
Պարահանդեսում
-Այնուամենայնիվ, խոստովանեցեք, որ բուժման մեր մեթոդները
շատ ավելի լավն են ձերից: Զանազան քերծվածքներին, վերքերին, ճանկռվածքներին, կապտուկներին
և նույնիսկ թարախուռուցքներին հարկավոր է մեղր քսել: Մեղրը շատ լավ ախտահանիչ նյութ
է և պաշտպանում է թարախակալելուց:
-Չեմ կարող ձեզ հետ համաձայնել,- վիճում էր բժիշկ
Հաբիկյանը: -Բոլոր վերքերին, ճանկռվածքներին, քերծվածքներին հարկավոր է յոդ քսել: Յոդը
ևս հիանալի ախտահանիչ միջոց է և պաշտպանում է թարախակալելուց:
-Համենայն դեպս, համաձայնեցեք, որ ձեր յոդը այրում
է կաշին, մինչդեռ մեղրի բուժածը անցնում է բոլորովին առանց ցավի:
-Կարող եմ համաձայնել, որ մեղրով բուժածը կարող է
հարմար լինել միայն աչոնիկների համար, իսկ մանչուկների համար ձեր մեղրը բոլորովին անպետք
է:
-Ինչո՞ւ,- զարմացավ Մեղրածաղիկը:
-Դուք ինքներդ ասացիք, թե մեղրով բուժումը ցավ չի
պատճառում:
-Իսկ ձեզ անպայման հարկավոր է, որ ցավի՞:
-Անպայմա՛ն,- պատասխանեց բժիշկ Հաբիկյանը: -Եթե մանչուկը
ցանկապատի վրայով թռչելիս ճանկռում է ոտքը, ապա ճանկռվածքը պիտի այրել յոդով, որպեսզի
նա միտքը պահի, որ ցանկապատի վրայով անցնելը վտանգավոր բան է և մյուս անգամ չանցնի:
-Իսկ մյուս անգամ նա ցանկապատի վրայով չի անցնի,
այլ կբարձրանա տանիք, վայր կընկնի և գլուխը կջարդի,- ասաց Մեղրածաղիկը:
-Այդ դեպքում մենք նրա գլխին յոդ կքսենք, և նա կհիշի,
որ տանիք բարձրանալն էլ վտանգավոր բան է: Յոդը դաստիարակչական մեծ նշանակություն ունի:
-Բժիշկը ոչ թե դաստիարակության մասին պիտի մտածի,
այլ հիվանդի տանջանքները թեթևացնելու,- պատասխանեց Մեղրածաղիկը: -Իսկ ձեր յոդով դուք
միայն ավելացնում եք տանջանքները:
Բժիշկն ամեն ինչի մասին էլ պետք է մտածի,- ասաց Հաբիկյանը:
-Իհարկե, եթե դուք բուժում եք աչոնիկներին, կարող եք առհասարակ ոչնչի մասին էլ չմտածել,
բայց երբ բուժում եք մանչուկներին…
-Ավելի լավ է՝ ուրիշ բանի մասին խոսենք,- նրա խոսքը
կտրեց Մեղրածաղիկը: -Ձեզ հետ ուղղակի անհնար է պարել:
-Ոչ, այդ ձե՛զ հետ է անհնար պարել:
-Դուք այնքան էլ քաղաքավարի չեք:
-Այո, ես անքաղաքավարի եմ, երբ ինձ մոտ նման տգետ
մտքեր են հայտնում:
-Այդ դուք եք տգետ մտքեր հայտնում: Դուք բժիշկ չեք,
այլ թշվառ բուժակ:
-Իսկ դո՛ւք…Դո՛ւք…
Վիրավորանքից բժիշկ Հաբիկյանը ոչինչ ասել չկարողացավ:
Նա կանգ առավ պարի հրապարակի մեջտեղը և ջղաձգորեն բաց ու խուփ արեց բերանը, ասես ջրից
հանած ձուկ լիներ: Պարող զույգերը նրանց էին դիպչում: Մեղրածաղիկին անընդհատ դեսուդեն
էին հրում: Նա քաշեց Հաբիկյանի թևքից.
-Դե, պարեք: Ի՞նչ եք կանգնել: Մենք բոլորին խանգարում
ենք:
Հաբիկյանը թափ տվեց ձեռքը, և նրանք նորից պարեցին:
Սկզբում անխոս պարում էին, հետո նորից սկսեցին վիճել բուժման մեթոդների մասին:
Պոնչիկը պարում էր Թմբլիկի հետ. նրանց մեջ բոլորովին
այլ խոսակցություն էր գնում:
-Դուք սիրո՞ւմ եք կոնֆետներ,- հարցնում էր Պոնչիկը:
-Շա˜տ,- պատասխանում էր Թմբլիկը: -Իսկ դո՞ւք:
-Ես էլ: Բայց ամենից շատ կարկանդակ եմ սիրում:
-Ես աշխարհիս երեսին ամենից շատ պաղպաղակ եմ սիրում:
Պտուտակիկը պարում էր Սկյուռիկի հետ:
-Ես երազում եմ ավտոմեքենա վարել սովորել,- ասում
էր Սկյուռիկը: -Մեր աչոնիկներից շատերը սովորել են, ուրեմն՝ ե՛ս էլ կարող եմ:
-Դա շատ հեշտ բան է,- հաստատեց Պտուտակիկը: -Նախ՝
հարկավոր է քաշել բռնակից, սեղմել շղթան, ապա գազ տալ…
Անգետիկը պարում էր Կապտաչիկի հետ: Ասենք, դա հենց
ասվում է, թե Անգետիկը պարում էր: Իրականում միայն Կապտաչիկն էր պարում, իսկ Անգետիկը
այծի նման ցատկոտում էր, Կապտաչիկի ոտքերն էր տրորում և անընդհատ սրան նրան հրմշտում:
Վերջապես, Կապտաչիկն ասաց.
-Ավելի լավ է եկեք նստենք:
Նրանք նստեցին նստարանին:
-Գտե՞ք,- ասաց Անգետիկը,- ես իսկի էլ պարել չգիտեմ:
-Այ, լավ է, որ ինքներդ խոստովանեցիք,- պատասխանեց
Կապտաչիկը: -Ձեր տեղը մի ուրիշը լիներ այնպես կփչեր, որ կասեր թե ոտքերն ու ձեռքերը
ցավում են, իսկ այ, դուք ազնվորեն ասացիք, որ չգիտեք: Ես տեսնում եմ, որ ձեզ հետ կարելի
է ընկերություն անել:
-Իհարկե, կարելի է,- համաձայնեց Անգետիկը:
-Ինձ դուր է գալիս մանչուկների հետ ընկերություն
անելը,- ասաց Կապտաչիկը: -Ես աչոնիկներին չեմ սիրում, քանի որ նրանք շատ են երևակայում,
թե գեղեցիկ են ու հա պտույտ են գալիս հայելու առաջ:
-Մանչուկների մեջ էլ կան այնպիսիները, որ սիրում
են հայելուն նայել,- պատասխանեց Անգետիկը:
-Բայց դուք այդպիսին չե՞ք, Անգետիկ: Ճիշտ է, չէ՞,
որ այդպիսին չեք:
-Չէ՛, ես այդպիսին չեմ,- պատասխանեց Անգետիկը:
Ու փչեց: Իրականում, շատ հաճախ, երբ ոչ ոք չէր տեսնում,
նա պտույտ էր գալիս հայելու առաջ ու մտածում իր գեղեցկության մասին: Ինչպես, ի միջի
այլոց, ամեն մի մանչուկ:
-Ես շատ ուրախ եմ, որ դուք այդպիսին չեք,- պատասխանեց
Կապտաչիկը: -Մենք բարեկամներ կլինենք: Ես մի հետաքրքիր առաջարկ ունեմ: Եկեք իրար նամակ
գրենք: Առաջ դուք գրեք ինձ, հետո ես՝ ձեզ:
«Այ քեզ խաթա˜»,- մտածեց Անգետիկը, որ գրել գիտեր
միայն տպագիր տառերով և շատ քաշվում էր իր տգիտությունը ցույց տալ:
-Ինչո՞ւ նամակ,- շվարած փնթփնթաց նա: -Ախր մենք հեռու
չենք ապրում: Այնպես էլ կարելի է խոսել:
-Ա˜խ, ինչ ձանձրալին եք, Անգետիկ: Դուք ոչինչ չեք
ուզում անել ինձ համար: Ախր այնպես հետաքրքիր բան է նամակ ստանալը:
-Դե, լավ,- համաձայնեց Անգետիկը: -Ես նամակ կգրեմ:
Շուտով մութն ընկավ: Չորս կողմը վառվեցին հարյուրավոր
գույնզգույն լապտերներ: Նրանք փայլփլում էին և՛ ծառերի, և՛ վրանների վրա: Տեղ-տեղ նրանք
թաքնված էին ծառերի տակ, խոտերի մեջ և թվում էր, թե խոտը ինքը փայլփլում էր ինչ-որ
կախարդական լույսով: Տաղավարի ներքևի մասը, որի վերևը տեղավորված էր նվագախումբը, ծածկված
էր երկնագույն գեղեցիկ վարագույրով: Անսպասելիորեն վարագույրը բացվեց, և բոլորը այդ
վարագույրի հետևում տեսան բեմը:
Բեմ դուրս եկավ Ալմաստիկը և բացականչեց.
-Լռությո՛ւն, լռությո՛ւն: Այժմ տեղի կունենա համերգ:
Ուշադրությո՛ւն:
Բոլորը նստեցին նստարաններին ու պատրաստվեցին համերգ
լսելու:
-Ուշադրությո՛ւն,- շարունակեց գոչել Ալմաստիկը:
-Առաջինը ելույթ կունենամ ես: Կկարդամ ձեզ համար իմ նոր բանաստեղծությունները բարեկամության
մասին:
Մանչուկներն ու աչոնիկները բարձրաձայն ծափահարեցին:
Հենց որ ծափերը լռեցին, Տավղիկը թափահարեց իր դիրիժորական փայտիկը, նվագախումբը նվագեց,
Ալմաստիկը երաժշտության տակ սկսեց կարդալ իր նոր ոտանավորները բարեկամության մասին:
Սրանք նույնքան լավն էին, որքան Ալմաստիկի հորինած մյուս բանաստեղծությունները և վերջանում
էին այս բառերով. «Մենք պետք է բարեկամանանք, պետք է ամրապնդենք այդ բարեկամությունը»:
Բանաստեղծությունները, որ բոլորին շատ դուր եկան,
կարդալուց հետո ելույթ ունեցավ պարի անսամբլը: Տասներկու աչոնիկ, գեղեցիկ ժապավեններով,
գույնզգույն զգեստներով պճնված, պարում էին զանազան պարեր, որոնցից ամենալավը «Շաղգամ»
պարն էր: Հանդիսականները երկար ծափահարում էին ու «կեցցե» գոռում, մինչև որ «Շաղգամը»
կրկնեցին էլի երկու անգամ: Պարի անսամբլից հետո ելույթ ունեցավ Ֆռռանաշենի մանչուկների
երգչախումբը, որ կատարեց մի քանի երգ:
Հենց որ երգչախումբը հեռացավ բեմից, Տավղիկը թողեց
իր նվագախումբը, սյունը բռնած ցած իջավ երկրորդ հարկից, բեմ բարձրացավ և գոչեց.
-Ինձ մո˜տ, եղբայրներ, ինձ մո˜տ:
Գիտունիկը, Հապճեպիկը, բժիշկ Հաբիկյանը և Գիտունիկի
մյուս ընկերները բեմ բարձրացան:
Ուշադրությո՛ւն,- գոչեց Տավղիկը: -Այժմ ելույթ կունենա
Ծաղկառատ քաղաքի մանչուկների երգչախումբը:
Նա նվագեց իր ֆլեյտան, և բոլոր մանչուկները խմբով
երգեցին ծղրիդի երգը, որ հորինել էր բանաստեղծ Ծաղկանունին.
Ինչպես
վարունգ՝ խիտ խոտերին
Մի ծղրիդ
էր նստել լռին.
Ու կանաչ
էր նա,
Ու կանաչ
էր նա:
Խոտ էր
ուտում ու ման գալիս,
Իշոտուկին
ձեռ չէր տալիս.
Ընկեր
էր ճանճին,
Ընկեր
էր ճանճին:
Մեկ էլ
եկավ, տես, գորտիկը,
Այն անկշտում
մեծ փորիկը,
Կերավ
ծղրիդին,
Կերավ
ծղրիդին:
Չէր մտածում, չէր գուշակում,
Ու երբեք էլ չէր սպասում
Այդպիսի մի վերջ,
Այդպիսի մի վերջ:
Եվ այնպես տխուր երգ էր այդ երգը, որ վերջում նույնիսկ
իրենք, երգիչները, չդիմացան ու դառը-դառը լաց եղան: Բոլորը խղճում էին խեղճ ծղրիդին,
որին կերել էր ագահ գորտը: Արցունքն առվի պես հոսում էր նրանց աչքերից:
-Այնպես լավ ծղրի˜դ էր,- հեծկլտում էր Շվարիկը:
-Ոչ մեկին մատով չէր դիպչում ու ճանճերի հետ էլ բարեկամություն
էր անում,- ասաց Հապճեպիկը:
-Ու դրա համար գորտը նրան կերավ,- ավելացրեց Պտուտակիկը:
Միայն Գիտունիկը չէր լալիս ու մխիթարում էր ընկերներին:
-Լաց մի լինեք, եղբայրներ: Գորտը չի կերել ծղրիդին:
Դա ճիշտ չէ: Ճանճին է կերել: Ազնիվ խոսք, ճանճին:
-Միևնույն է…-հեծեծաց Պտուտակիկը: -Ես ճանճին էլ
եմ խղճում:
-Ճանճին ինչո՞ւ ես խղճում: Նրանք միայն բոլորին ձանձրացնում
ու վարակ են տարածում: Բան հնարեցին, ճանճի համար լաց են լինում:
-Ես ճանճի համար լաց չեմ լինում,- ասաց Փնթփնթիկը:
-Ես հիշեցի, թե ինչպես էինք երգում այդ երգը, երբ տանն էինք:
Այդ ժամանակ Անգետիկն այնպես բարձր ձայնով ոռնաց,
որ բոլորը զարմանքից լացները կտրեցին և սկսեցին մխիթարել նրան: Բոլորը հարցնում էին,
թե ինչո՞ւ է այդպես բարձրաձայն լալիս, բայց Անգետիկը հեկեկում էր ու պատասխան չէր տալիս:
Վերջապես, նա լացը կտրեց ու ասաց.
-Ես…Ալար…ես…Ալար…ես Ալարկոտիկին եմ կարոտել:
-Այդ ի՞նչ պատահեց,- զարմացան բոլորը: -Չէիր կարոտում,
չէիր կարոտում ու հանկարծ կարոտդ բռնե՞ց:
-Հա˜,- կամակորությամբ պատասխանեց Անգետիկը: -Ես
այստեղ եմ, իսկ Ալարկոտիկը տանը մնաց:
-Դե լավ, առանց քեզ չի կորչի քո Ալարկոտիկը,- ասաց
Հապճեպիկը:
-Չէ, կկորչի: Ես գիտեմ, որ նա էլ ինձ է կարոտել:
Ալարկոտիկն իմ ամենալավ ընկերն է, իսկ ես մնաս բարով էլ չասացի նրան, երբ թռչում էինք:
-Ինչո՞ւ մնաս բարով չասացիր:
-Ես նրա հետ կռված էի, չուզեցի մնաս բարով անել:
Երբ մենք թռչում էինք, նա ամբողջ ժամանակ ինձ էր նայում ու ձեռքով անում, իսկ ես դիտմամբ
շուռ եկա ու չուզեցի նրան նայել: Ես այն ժամանակ հպարտանում էի, որ թռչում եմ օդապարիկով,
իսկ հիմա ինձ տանջում է այն…ո՞նց են ասում:
-Խի՞ղճը,- հուշեց բժիշկ Հաբիկյանը:
-Հենց դա է որ կա, խիղճս, եղբայրներ: Եթե ես մնաս
բարով անեի, ավելի հեշտ կլիներ ինձ համար: Տուն վերադառնանք, եղբայրներ, ես կհաշտվեմ
Ալարկոտիկի հետ ու մնաս բարով կանեմ:
-Երբ մենք վերադառնանք, պետք է բարևել, ոչ թե մնաս
բարով անել,- ասաց Գիտունիկը:
-Դե, միևնույն է, ես սկզբում մնաս բարով կանեմ, հետո
կբարևեմ ու ամեն ինչ լավ կլինի:
-Ստիպված ենք վերադառնալ, եղբայրներ,- ասաց Տավղիկը:
-Անգետիկը տուն գնալ է ուզում:
-Այո, եղբայրներ, ժամանակն է, որ ես էլ վերադառնամ
տուն,- ասաց Հաբիկյանը: -Ախր, առանց ինձ մեկնումեկը կհիվանդանա Ծաղկառատ քաղաքում,
իսկ բուժող չկա:
-Ինչ կա որ, զբոսնեցինք, այսքանն էլ հերիք է,- պատասխանեց
Գիտունիկը: -Հարկավոր է մի օր էլ տուն վերադառնալ: Վաղը ճանապարհ ենք ընկնում:
Պարահանդեսը վերջացավ: Կապտաչիկը մոտեցավ Անգետիկին:
-Եվ ահա մենք բաժանվում ենք,- տխուր-տրտում ասաց
նա:
-Այո…-ցածրաձայն ասաց Անգետիկը: -Ժամանակն է տուն
վերադառնալ:
-Դուք շատ քիչ մնացիք մեզ մոտ:
-Ես շատ կուզեի էլի մնալ, բայց տուն վերադառնալ էլ
եմ ուզում,- գլուխը խոնարհելով ասաց Անգետիկը:
Կապտաչիկը մտքի մեջ ընկավ, հետո ասաց.
-Իհարկե ժամանակն է, որ տուն վերադառնաք: Տանը մնացել
են ձեր ընկերները, որոնք, հավանորեն, անհանգստանում են ձեզ համար: Դուք լավ եք անում,
որ չեք մոռանում ձեր ընկերներին:
Միառժամանակ երկուսն էլ կանգնել էին լուռ: Անգետիկն
ուզում էր ինչ-որ բան ասել, բայց, չգիտես ինչու, նրա կոկորդը կուչ էր եկել, և բառերը
դուրս չէին գալիս: Նա նայում էր գետնին, կրունկով փորփրում հողը ու չէր համարձակվում
նայել Կապտաչիկին: Վախենում էր, թե նա կնկատի իր արցունքները: Վերջապես երկուսն էլ
բարձրացրին գլուխները: Նրանց հայացքները հանդիպեցին:
-Ուզո՞ւմ եք ճամփորդական պայուսակ կարեմ ձեզ համար,-
հարցրեց նա:
-Ուզում եմ:
Հաջորդ օրը Գիտունիկն ու նրա ընկերները դուրս եկան
արշավի: Վճռված էր ճանապարհ ընկնել ոտքով: Օդապարիկը պայթել էր, դժվար էր վերանորոգել
և, բացի այդ, համընթաց քամի չկար: Բոլորի առջևից քայլում էր Գիտունիկը՝ կողմնացույցը
ձեռքին, նրանից հետո բժիշկ Հաբիկյանը, հետո Պտուտակիկն ու Ագուցիկը, իսկ նրանց հետևից
էլ՝ մնացած մանչուկ-ճստլիկները: Անգետիկը քայլում էր բոլորի վերջում:
Ամեն մեկի մեջքին մի պայուսակ կար: Այդ պայուսակներն
աչոնիկներն էին կարել: Դրանց մեջ ճանապարհի համար կարկանդակներ էին դրված, ինչպես նաև
զանազան մրգերի, բանջարեղենների ու ծաղիկների սերմեր, որոնցից չկար Ծաղկառատ քաղաքում:
Քաղցրահյութիկի ամեն մի գրպանում մի-մի հատ ձմերուկի կորիզ կար:
Բոլոր աչոնիկները դուրս էին եկել ճանապարհ դնելու
մանչուկներին: Շատերը լաց էին լինում:
-Լաց մի եղեք,- ասում էր նրանց Գիտունիկը: -Կգա ժամանակ,
երբ մենք էլի օդապարիկ կշինենք ու կթռչենք ձեզ մոտ:
-Եկեք գարնանը, երբ խնձորները ծաղկեն,- ձայն էին
տալիս աչոնիկները: -Գարնանը մեզ մոտ շատ գեղեցիկ է:
Աչոնիկները կանգ առան քաղաքի ծայրամասում, իսկ մանչուկները
քայլեցին խոտերի ու դաշտային ծաղիկների միջով ձգվող արահետով:
-Ցտեսությո˜ւն, ցտեսությո˜ւն,- ճչում էին աչոնիկներն
ու ձեռքով անում:
-Ցտեսությո˜ւն,- պատասխանում էին նրանց մանչուկները:
Կապտաչիկը լուռ ձեռքով էր անում:
Շուտով մանչուկներն արդեն հեռու էին, և աչոնիկների
ձայները հազիվ էին հասնում նրանց:
-Անգետի˜կ, Անգետի˜կ,- հանկարծ ճչաց Կապտաչիկը:
Անգետիկը շուռ եկավ:
-Նամա˜կը, Անգետիկ, նամա˜կը:
Անգետիկը գլխով արեց ու գլխարկը թափ տվեց:
-Լսե˜ց,- ուրախացավ Կապտաչիկը:
Շուտով ճանապարհորդները հազիվ նկատելի կետեր դարձան,
իսկ հետո բոլորովին անհետացան ճանապարհի շրջադարձում: Աչոնիկները տները ցրվեցին: Բոլորը
տխուր էին:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանիններորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 11, 2020
Rating:
