1596 թվականին պարսից
Շահաբաս Ա. Թագավորը, որ նոր էր ժառանգել Խուդաբանդ հոր գահը, վախենալով օսմանցիներից,
նրանց է տալիս հոր կողմից հափշտակած հայկական նահանգները, պատանդներ տալիս սուլթան
Մուրադին, կնքում հաշտություն: Չափազանց ծանրանում է հարկերից առաջացած Աթոռի պարտքերը,
որի արդյունքում Առաքել կաթողիկոսը հրաժարվում է գահից՝ հանձնելով այն Դավիթ Էջմիածնեցուն:
Սա էլ չկարողանալով լուծել հարցը՝ փախչում է, ապա
Գառնեցի Մելիքսեթ եպիսկոպոսին ձեռնադրում է կաթողիկոս, իբրև իրեն օգնական
(1593): Այս տառապանքների օրերում վրա է հասնում նաև մի սարսափելի սով, ավեր, ապականություն,
ժանտախտ, որ ճարակում է երկրի բազմաթիվ գավառները: Դավիթ և Մելիքսեթ կաթողիկոսները
հրավիրում են Սրապիոն վարդապետին, որ իմաստուն և առաքինի մարդ է, հայրենական հարուստ
ժառանգություններ ունի, և առաջարկում հանձն առնել կաթողիկոսությունը և իր հարստությամբ
ազատել Աթոռը պարտքերից: Ապա ժողովուրդն ինքը Սրապիոնին տանում է Էջմիածին և կաթողիկոս
օծում: Այսպես 1602 թվականին հայոց մեջ կային վեց օծյալ կաթողիկոսներ, որոնք նստում
էին Արարատյան նահանգում, Աղթամարում, Կիլիկիայում՝ Ադանայում և Սիսում: Դրսից եկած
նեղությունների հետ մեկտեղ ավելանում են ներքին խռովությունները: Երկիրը սկսում է հետզհետե
բնակիչներից դատարկվել, սրան ավելանում են նաև ունիթոր կամ միաբանող կոչված պապական
արբանյակների սխրագործությունները, որոնք 13-րդ դարի կեսից տարածվում են Հայաստանում
և քրիստոնեություն քարոզելու փոխարեն նահատակ հայ ժողովրդի անդամներն են որսում, եկեղեցուց
հեռացնում և միաբանող լինելու փոխարեն, պառակտող հանդիսանում: Այսպես մահմեդական հրեշների
թողած պակասը նրանք են լրացնում, իսկ նպատակն այն է, որ պապի հոգևոր ստրուկների թիվը
մի քանի հազարով ավելացնեն: Նրանք հաստատուն բնակավայր են ընտրել Սյունյաց նահանգը
և նրա Ճահուկ, Երնջակ և Նախճվան գավառները գրեթե ամբողջապես իրենց ձեռքն են անցել:
Սկսում են նույնիսկ սրբոց մասունքները հափշտակել: Այս ծայրահեղ թշվառությունները հերոսական
ոգի են ներշնչում երեք տարագիր հայ հոգևորականների՝ Սաղմոսավանքի առաջնորդ Պարոն անվանյալ
Սարգիս եպիսկոպոսին, Սյունեցի Մովսես վարդապետին և Տրապիզոնցի Կիրակոս երեցին, որոնք
տարիներ առաջ հեռացել էին Հայաստանից և ճգնում էին Երուսաղեմում: Բայց նրանք գիտեն
միայն մեկ միջոց, այն է՝ մարդկային ոգին տանջանքների և հալածանքների դեմ զորացնելը,
մարդուն անձնվիրություն սովորեցնելը: Սյունիք գալով՝ հիմնում են Սյունյաց կամ Հարանց
հռչակավոր անապատը, Ծղուկ գավառի Որոտնա ձորում, կազմում են բազմամարդ միաբանություն,
որը կարող է դիմագրավել ամեն տեսակ նեղության, և սկսում են միջոցներ փնտրել ներկա թշվառություններից
ազատվելու համար: Այս ընթացքում կաթողիկոսները, չլուծելով Աթոռի պարտքերի հարցը, որոշում
են դիմել պարսից Շահաբաս թագավորին, որ նա գա Հայաստան երկիրը գրավելու և իրենց անվերջ
հարկերից ու պարտքերից ազատելու: Շահաբասը ծանր զորքով գալիս է Հայաստան: Նա արշավում
է Հայաստան 1603 և 1605 թվականներին: Առաջին անգամ գրավում է օսմանացիների՝ իր հորից
խլած բոլոր գավառները, երկրորդ անգամ, նրանց հետապնդումից խուսափելով, Հայաստանի մի
քանի նահանգներ դատարկում է բնակիչներից՝ քշելով նրանց Պարսկաստան: Ժողովրդի կեսը խեղդվում
է Երասխի մեջ՝ գետից շտապով անցնելու ժամանակ: 1606 թվականին դարձյալ վերադառնում է,
տիրում Նախիջևան, Երևան, Գանձակ և այլ քաղաքները՝ իր Ամիրգունա նախարարին նրանց վրա
վերակացու նշանակելով: Մինչև 1620 թվականը 2 կամ 3 տարին մի անգամ արշավում է Հայաստան,
օսմանցիների հետ պատերազմելու և ամեն անգամ մեծամեծ նեղություններ է պատճառում թե´
հայ ժողովրդին, թե´ Աթոռին: Այս տագնապալից ժամանակներում ժողովրդին օգնության է հասնում
Սյունյաց անապատը կամ վարդապետարանը, որի գլուխ կանգնած է Սարգիս եպիսկոպոսը: Միաբանության
մեջ փայլում են Մովսես վարդապետ Սյունեցին, Կիրակոս Վ. Տրապիզոնցին, Պողոս Վ. Մոկացին,
Արիստակես Շամբեցին, Թովմաս եպ. Տաթևացին, Դավիթ եպ. Շամխորեցին, Կարապետ եպ. Էջմիածնեցին
և այլոք: Նրանք իրենց աշակերտների հետ ցրվել են Հայաստանի զանազան կողմերը և գործում
են: Քարոզչի պաշտոն ստանձնելով՝ հուսադրում ու մխիթարում են վհատյալ ժողովրդին, վառ
պահում ազգային զգացումը, գաղթել ցանկացողներին հորդորում չընկճվել և չհեռանալ երկրից:
Ոմանք քաղաքներում և գյուղերում դպրոցներ հիմնելով նորանոր առաքելությունների համար
աշակերտներ են պատրաստում: Մովսես Սյունեցուն իբրև գործունեության միջավայր վիճակված
է Գողթան գավառը: Նրա արած գործերից մեկն այն է, որ Աստապատ, Շոռոթ և Ագուլիս գյուղերում
դպրոցներ է բացել: Մինչ այդ դպրոցներ կային միայն վանքերում: Ագուլիսում նա դպրոցի
վերակացու է նշանակում Սյունյաց անապատի իր առաջադեմ աշակերտներից մեկին՝ Տեր-Անդրեասին՝
մի գործունյա, առաքինի և անձնվեր քահանա, որի հիշատակին է ահա հեղինակը նվիրում իր
վիպակը:
1617 թվականի աշունն է: Օքուզ-Ահմեդ փաշան, հոգնած Երևան
բերդի իր ապարդյուն պաշարումից, հեռանում է Կարին, զորքը գոնե սովից ազատելու համար:
Շահաբասը նույնպես պատրաստվում է հեռանալ Երևանից, բայց Պարսկաստան գնալուց առաջ կամենում
է մի երկու շաբաթ անցկացնել Նախիջևանում, հայերի հյուրասիրությունը վայելելու համար:
Ամիրգունա նախարարը սուրհանդակներ է ուղարկում ամեն կողմ, որպեսզի նահանգի մեծամեծներն
ու հարուստները գան Նախիջևան և ըստ սովորության, փառավոր ընդունելություն անեն շահին:
Սակայն անակնկալ լուր է գալիս, որ Շահաբասը ցանկանում է անցկացնել այդ երկու շաբաթը
Ագուլիսում, ուստի Սիսականի ժողովուրդը այդտեղ պետք է սպասի արեգակնափայլ շահին: Ամիրգունան
նոր սուրհանդակներ է ուղարկում՝ զարմանալով, թե ինչու շահը պետք է ցանկանա այդպիսի
հասարակ ավանում անցկացնել իր հանգիստը: Այդ մասին նա հարցնում է Շահռուխ-բեկին, որ
շահի առաջին իշխանն է ու սենեկապանը: Սա ասում է, որ հենց ինքն է նրան այդ խորհուրդը
տվել, քանի որ Ագուլիսում շատ գեղեցիկ աղջիկներ ու տղաներ կան: Ամիրգունան հասկանում
է, որ շահը «մանկաժողով» է անելու: Խոջա-Անձրևը Ցղնայի քահանայից ստանում է ածուխով
գրված նամակ, որը կաթողիկոսն է ուղարկել բանտից, որպեսզի վերջինս այն հասցնի տեղ: Մելիքսեդեկ
կաթողիկոսին բանտ են նստեցրել Աթոռի պարտքերի պատճառով, և շահը պատրաստվում է այդպես
շղթայակապ նրան տանել Պարսկաստան: «Մանկաժողովի» մասին նրան տեղեկացրել է հենց Ամիրգունան:
Վերին Ագուլիսի Խցաձոր անվանյալ թաղի վերջում, գտնվում է ս. Հովհաննես անունով եկեղեցին:
Այստեղ երեկոյան ժամերգություն է: Քահանաներն են Տեր-Սարգիսը, Տեր-Հովսեփը և Տեր-Անդրեասը:
Տեր-Սարգիսը անընդհատ չարախոսում է Տեր-Անդրեասին, թեև ժողովուրդը նրան շատ է սիրում:
Նրա ծնողները Նախիջևանի փախստյալների մեջ են եղել և հաջողացրել են մնալ երկրում՝ գալով
և բնակվելով Ագուլիսում: Անդրեասը սովորել է Հարանց անապատում: Մտադիր էր կուսակրոնություն
ընդունել, սակայն սիրահարվել և ամուսնացել է Վարդենի անունով մի գեղեցկուհու հետ: Այնուհետև
քահանա է ձեռնադրվել և դարձել հովիվ Խցաձորի ս. Հովհաննես եկեղեցում: Նրա առաջին գործը
դպրոցն է, ուր ուսման հետ մեկտեղ երեխաներին սովորեցնում է առաքինություն և հայրենասիրություն:
Ժամերգությունից հետո նրան շրջապատում են ժամավորները՝ խոսելու և նրանք գնում են դպրատուն:
Այստեղ է գալիս Խոջա-Անձրևը՝ բերելով կաթողիկոսի նամակը: Որոշում են թաքցնել գեղեցիկներին
մոտակա տարբեր գյուղերում, իսկ կաթողիկոսին ազատելու համար Անդրեասն առաջարկում է նվերների
մի մասը շահին տալ իբրև Աթոռի պարտք՝ կաթողիկոսին ազատելու դիմաց: Տանը Անդրեասը կազմում
է երեխաների ցուցակները: Նրա կինը վատ երազ է տեսել և վախենում է կորցնել ամուսնուն:
Նախքան ամուսնանալը նրան ցանկացել էր հափշտակել Շահռուխը՝ իբր շահի հարեմի համար, և
Անդրեասը կանխել էր նրան և ապա ամուսնանալով Վարդենիի հետ, որին մինչ այդ սիրահարվել
էր, խափանել էր Շահռուխի ծրագրերը: Անդրեասը, սակայն, չի կարողանում իր ծրագրերը ամբողջությամբ
կատարել: Հայր սուրբը մեղադրում է նրան այդպիսի հանդուգն քայլերի համար և արգելում
է թաքցնել երեխաներին: Նա վիրավորված է, որ Անդրեասը գործելուց առաջ նախ չի խնդրել
իր՝ վարդապետի, առաջնորդի հաճությունը: Վարդապետի առաջ մինչ այդ չարախոսել էր նաև Տեր-Սարգիսը՝
ասելով, որ կաթողիկոսը նախ նրան էր ուղարկել նամակը: Վարդապետը կարդում է Ամիրգյունե
խանի նամակը, ըստ որի ոչ մի «մանկաժողով» էլ չի լինելու, սակայն դա պաշտոնական թուղթ
է, իսկ «մանկաժողովի» մասին ինքը Ամիրգյունեն է հայտնել հայրապետին: Ինչու պետք է պարսիկ
խանը չկամենա հայ զավակներին շահի դուռը տանել, իսկ վարդապետը՝ ոչ: Նրանք համաձայնության
չեն գալիս, և Անդրեասը հեռանում է: Նույն օրը Տեր-Անդրեասին այցելում է հայր Մատթեոս
Երազմոսը՝ Հռոմի պապից կարգված ընդհանրական առաջնորդն և արքեպիսկոպոսը: Նա առաջարկում
է Անդրեասին Ագուլիսի բոլոր ընտանիքների անունները, որոնք ունեն գեղեցիկ երեխաներ,
ցուցակագրել և հանձնել իրեն, որպեսզի նա Շահաբասին հայտնի, թե նրանք ունիթորներ են,
պատկանում են իր հոտին: Սրբազան պապի գերապայծառ նվիրակը՝ հայր Պողոս Մարիա-Չիտտագինին,
խոսել է կաթողիկոսի հետ, պապի նամակն է բերել շահին, որում պապը Շահաբասին ներկայացրել
է երեք խնդիր՝ «պարսկի փոխարեն՝ հայ ունիթոր կարգել վերատեսուչ այն գավառների վրա,
ուր ապրում են վերջինները, «Մանկաժողով» չանել
Հռովմա գահին հավատարիմ բոլոր հայերի մեջ, վերադարձնել սրբազան սպասները, որոնք
հափշտակել են պարսիկները»: Շահաբասը այդ երեք խնդիրներն էլ կատարել է: Սակայն Անդրեասը
հրաժարվում է հայերին պապական, այն է՝ կաթոլիկ հռչակելուց, թեև առաջնորդը համաձայնել
էր, պայմանով, որ Անդրեասն էլ կհամաձայնի, քանի որ նա մեծ հեղինակություն ունի և բոլորը
կհետևեն նրան: Շահին դիմավորելու պատրաստությունները արվում են և Անդրեասին հրամայվում
է նշանակված օրը գտնվել Որտուատում իր բոլոր աշակերտներով: Աշակերտների ծնողները ներկայանում
են առաջնորդին, և նրանցից մեկն առաջարկում է աշակերտներին տգեղացնել, սափրել գլուխները,
ինքը, քանի որ վարսավիր է, գիտի մի դեղ, որը գոնջի պես վերք է գոյացնում: Շահը, նման
երեխաների տեսնելով, իհարկե, չի ցանկանա նրանց իր հետ տանել: Անդրեասն այս մասնին ուշ
է իմանում և շատ տխրում է, քանի որ շահը դա անմիջապես կնկատի և այդպես էլ լինում է:
Շահաբասը շատ գոհ է հայերի ընդունելությունից, բայց հանկարծ նկատում է սափրած գլուխներով,
հիվանդոտ երեխաներին և դա որպես անարգանք է ընդունում: Քննությունը բացահայտում է,
որ հիվանդությունը արհեստական է, և շահը չափազանց բարկանում է, հրամայում խոստովանել,
թե ով է կազմակերպողը: Տեր-Անդրեասը մեղքը իր վրա է վերցնում՝ փրկելով բազմաթիվ երեխաների
ու հայերի: Շահաբասը նրա առաջ պայման է դնում՝ դառնալ մահմեդական կամ սպանվել: Անդրեասի
քաջ ու անվրդով պահվածքից շահն ավելի է կատաղում և այլևս ոչ ոք չի կարողանում նրա գութը
շարժել, որքան էլ որ նվերներ են տալիս, բարեխոսներ գալիս: Անգամ Խոջա-Անձրևի կին Սառա-խաթունը,
որին շահը մայր էր անվանում, չի կարողանում մեղմել իրավիճակը: Շահը տեսնում է գեղեցկուհի
Վարդենիին, որը խնդրում է ազատել ամուսնուն, սակայն շահը կանանց էլ է մերժում՝ առաջնորդվելով
Շահռուխի խորհուրդներով: Անդրեասին ամեն օր հանում են հրապարակ, գանահարում և տանում:
Երիտասարդ երեցը, սակայն, դիմանում է տանջանքներին, և նրա հոգին չի նվաղում: Այս հանգամանքից
փորձում են օգտվել ունիթորները և պապի անունով ազատել Անդրեասին: Դա մեծ հնարավորություն
է նրանց համար, որպեսզի, այնուհետև ժողովուրդը գնա նրանց հետևից: Վերջին վայրկյանին,
երբ պատրաստվում են կախել երեցին, գալիս են շահի հեծյալներ՝ բերելով շահի ներման հրովարտակը:
Սակայն Անդրեասը տխուր է ի զարմանս բոլորի: Նա հեռվից տեսել է Երազմոսին և Չիտտագինիին
և հասկացել, թե ինչու է շահը ներել իրեն: Հրովարտակի ընթերցումից հետո Անդրեասը խնդրում
է, որ իրեն թույլ տան խոսել: Նա հայտնում է, որ նախորդ օրը իրեն այցելել է հայր Երազմոսը՝
առաջարկելով ունիթոր դառնալ, հպատակել պապին, նա մերժել է նրան, քանի որ դա նույնն
է, ինչ դառնալ մահմեդական: Եթե կաթողիկոսը կապված է շղթաներով,, ինչու նրա սպասավորը
պետք է շրջի: Անդրեասը իր երկար խոսքից հետո պատռում է հրովարտակը: Դահճապետը դաշույնով
իսկույն խոյանում է նրա վրա: Այնուհետև նրան կախում են գլխիվայր, որպես մեծ ոճրագործի,
որպեսզի նրա տանջանքները երկար տևեն: Փորոտիքը դուրս թափված՝ Անդրեասը սոսկալի տանջանքների
մեջ հոգին ավանդում է արևը մայր մտնելու մոտ: Եղելությունը իմանալով՝ կատաղած շահը
հրամայում է չամփոփել նրա դիակը, և այն հինգ օր մնում է դաշտում հսկողության տակ, որ
հայերը չմոտենան: Այս ընթացքում շահը հրամայում է հարեմ բերել տեր-Անդրեասի կնոջը:
Շահռուխը դա փորձում է անել մի պառավ թրքուհու միջոցով: Վարդենին իր մտքում որոշել
է վրեժ լուծել Շահռուխից՝ հասկանալով, որ այս ամենը նրա պատճառով է, և պառավին ասում
է, որ ինքը կգնա, միայն թե թող իրեն մի ձեռք զինվորական հագուստ ուղարկեն, որպեսզի
ծպտյալ դուրս գա տնից, որ ազգակիցները չքարկոծեն նրան: Երբ հասնի Շահռուխ բեկի մոտ,
այնուհետև նա թող իրեն ներկայացնի շահին ինչ ձևով որ կկամենա: Այսպես հիմարացնելով
նրանց՝ Վարդենին գնում է Շահռուխի մոտ և դաշույնը խրում հեշտասեր պարսիկի կուրծքը՝
անմիջապես սպանելով վերջինիս: Շահռուխի սպանության լուրը սարսափեցնում է շահին: Քննություն
է սկսում: Վարդենին ներկայանում է Ամիրգյունա խանին, խոստովանում իր արածը և ցույց
տալիս զինվորական հագուստն ու արյունոտ սուրը: Խանի խորհրդով նրան տանում են Ցղնա և
պատսպարում Խոջա-Անձրևի տանը: Խանը այս մասին հայտնում է շահին և խորհուրդ է տալիս
նրան չգրգռել ժողովրդին, քանի որ եթե մի թույլ կին սպանել է այդ հսկա Շահռուխին, շատ
քաջ հայրեր ինչե~ր կարող են անել: Շահը լսում է նրան և ոչ միայն ներում մանկամարդ տիրուհուն,
այլև հրաման տալիս ամփոփել նահատակի մարմինը, որ ժողովրդի հուզումը դադարի: Խոհեմ համարելով
չհայտնել իրական սպանողին՝ ասում են, որ Շահռուխին սպանել է նրա թիկնապահներից մեկը,
որն այժմ փախել է: Իսկ Տեր-Անդրեասին հանդիսավորությամբ ամփոփում են ս. Հովհաննես եկեղեցու
ս. Ստեփաննոս կոչվող խորանի տակ, ձախակողմյան ավանդատանը: Նրան համարում են սուրբ,
իսկ նրա շիրիմը ծածկված է մի պարզ տապանաքարով:
Մուրացան | Անդրեաս երեց | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 15, 2016
Rating:
