
Ստորև ներկայացնում ենք հատված «Գրամշիի «Մարդկության շրջանակը»
և Հայաստանը» գրքից (Համահեղինակներ՝ Ալբերտ Ստեփանյան, Արա Մերջեան, Սմբատ Հովհաննիսյան
և Նարեկ Մկրտչյան, ՓՐԻՆԹԻՆՖՈ հրատարակչություն, Երևան, 2016):
Գիրքը կոլեկտիվ մենագրություն է, որտեղ ներկայացվում են Գրամշիականության
և Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությունները: Ուշադրության կիզակետում պահելով
իտալացի մարքսիստ տեսաբան Անտոնիո Գրամշիի՝ 1916 թ. Հայոց ցեղասպանության մասին գրված
«Հայաստան» ակնարկ-հոդվածը՝ հիղինակներն այն
հետազոտել են Գրամշիի գերիշխանության տեսության ծիրում: Առաջադրվել է մի դրույթ,
համաձայն որի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կարևորագույն քայլերից է Հայաստանը
և հայությունը Գրամշիի մատնանշած «մարդկության շրջանակի» մեջ ներառելը: Գիրքը հասցեագրված
է պատմագետներին, քաղաքագետներին, միջազգայնագետներին, փիլիսոփաներին, ինչպես նաև հայոց
պատմությամբ հետաքրքրվող լայն հասարակությանը:
Անտոնիո Գրամշի
Հայաստան
Միշտ էլ այդպես է: Որպեսզի իրադարձությունը հետաքրքրի մեզ,
հուզի, դառնա մեր ներքին կյանքի մի մասը, անհրաժեշտ է, որ այն տեղի ունենա մեր շուրջ,
մարդկանց մերձակայքում, որոնց մենք հաճախ տեսնում և լսում ենք, և որոնք գտնվում են
մեր մարդկության շրջանակում: Բալզակն իր «Հայր Գորիոյում» հարցնում է Ռասինյակին.
«Եթե իմանայիր, որ երբ ամեն անգամ նարինջ ես ուտում, մի չինացի
է մահանալու, վերջ կտայի՞ր նարինջ ուտելուն»:
Ռաստինյակը մոտավորապես [այսպես] է պատասխանում.
«Նարինջները և ես մոտ ենք միմյանց, և ես ծանոթ եմ նրանց,
մինչդեռ չինացիներն այն քան հեռու են, որ ես անգամ վստահ չեմ, որ նրանք գոյություն
ունեն»:
Անշուշտ, մենք երբեք չենք տա Ռաստինյակի ցինիկ պատասխանը,
բայց և այնպես, երբ լսեցինք, որ թուրքերը հարյուր հազարավոր հայերի ենթարկել են զանգվածային
կոտորածների, զգացի՞նք մարմնի նույն ծակող սուր ցավը, որը մենք զգում էինք ամեն անգամ,
երբ ականատես էինք լինում խոշտանգված դժբախտ մարմինների, և որը ուժգնորեն զգացինք անմիջապես
գերմանացիների Բելգիա ներխուժելուց հետո:
Մեծ անարդարություն է անծանոթ լինելը: Սա նշանակում է լինել
մեկուսացված, փակված սեփական ցավի մեջ՝ առանց օգնության և կարակցանքի հնարավորության…
Թարգմանությունը՝ Արա Մերջեան
Գրամշիի «Մարդկության շրջանակը» և Հայաստանը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 24, 2017
Rating:
