
Ջուրը հայի համար սրբազան բան է, ինչպես կրակը: Իր բանջարանոցը,
ծառերը կամ որթատունկերը ջրող այգեպանը մասնակից է դառնում մի ծիսակատարության, որը
նրա համար խորունկ իմաստ ունի և տալիս է մեծ գոհունակություն: Ֆրեզնոյի այգեպաններն
իրենց զբոսախնջույքի համար գնում էին ոռոգման ջրանցքների գլուխը կամ Սան Խոակին գետի
ու Քինգս գետի ափերը: Պետք է ջուրը տեսնեին այնտեղ, ուր հոսանքն ամենից ավելի առատ
է: Պետք է ջրի մոտ լինեին:
Ամբողջ շաբաթվա ընթացքում ամեն մի ընտանիք Գետ գնալու ծրագրեր
էր կազմում, և կիրակի վաղ առավոտյան կամ եկեղեցուց անմիջապես հետո, ընտանիքը նստում
էր ձիակառք կամ ավտոմեքենա և քշում դեպի Գետ՝ ամբողջ օրն անցկացնելու ջուրը դիտելով,
հոտոտելով, լսելով:
Գետ գնալը Հայաստան վերադառնալու կամ էլ երիտասարդության
օրերին դառնալու և անդորրի երկակի վիճակը.
երեխաները պարում էին արագահոս ջուրը տեսնելով, վազում նետվում էին մեջը և լողում,
ծերերը հենց նստում և իրենց գոյությունն էին վայելում մի այնպիսի տեղում, որ հիշեցնում
էր իրենց սեփական երկիրը:
Ձմերուկ ուտելը նույնպես խոր իմաստ ունի հայերի համար: Ձմերուկի
հետ սպիտակ հաց և սպիտակ պանիր՝ սիրած ճաշ է ամռանը: Յուրաքանչյուր հայկական սեղանի
վրա մի սափոր ջուր կա միշտ: Հայ մարդը միշտ իր գնահատականն է տալիս որևէ տեղի ջրի որակին:
Հայերի հենց Ֆրեզնոյում հաստատվելու պատճառներից մեկն այն
էր, որ տեղի ջուրը ամենից ավելի նման էր Հայաստանի ջրին: Ֆրեզնոյի շրջանում և փաստորեն
ամբողջ Սան Խոակին հովտի մեծ մասում հողը բավական նման էր Հայաստանի հողին, կամ էլ
գեթ հիշեցնում էր Հայաստանի շատ շրջանների հողը, վստահաբար: Այս հողում ծաղկում էին
ծառերն ու որթատունկը, հատկապես ծիրանի ծառը: Հայկական ազնվագույն երգերից մեկը կոչվում
է Ծիրանի ծառ: Հայերը շուտով թթենի տնկեցին ու ջրեցին, որովհետև թթենին մի ծառ է, որը
գիտեին ու սիրում էին Հայաստանում: Տնկեցին նաև նռնենի, ձիթենի, նշենի և ընկուզենի,
շատերը փորձեցին նաև պիստակենի աճեցնել, բայց պիստակենին չաճեց Կալիֆորնիայում: Ցանեցին
ձմերուկ, սեխ, չաման: Ցանեցին սմբուկ, լոբի, վարունգ, դդում, լոլիկ, պղպեղ, ազատքեղ,
անանուխ և տեսակ-տեսակ կանաչի: Տնկեցին բոլոր տեսակի որթատունկերը: Եվ ածու-ածու ջուր
տարան այս բոլորին, բահն ի ձեռն առաջնորդելով ու չափավորելով առվի հոսանքը:
Եթե ուզում եք տեսնել իսկապես բարեպաշտ մի մարդու, որ իր
գործն է կատարում, գնացեք Ֆրեզնո և դիտեք իր ծառերը, որթատունկերն ու բանջարանոցը ջրող
այգեպանին:
Կային նաև Ֆրեզնոյից ավելի լավ քաղաքներ, ուր կարելի էր ապրել,
բայց Ֆրեզնոյում լավ ջուր կար, կար հայրենիքի ջուրը, և գնացին այնտեղ ապրելու: Եվ բոլորը
չէ, որ այգեպան էին:
Ես հիշում եմ դերասան Ոստիկանյանին Քինգս գետի ափին խնջույքի
ժամանակ, 1918-ի ամռան մի կիրակի օր: Նա գրեթե ութսուն տարեկան էր: Մեկ ամիս առաջ նրան
տեսել էի մի ներկայացման մեջ, որը չէի հասկացել, բայց խորապես ըմբոշխնել էի, և Ոստիկանյանը
փառավոր էր այդ երեկո: Ուրախություն էր լսել նրա հայերենը՝ լինի բեմից, լինի հենց խնջույքում:
Նա հայերի համար խաղացել էր աշխարհի զանազան քաղաքներում, հաշված Փարիզը, Հռոմը, Բեռլինը,
Լոնդոնը, Կալկաթան, Բոմբեյը, Կահիրեն, Կոստանդնուպոլիսը, Բեյրութը, Բուենոս Այրեսը,
Ռիոն և շատ ուրիշ քաղաքներ: Խոսում էր լավ անգլերեն, սքանչելի ռուսերեն, ֆրանսերեն,
գերմաներեն, իտալերեն:
Հիշում եմ նրան խոտի վրա նստած, գետափին, հսկա մի չինարի
տակ, բարեկամների հետ զրուցելիս: Նրանցից մեկը նկարների և արվեստի հազվագյուտ առևտրական
էր, եկել էր Նյու Յորքից և Չինաստան ու Հնդկաստան էր գնում գործով: Այս մարդն ուզեց
իմանալ, թե ինչու Ոստիկանյանն աշխարհի բոլոր տեղերից ընտրել էր Ֆրեզնոն՝ կյանքի վերջին
տարիներն անցկացնելու: Ոստիկանյանը նայեց նրան ու ժպտաց:
- Մի որսորդ,- ասաց նա,- այնքան գեղեցիկ մի թռչուն բռնեց
թակարդով, որ ասաց ինքն իրեն. «Մեղք կլիներ վերջ տալ այս արարածի կյանքին: Կտանեմ տուն,
մի սքանչելի վանդակ կշինեմ նրա համար, ուտելիք ու ջուր կտամ, և ամբողջ հոգով կսիրեմ
նրան, որովհետև ուրիշ այսպիսի թռչուն չեմ տեսել»:
Որսորդը թակարդից ազատեց թռչունին, շոյեց նրա փետուրները,
քնքուշ ու սիրային խոսքեր ասաց նրան, տարավ տուն: Մի գեղեցիկ վանդակ շինեց թռչունի
համար, դրեց նրան վանդակի մեջ, կուտ, ջուր դրեց նրա առաջ: Մի տարի պահեց թռչունին,
բայց երեկո, երբ տուն էր գալիս ու մոտենում վանդակին, լսում էր, որ թռչունը հառաչում
է ու ասում. «Ա՜խ, հայրենիք»:
Վերջապես որսորդն ասաց:
- Թռչուն, ասա՛ ինձ: Որտե՞ղ է այդ քո երկիրը, որի կարոտն
ես քաշում այսպիսի վշտով:
- Ցույց կտամ քեզ,- ասաց թռչունը:
Որսորդը բացեց վանդակի դռնակը, և թռչունը դուրս թռավ: Թռչում
էր թռչունը, որսորդն էլ գնում ետևից: Մի ամբողջ ամիս, գիշեր ու ցերեկ, թռչունը թռչում
էր, որսորդն էլ գնում ետևից, անցնելով բոլոր տեսակի տեղերով, մինչև ի վերջո թռչունը
հասավ մի այնպիսի ամայի, տոթ, չոր, ժայռոտ ու ամուլ տեղ, որ կարծես աշխարհի ծայրն էր:
Թռչունը վերջապես թառեց մի փոքր ու չոր ծառի վրա, որ ծածկված
էր փշերով ու փոքր, փխրուն տերևներով: Եվ թռչունն ասաց որսորդին.
- Այս է իմ երկիրը:
Ոստիկանյանը ժպտաց Նյու Յորքից եկած մարդուն և ասաց.
- Ա՛յ մարդ, սա Հայաստանը չէ՞ միթե, ի սեր Աստծո: Այս ջո՜ւրը,
այս հո՜ղը, այս որթատունկե՜րը…
Թարգմանությունը անգլերենից՝ Կարպիս Սուրենյանց
Տես նաև Վիլյամ Սարոյան Պատմվածքներ
Վիլյամ Սարոյան | Ծիրանի ծառ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 01, 2017
Rating:
