
Հունվարի 30, 1870թ.
Սիրելի պարոն Ռոսետտի,
Ձեզ ուղարկում եմ
իմ վերջին երկը (տպագրված մի ամսագրում, որ վերջերս է սկսել հրատարակվել
Կանզասում) և առիթից օգտվելով՝
վերջապես գրում եմ իմ անչափ
ուշացած նամակը: Հուլիսի 9-ի և հոկտեմբերի
8-ի Ձեր նամակները
բարեհաջող հասել են, որից հետո այլևս ոչինչ չեմ ստացել: Ջոն Բըրոուզը վերադարձավ
Անգլիայից փայլուն լուրերով, իր այցելությունից և զրույցներից ստացած ի սրտե բավարարվածությամբ: Ես նրան երկու օր առաջ տեսա: Լավ, ծաղկուն տեսք ուներ:
Դեռ կառավարության
վարչությունում քարտուղար
եմ (չեմ կարծում, որ տհաճ աշխատանք է), աշխատանքային
ժամերը 9-ից 3-ն են, աշխատանքը ներկա պահին հեշտ է, աշխատավարձս
տարեկան 1600 դոլար է:
Վաշինգտոնը լայնարձակ,
հրաշալի վայր է՝ իր բնական առանձնահատկություններով` պողոտաներով,
տարածություններով, տեսարաններով,
շրջապատող բլուրներով,
գետերով ևն – ամեն ինչ այնքան շատ, այնքան առատ - և հետո՝ հիանալի, դժվարին ու ընդարձակ ճանապարհներ (որոնք պատերազմի ժամանակ ռազմական ինժեներներն
են կառուցել), որոնք տանում են քեզ հեռու-հեռավոր հովիտներով ու բլուներով, շատ ու շատ մղոններ հեռու: Լիալուսնի ժամանակ հաճախ սովորություն
ունեմ մի քանի ընկերների
հետ երկար զբոսանքի գնալ այդ ճանապարհներով`
վեց ութ մղոն՝ դեպի Վիրջինիա կամ Մերիլենդ: Այդ տեսարանները հրաշալիորեն
ոգեշնչող են իրենց նոր տեսքով: Մենք հրաշքներ ունենք այստեղ, գիշեր թե ցերեկ, աշխարհի ամենահիանալի
եղանակներից ու մթնոլորտներից: Հատկապես գիշերները երբեմն մաքրության ու անաղարտության հրաշալիքներ
են, օդը չոր է ու թարմացնող:
Ի դեպ, գիշեր թե ցերեկ, ամբողջ տարածքը անսպառ հետազությունների, զբոսանքների
հնարավորություն է ընձեռում - բաց երկնքի տակ անցկացրած մեղմ, ողջախոհ ժամեր: Սովորություններս դրանցով եմ հիմնականում
կարգավորել: Ամուր առողջություն ունեմ, բախտավոր եմ, որ առավոտյան
գրեթե միշտ արթնանում եմ թեթև սրտով ու լավ ախորժակով: Շատ քիչ եմ կարդում կամ մի բան ուսումնասիրում, ամեն օր երկու-երեք ժամ անց եմ կացնում փողոցներում
կամ հասարակական
վայրերում – բավարար չափով շփվում եմ ամեն տեսակի մարդու հետ - այսպես կոչված «հասարակության»
մեջ ամենևին էլ չեմ մտնում, չնայած առաջին դասի որոշ կին ընկերների օրհնությունն
եմ վայելում: Իմ կյանքն ընդհանուր առմամբ մեղմացել է, հոսում է հանգիստ ու խաղաղ, դեմոկրատական,
էժան, հանրահայտ,
հարմար, բավական հագեցած, մեծ հաճույք ստանալով, իհարկե, ծածկված նաև որոշ ամպերով ու ստվերներով: Մարմինս ու քաշս դեռ լավ վիճակում եմ պահում: Նկարները, որ Ձեզ ուղարկել էի նախորդ աշնանը, հավատարիմ են իմ իրական արտաքինին: (Ես դեռ պահում եմ Ձերը իմ առջև՝ գրասեղանիս դարակում՝
մի հատուկ խմբի մեջ):
Իմ պոեզիան, ըստ էության, դեռ բավարար ճանաչում չունի այստեղ՝ մի երկրում, որի համար գրվել է: Լավագույն ամսագրերն
ու գրական հեղինակությունները (գրականության
սրբազան հայրերը) լրիվ արհամարհում
են ինձ և իմ պոեզիան: Այսօր ամերիկացի հրատարակիչ
գտնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման (ինչպես, հավանաբար, գիտեք ինքս եմ տպագրել հաջորդ հրատարակությունները): Եվ թեպետ կան փոքրաթիվ հավանության
տվողներ և հետևորդներ, ճնշող մեծամասնությունը շարունակում
է ծաղրական վերաբերմունք, արհամարանք
և պաշտոնական
սառնություն դրսևորել: Այն, որ 1865 թվականին Ներքին գործերի քարտուղար
պարոն Հարլանը իմ համեստ աշխատանքից ինձ հեռացրեց ակնհայտորեն
միայն «Խոտի տերևների» հեղինակ լինելուս համար, խոսում է առկա բարձր պահպանողականության մասին: Ամսագրերը հաճախ մոլի ոխակալություն
են դրսևորում:
Այստեղի ընդհանուր
վիճակի մասին միայն այն կասեմ, որ երկիրը պատերազմից
կարծես թե ամբողջովին վերականգնվել
է: Բացի հարավային մի քանի նահանգներից՝
այստեղ ամեն ինչ առատ է ու աշխույժ, առավել քան երբևէ: Անսահման ու աննախադեպ արդյունավետություն, հարստություն,
բնակչություն, բարելավում,
նյութական գործունեություն, հաջողություններ, արդյունքներ,
և հետո՝ տարածվել այդպիսի մի տարածքում՝
երեքից չորս միլիոն քառակուսի
մղոն, իհարկե, նաև մեծ պարտքեր ու փոխհատուցումներ, բայց ի՜նչ հսկայական
են օվկիանոսյան
այս առատությունն
ու ներքին հարմարավետության անսահմանությունը՝ ուտելիքի և խմելիքի համընդհանուր մատակարարումը,
բնակելի տները, ֆերմաները, մեծաքանակ
ճամփորդությունները, միգրացիոն
սովորությունները, շատ փողը, նույնիսկ էքստրավագանտությունը: Ճիշտ է, ամեն ինչ արագ է կատարվել, սակայն ընդգրկուն
հայացքով նայելիս դա ահռելի է և բավականին ռեալ: Այն ինձ երջանկություն ու հաճույք է պարգևում՝ այստեղի եռուզեռի ու ժխորի, ակտիվության
ու նյութական
հաջողության մեջ ապրելն ու շարժվելը, քանի որ ես ինքս բավականաչափ
ծույլ ու ծանրաշարժ եմ դրան դեմ գնալու համար. չնայած կարևորը գործընթացի սկիզբն է և դրա կարևորությունը ապագայի համար (անշուշտ տեսնում եք իմ գրքում՝ ինչպես է այս միտքը գերիշխում ինձ մոտ):
…Ուրախ կլինեմ մեկ օրինակ ստանալ Ձեր «Ամերիկյան
բանաստեղծների ժողովածուից»
և միշտ սպասում եմ Ձեր նամակներին,
իմ ընկեր (իհարկե հույս ունեմ` ինձ չեք պատժի իմ սեփական ձգձգումների համար), գրեք լիարժեք ու ազատ:
Ուոլթ Ուիթմեն
Հ.Գ. Ամսագիրը կուղարկեմ
հաջորդ փոստով:
Թարգմանությունը անգլերենից՝ Անի Հակոբյան
Նյութի աղբյուրը՝
cultural.am
Ուոլթ Ուիթմեն | Նամակ Ուիլյամ Ռոսետտիին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 12, 2018
Rating:
