
1939-ի սեպտեմբերի 3-ին, Ջոն անունով մի տղա վազելով մտավ
Մորագա էվընյուի վրա գտնվող սափրիչատունը, ուր մազերս էի կտրել տալիս:
- Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում,- ասաց նա:
Պրն. Տագալավիան մի ձեռքից սանրը գցեց, մյուսից՝ մկրատը:
- Դո՛ւրս սափրիչատնից,- ասաց նա: - Առաջ էլ ասել եմ քեզ:
- Ի՞նչ է անունդ,- ասացի ես տղային:
- Ջոն,- ասաց նա:
- Քանի՞ տարեկան ես,- ասացի:
- Տասնմեկ,- ասաց Ջոնը:
- Դո՛ւրս իմ սափրիչատնից,- ասաց պրն. Տագալավիան:
Ես այն տպավորությանն էի, թե պրն. Տագալավիան Ջոնին է ասում,
բայց երևի նրան չէ, ինձ էր ասում: Հո ինքն իրեն չէ, որ ասում էր:
Ջոնը դուրս էր գնացել արդեն:
Սափրիչը հանեց գոգնոցը և մի կողմ նետեց:
- Ո՞վ,- ասացի ես:
- Դուք,- ասաց պրն. Տագալավիան:
- Ինչո՞ւ:
- Ես աշխատում եմ, որ իմ սափրիչատունը պատվավոր լինի:
- Ես պատվավոր մարդ եմ:
- Դուք խոսեցիք այդ հիմար տղայի հետ,- ասաց սափրիչը: - Չեմ
ուզում, որ ձեզ նման մարդիկ գան իմ սափրիչատունը:
- Նա հիմար չէր թվում,- ասացի:
- Հիմար, հիմա՛ր տղա է,- ասաց սափրիչը: - Ես չեմ ուզում,
որ հիմար մարդիկ գան այստեղ:
- Գուցե իրոք մի քիչ հիմար բան էր, որ տղայի անունը հարցրի,-
ասացի ես: - Կներեք դրա համար: Ես գրող եմ, գիտե՞ք, և միշտ հարցեր եմ տալիս մարդկանց:
Ներողություն եմ խնդրում: Հաճեցեք ավարտել մազերիս գործը:
- Ոչ,- ասաց սափրիչը: - Վե՛րջ:
Վեր կացա բազկաթոռից և նայեցի գլխիս: Դեռ գործի կեսն անգամ
չէր արվել: Գլուխս դեռ պատշաճ ձևը չէր ստացել, բայց այդպես էլ կարող էի անցնել երեք
կամ չորս թաղամաս և գնալ մի սովորական սափրիչի մոտ, որ ավարտի գործը: Փողկապս կապեցի
և բաճկոնս հագա:
- Ներեցեք,- ասացի,- ի՞նչ է պարտքս:
- Ոչինչ,- ասաց սափրիչը: - Ձեզ նման մարդկանցից փող չեմ ուզում:
Եթե սոված մնամ, եթե ընտանիքս սոված մնա՝ հոգ չէ: Ոչ մի փող հիմար մարդկանցից:
- Կներեք,- ասացի,- բայց կարծեմ մի բան պարտք եմ ձեզ: Գուցե
35 սե՞նտ:
- Ոչ մի պեննի,- ասաց սափրիչը: - Խնդրեմ, դուրս գնացեք: Արածս
թող նվեր լինի ձեզ: Ես տալիս եմ մարդկանց: Չեմ առնում: Ես մարդ եմ, ոչ թե հիմար:
Գուցե դրա վրա պետք է սափրիչատնից հեռանայի արդեն, բայց վստահ
էի, որ նրա իսկական ուզածը խոսելն էր:
Ես ունեմ հասկանալու կարողություն, որ սովորականից բարձր
է, երբեմն նույնիսկ գերբնական: Զգում եմ որոշ բաներ, որ ուրիշ մարդիկ, այս կամ այն
պատճառով, ընդունակ չեն զգալու:
(Երբեմն սխալ է լինում զգացածս և փորձանքի մեջ գցում ինձ,
բայց տակից դուրս գալու ճարը գտնում եմ սովորաբար: Մի անուշ խոսք: Ձայնի մեջ բարեկամական
շեշտ: Աշխարհիկ վերաբերմունք այսպիսի բաների նկատմամբ: Բոլորս եղբայրներ ենք: Ամեն
մեկիս վերջը մահ է: Սիրենք իրար և աշխատենք չբարկանալ:)
Զգացի հիմա, որ սափրիչը տագնապել էր կամ ջղայնացել, որ ուզում
էր խոսել ու լսող ունենալ. և որ, իրականում, եթե սխալ չէր իմ ենթադրությունը, նրա ասելիքն
ուղղված էր աշխարհին: Հազարավոր մղոններ էր ճամփորդել, նա չէր կարող գտնել մի մարդ,
որ ավելի պատրաստ լիներ լսելու նրա ասելիքը կամ հաղորդելու աշխարհին:
- Մի սիգարե՞տ,- ասացի:
- Ոչինչ չեմ ուզում,- ասաց սափրիչը:
- Գուցե օգնե՞մ սրբիչները դասավորել:
- Դուրս գնացեք իմ սափրիչատնից:
Եթե երբևէ հանդիպել եմ ինձ նմանին, ահա այս մարդն է երևի:
Ժամանակակից գրականության ընթացքին հետևող որոշ կանայք երբեմն ասել են, թե ես առեղծվածային
մարդ և անկանխատեսելի մարդ եմ, բայց ես գրող եմ վերջապես: Կարելի է գրողից սպասել,
որ նա տպավորություն գործի առեղծվածային լինելով և այլ նման բաներով, բայց սափրիչից
սովորաբար սպասում ես, որ մազերդ հարդարի կամ երեսդ սափրի կամ երկուսն էլ անի, մի քիչ
էլ զբաղեցնի սիրալիր զրույցով, ուրիշ ոչինչ: Կարդալու ժամանակ ունեցող կանայք երևի
կարծում են, որ գրողի համար բնական է այս կամ այն փոքր մտասևեռումն ունենալը, իսկ գրողը
գուցե միակն է աշխարհում, որ կարող է նման առանձնաշնորհումներ թույլ տալ, որ սափրիչն
ունենա:
Գրողները այնքան էլ հպարտ մարդիկ չեն: Գիտեն, որ մահկանացու
են իրենք ու պիտի մեռնեն մի օր և մոռացվեն: Գալիս ենք, գնում ենք ու մոռացվում: Իմանալով
այս բոլորը, գրողը մեղմ ու բարի է այնտեղ, ուր մի ուրիշ մարդ խիստ է ու անբարյացակամ:
Որոշեցի սափրիչին առաջարկել մազերը հարդարելու լրիվ արժեքը:
65 սենտ՝ 35-ի փոխարեն: Մարդ միշտ էլ կարող է մազերը հարդարել տալ: Կան ավելի կարևոր
բաներ, քան այն միտքը, թե խաբված ես:
- Ներեցեք,- ասացի,- ես չեմ կարծում, թե խաբված ես:
- Ներեցեք,- ասացի,- չեմ կարծում, որ արդար կլինի, եթե չվճարեմ
ձեզ: Ճիշտ է, չեք վերջացրել իմ մազերի գործը, բայց գուցե մի ուրիշ օր: Ես մոտ եմ ապրում:
Մենք նորից տեսնելու ենք իրար:
- Դուրս գնացեք իմ սափրիչատնից,- ասաց սափրիչը: - Չեմ ուզում,
որ ձեզ նման մարդիկ գան այստեղ: Էլ մի՛ եկեք: Ժամանակ չունեմ:
- Ի՞նչ եք ուզում ասել՝ ինձ նման մարդիկ: Ես գրող եմ:
- Ի՞նձ ինչ, թե դուք ինչ եք,- ասաց պրն. Տագալավիան: - Դուք
խոսեցիք այդ հիմար տղայի հետ:
- Մի քանի բառ միայն,- ասացի ես: - Չգիտեի, որ դա ձեզ տհաճ
կլինի: Երևում էր՝ տղան հուզված է և շատ է ուզում, որ մեկն ու մեկը հասկանա իրեն:
- Նա հիմար, հիմա՛ր տղա է,- ասաց սափրիչը:
- Ինչո՞ւ եմ ասում այդպես,- ասաց սափրիչը: - Որովհետև իսկապե՛ս
հիմար է: Վեց օր է արդեն՝ ամեն օր վազում մտնում է այստեղ ու գոռում. «Պատերա՜զմ: Պատերա՜զմ:
Պատերա՜զմ»:
- Չեմ հասկանում,- ասացի:
- Չեք հասկանում,- ասաց սափրիչը: - Պատերա՜զմ: Չգիտեմ դուք
ով եք, բայց ձեզ մի բան ասեմ:
- Անունս Դոնալդ Քեննեբեկ է,- ասացի: -Կարող եք լսած լինել
իմ մասին:
- Իմ անունը Նիկ Տագալավիա է,- ասաց սափրիչը: - Երբեք չեմ
լսել ձեր մասին:
Լռեց ու նայեց աչքերիս մեջ:
- Պատերա՞զմ,- ասաց:
- Այո,- ասացի ես:
- Դուք հիմար եք,- ասաց սափրիչը: - Մի բան ասեմ ձեզ,- շարունակեց:
- Չկա՛ պատերազմ: Ես սափրիչ եմ: Չեմ սիրում
մարդկանց, որ հիմար են: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Ուզում են իմանալ՝ դեռ հիմա՞ր
են մարդիկ: Այո՛, հիմար են: Մարդիկ երբեք այսքան հիմար չեն եղել: Տղան վազում գալիս
է այստեղ ու ասում՝ «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում», իսկ դուք խոսում եք նրա հետ:
Քաջալերում եք: Նա իսկույն հավատում է ամեն ինչի, ձեզ նման:
Սափրիչը լռեց ու կրկին շատ ուշադիր նայեց ինձ: Ես գլխարկս
հանեցի, որպեսզի նա տեսնի, թե որքան է կտրել մազերս և ինչքան է կիսատ թողել:
- Ի՞նչ եք զգում,- ասաց նա:
- Հուշեր,- ասացի:
- Դուք հիմար եք,- ասաց սափրիչը: - Ինչո՞ւ եք քաջալերում
տղային: Առանց պատերազմների էլ նա բավական գլխացավանքներ է ունենալու: Ինչո՞ւ եք հարցնում՝
«Քանի՞ տարեկան ես»:
- Ինձ թվաց՝ ժիր ու խելոք տղա է,- ասացի: - Պարզապես ուզում
էի՝ նա իմանար, որ նկատել եմ դա:
- Չեմ ուզում, որ ձեզ նմա մարդիկ իմ սափրիչատունը գան,- ասաց
սափրիչը:
- Ինձ նման մարդի՞կ,- ասացի: - Ես ատում եմ պատերազմը:
- Լռե՛ք,- ասաց սափրիչը: - Աշխարհը ձեզ նման հիմարներով է
լեցուն: Ատո՜ւմ եք պատերազմը, բայց Եվրոպայում կա՜ պատերազմ, հա՞:
Այս ակնարկությունն արդեն մի քիչ շատ տարօրինակ էր:
- Կներեք,- ասացի,- ես չեմ սկսել պատերազմը:
- Ատում եք պատերազմը,- ասաց նորից սափրիչը: - Ձեզ ասում
են, որ պատերազմ կա Եվրոպայում, դուք էլ ուրեմն հավատում եք, որ պատեազմ կա Եվրոպայում:
- Պատճառ չունեմ հավատալու, որ Եվրոպայում խաղաղություն է,-
ասացի:
- Ատո՛ւմ եք պատերազմը,- ասաց նա: - Թերթը լույս է տեսնում,
վերնագիրը՝ «Պատերազմ»: Տղան վազելով գալիս մտնում է սափրիչատուն: Պատերազմ: Դուք գալիս
մտնում եք ձեր մազերի համար: Պատերազմ: Ամեն մարդ հավատում է: Աշխարհը հիմարներով է
լեցուն: Ինչի՞ց են թափվել ձեր մազերը:
- Տենդախտից,- ասացի:
- Տենդախտի՜ց,- ասաց սափրիչը: - Ձեր մազերը թափվել են, որովհետև
հիմար եք: Էլեկտրական մեքենա: Սանր: Մկրատ: Մա՛զ չունեք կտրելու: Սուտ բան է այս ամբողջ
աղմուկը: Էլ չեմ ուզում, որ հիմարները գան այստեղ ու ինձ ջղայնացնեն: Չկա՛ պատերազմ:
Ճիշտ էի հասկացել, որ սափրիչն ասելիք ուներ և ուզում էր գտնել
մի մարդ, որին ասեր: Շատ գոհ էի:
- Դուք նշանավոր մարդ եք,- ասացի:
- Մի՛ խոսեք,- գոռաց սափրիչը: Ես 11 տարեկան հիմար տղա չեմ:
Ես 59 տարեկան եմ: Նշանավոր մա՜րդ: Թերթեր: Քարտեզներ: Դուք մա՛զ չունեք ձեր գլխին:
Ի՞նչ եմ կտրելու ձեր կարծիքով: Տղան վազելով ներս է մտնում: Չեք կարողանում հանգիստ
նստել: «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում»,- ասում է նա: «Ի՞նչ է անունդ: Քանի՞ տարեկան
ես»: Ի՞նչ է պատահել: Խելագարվե՞լ եք:
- Ես չէի ուզում խռովել ձեր սիրտը,- ասացի: - Թույլ տվեք
վճարել:
- Երբեք,- ասաց սափրիչը: - Ոչինչ չեմ ուզում: Դա մազ հարդարել
չէ: Ոչ մի պեննի: Եթե մազ ունեցող մեկը գա և նստի այստեղ, ես կվերցնեմ էլեկտրական մեքենան
և կհարդարեմ: Մազերը կընկնեն հատակին: Ոչ մի խնդիր: Ոչ մի հուզմունք: Ոչ մի հիմարություն:
Բազկաթոռից վեր է կենում: Գլուխը լավ ձև է ստացել: Ականջները զով են: 65 սենտ: Շնորհակալ
եմ: Ցտեսություն: Տղան վազելով ներս է մտնում: Ասում եմ՝ «Դո՛ւրս իմ սափրիչատնից»:
Տղան դուրս է վազում: Ոչ մի աղմուկ:
- Ուրիշ սափրիչներ հարդարում են իմ մազերը,- ասացի:
- Շատ լավ,- ասաց: - Գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Խնդրե՜մ,
գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Հիշեցեք մի բան: Չկա՜ պատերազմ: Այստեղ-այնտեղ պրոպագանդ
տարածելով մի՛ զբաղվեք:
Արդեն վստահ էի, որ հաջողությամբ թափանցել էի մարդու զայրույթի
խորքը և թարմ ու ինքնատիպ նյութ էի քաղել մի նոր հուշի համար, ուստի, առանց այլևս մի
բառ ասելու, դուրս եկա սափրիչատնից ու քայլեցի փողոցն ի վար:
Զգում եմ, որ նյութն արդյունավետ օգտագործեցի. ձևեցի մի գործ,
որը գոնե ավելի կմեծացնի իմ արդեն մեծ համբավը:
Թարգմանությունը անգլերենից՝ Կարպիս Սուրենյանց
Տես նաև Վիլյամ Սարոյան Պատմվածքներ
Վիլյամ Սարոյան | Պատերազմ է հայտարարվել
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 01, 2017
Rating:
