
Տակիտոսի առաջին աշխատությունը
«Տրամախոսություն հռետորների մասին» (98) երկն է: Գիրքը շարադրված է հարց ու պատասխանի
ձևով, որ տեղի ունի Մ. Ապրուսի, Հուլիոս Սեկունդուսի, պոետ Կուրիատ Մատերնուսի և Վիպստանուս Մեսալլայի միջև: Սրանք Վեսպասիանոսի ժամանակի
խոշոր հռետորներ են և պոեզիայի ու հռետորության վերաբերյալ պաշտպանում են տարբեր հայացքներ:
Ոմանք պաշտպանում են պոեզիայի առաջատար նշանակությունը, իսկ մյուսները՝ հռետորության:
Տրամախոսությունը կրկնում է Կիկերոնի ազդեցությունը և շարադրված է կիկերոնյան ոճով: Տակիտոսի երկրորդ գործը կոչվում
է՝ «Գիրք Հուլիոս Ագրիկոլայի կյանքի ու վարքի մասին» (98 թ.): Այստեղ նկարագրվում են
Բրիտանիայում հռոմեացիների մղած պատերազմները: Տեղեկությունները ստացել է իր աներոջից՝
Ագրիկոլայից: Նույն տարում Տակիտոսը գրում
է «Գերմանիան»: Գերմանացիները հռոմեացիների դեմ մղած պատերազմներում ցուցաբերել են
քաջություն և ջարդել են բանակներ, բայց և այնպես վերջնական հաղթանակ են տարել հռոմեացիները:
Գրքի առաջին մասը Գերմանիայի աշխարհագրական տեղանքի նկարագրությունն է: Մյուսում պատմվում
է գերմանացիների ծագման մասին, նրանց բարքերի, սովորույթների: Առանձնապես կարևոր են
Տակիտոսի վերջին երկու երկերը՝ «Պատմությունները» և «Տարեգրությունները»: Առաջինը պատմում
է Ներոնի մահից (68թ.) մինչև Դոմիտիանոս կայսրի մահը (96 թ.), իսկ երկրորդը՝ «Տարեգրությունները»,
Օկտավիանի մահից (14 թ.) մինչև Ներոնի մահը տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին: Այդ երկերը
շարունակում են միմյանց: Հաղորդվում է կայսրերի ժամանակաշրջանի սարսափների և արհավիրքների
մասին: Տակիտոսը մռայլ հայացքով է դիտում հատկապես Դոմիտիանոսի օրերի դաժան ժամանակը:
Նա համակրանքի գծերով է ներկայացնում գերմանական ժողովուրդների պարզունակ կյանքը, նահապետական
կենցաղն ու սովորույթները: Քննադատելով կայսերական իշխանությունը, նա այդուհանդերձ
սա համարում է իշխանության միակ ճշմարիտ ձևը: Ակցիումի ճակատամարտից հետո ըստ Տակիտոսի,
երբ հաստատվում է միանձնյա ղեկավարություն, դադարում է խոսքի ազատությունը: Նա գովում
է Ագրիկոլային, Ներվային և Տրայանոսին, որոնք մեծացնում են պետության բարօրությունը:
Բացասական գույներով է ներկայացնում Ներոնին, Տիբերիոսին, Դոմիտիանոսին: Իր ժամանակը
Տակիտոսին չի գնահատել ըստ արժանվույն: Տակիտուսով հետաքրքրվել են Վերածնության շրջանում:
Բոկաչչոն իր «Նշանավոր կանանց մասին» գրքում օգտագործել է Տակիտոսին: Նրանից օգտվել
են՝ Կոռնեյլը և Ռասինը: Պուշկինը «Տարեգրություններից» ներշնչված է ստեղծել իր «Բորիս
Գոդունովը»:
Հայերի և հռոմեական տիրապետության
տակ գտնվող մյուս ժողովուրդների մասին Տակիտոսը խոսում է արհամարհանքով, հռոմեական
շովինիզմի դիրքերից: Այդ իմաստով նրա երկերը ունեն պետական վառ արտահայտված գաղափարախոսություն:
Տես նաև Սենեկա Բարոյական նամակներ Լուցիլիուսին, Պլուտարքոս Զուգահեռ կենսագրություններ, Վերգիլիուս Էնեական
Կոռնելիոս Տակիտոս | Կյանքը և գործը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 05, 2016
Rating:
