.jpg)
1925թ.: Ռոզմերի Հոյթը՝ երիտասարդ, բայց իր առաջին ֆիլմից
հետո բավական հայտնի հոլիվուդյան դերասանուհին,
մոր հետ գալիս է Լազուրի ափ: Ամառ է: Աշխատում է բազմաթիվ հոթելներից միայն մեկը: Ամայի
ծովափին ամերիկացիների երկու խմբեր են, որոնց Ռոզմերին մտովի կոչում է «սևամորթներ»
և «սպիտակամորթներ»: Աղջկան դուր են գալիս առաջինները: Նրանք ազատ են, առողջ, գեղեցիկ,
բայց նաև ավելի նրբակիրթ: Միանում է նրանց և միանգամից, մի փոքր երեխայաբար սիրահարվում
է Դիկ Դայվերին, որը խմբի հոգին է: Դիկն ու իր կինը՝ Նիկոլը, բնիկներ են: Նրանք տուն
ունեն այստեղ: Էյբ ու Էմի Նորթերը և Թոմի Բարբանը նրանց հյուրերն են: Ռոզմերին հիացած
է ուրախ ապրելու այդ մարդկանց կարողությամբ: Դիկ Դայվերից բխում է կենսական ուժ, որն
իրեն է ենթարկում մարդկանց և ստիպում անբացատրելի ակնածանք ու համակրանք զգալ իր հանդեպ:
Տասնյոթամյա Ռոզմերին երեկոյան լաց է լինում մոր կրծքին. «Սիրահարվել եմ Դիկին, բայց
նա այնքան լավ կին ունի»:
Այդուհանդերձ, երբ Դայվերները առաջարկում են նրան ուղեկցել
իրենց Փարիզ՝ ճանապարհելու Նորթերին, Ռոզմերին սիրով համաձայնում է:
Մեկնելուց առաջ Դիկը ճաշկերույթ է կազմակերպում, որին ներկա
են նաև «սպիտակամորթերը»: Եվ չնայած ամեն բան լավ է ընթանում և Դիկն իր հմայքով կարողանում
է թույլ տալ «սպիտակամորթերին» բացահայտել իրենց լավագույն կողմերը, երեկոն ավարտվում
է մենամարտով: Միսիս Մակիսկոն տուն մտնելով՝ տեսավ այնտեղ մի բան, որով չհասցրեց կիսվել:
Թոմի Բարբանը համոզում է նրան, որ վիլլայում տեղի ունեցածը չարժե քննարկել: Ի վերջո
Թոմին և միսթր Մակիսկոն կրակում են իրար, սակայն բարեբախտաբար երկուսն էլ անվնաս են
մնում:
Փարիզում Ռոզմերին մտածում է, որ սկսել է մսխել կյանքը: Շրջելով
Նիկոլի հետ խանութներով նա սովորում է ծախսել դրամը ինչպես հարուստ կինը: Ռոզմերին
ավելի է սիրահարվում Դիկին և իր հերթին շարժում է Դիկի սիրտը: Այդ ընթացքում Էյբ Նորթը
Ամերիկա մեկնելու փոխարեն ընկնում է հարբեցողության գիրկը և բարերից մեկում սադրում
նեգրերի կռիվը: Կոնֆլիկտի հետևանքները կրելու գործը Դիկինն է: Կոնֆլիկտի արդյունքում Ռոզմերիի սենյակում հայտնվում է նեգրի դիակ: Դիկն այնպես է կազմակերպում, որ Ռոզմերիի անունը
չի շահարկվում, սակայն Դայվերները ստիպված են շուտափույթ լքել Փարիզը: Երբ Ռոզմերին
այցելում է հյուրանոցի նրանց համարը, լսում է բարձր ճիչ և տեսնում է Նիկոլի ծամածռված դեմքը:
Նիկոլը նայում է արյունոտ վերմակին: Այդժամ Ռոզմերին հասկանում է, թե ինչ չէր հասցրել
պատմել միսիս Մակիսկոն: Իսկ Դիկը, վերադառնալով Նիկոլի հետ Լազուրի ափ, առաջին անգամ
վեց տարվա ամուսնության ընթացքում զգում է, որ գալիս է ոչ թե ինչ-որ տեղ, այլ ինչ-որ
տեղից:
1917 թ. բժշկագիտության դոկտոր Ռիչարդ Դայվերը՝ ազատվելով
բանակային ծառայությունից, գալիս է Ցյուրիխ գիտական աստիճանը ստանալու համար: Պատերազմին
չի մասնակցել, սովորել է Օքսվորդում և վերապատրաստվել է հանրահայտ Ֆրոյդի մոտ: Հոգեբանության
մասին գիրք է գրում: Քսանյոթ տարեկանում նա դեռ պահպանել է բազում պատանեկան պատրանքներ:
Ցյուրիխի մոտերքում, հոգեբուժարանում աշխատում է նրա ընկերը՝ Ֆրանց Գրեգորովիուսը:
Արդեն երեք տարի է, ինչ այդ հոգեբուժարանում է ամերիկացի միլիոնատիրոջ դուրստր Նիկոլ
Ուորենը: Սա կորցրել է խելքը տասնվեց տարեկանում, երբ դարձել է սեփական հոր սիրուհին:
Երեք տարվա ընթացքում նրա առողջությունն այնքան է լավացել, որ նրան պատրաստվում են
դուրս գրել: Գրվում է Դայվերի հետ: Հանդիպելով նրան՝ Նիկոլը սիրահարվում է: Դիկը բարդ
կացության մեջ է: Մի կողմից գիտի, որ այդ զգացմունքը խթանված էր բուժական նպատակներով,
մյուս կողմից, որ այն չի կարելի խլել: Նիկոլը շատ գեղեցիկ է: Իսկ ինքը ոչ միայն բժիշկ
է, այլև տղամարդ: Հակառակ Ֆրանցի համոզումներին Դիկն ամուսնանում է Նիկոլի հետ: Նրանք
երջանիկ են, չնայած որ ոմանք, օրինակ՝ Նիկոլի քույր Բեբին, կարծում են, որ Դիկն ամուսնացել
է փողի համար:
Դիկը կարողանում է վեցամյա ամուսնության ընթացքում տարբերել
առողջ Նիկոլին հիվանդ Նիկոլից: Նրա ձեռքերում Նիկոլն այնքան է ուժեղանում, որ բոլորին
թվում է, թե հիվանդ Նիկոլը սոսկ խորամանկորեն օգտագործվող հնարք է, իշխանության ձև:
Դիկը ամեն կերպ փորձում է ֆինանսական անկախություն պահպանել:
Դժվարությամբ: Դրամը Նիկոլի իշխանության լծակն է: Ամուսնու և բժիշկի երկվությունը քայքայում
է Դիկին: Նա գիտակցում է այդ բանը Ռոզմերիի հայտնվելուց հետո: Արտաքսուստ, սակայն,
Դայվերների կյանքը չի փոխվում:
1926 թ.: Սուրբ Ծնունդ: Դայվերները Շվեյցարական ալպերում
են: Հանդիպում են Ֆրանց Գրեգորովիուսի հետ: Առաջարկում է Դիկին կլինիկա գնել: Ուրիշ
ինչ առաջարկությամբ կարող է եվրոպացին դիմել ամերիկացուն: Բեբին, որը տնօրինում է Ուրենների
կարողությունը, հավանություն է տալիս այդ նախագծին և ավելացնում, որ այդ դեպքում լիովին
հանգիստ կլիներ Նիկոլի համար:
Բայց դա տեղի չի ունենում: Մեկ ու կես տարվա միատոն կյանքը
Շվեյցարիայում, որտեղ անհնար է փախչել իրարից, առաջ է բերում հիվանդության ռեցիդիվ,
որի ժամանակ Նիկոլը քիչ է մնում շուռ տա մեքենան, որի մեջ են նաև իր և Դիկի երեխաները:
Թողնելով Նիկոլին Ֆրանցի հսկողության տակ՝ Դիկը մեկնում է Բեռլին հանգստանալու Նիկոլից,
ինքն իրենից… Այստեղ իմանում է հոր մահվան մասին և մեկնում է Ամերիկա: Վերադառնալիս
լինում է Հռոմում, ուր հույս ունի հանդիպել Ռոզմերիին: Նրանք հանդիպում են: Սակայն
Դիկը նկատում է, որ ունակ չէ նոր սիրո: Իրեն համեմատում է սև մահվան հետ, որը բոլորին
դժբախտություն է բերում:
Բաժանվելով Ռոզմերիից ուժեղ հարբում է: Ոստիկանատնից, ուր
նա հայտվել էր ծեծված ու ջարդված, նրան հանում է Բեբին: Սա գոհ է, որ Դիկն իրենց ընտանիքի
առաջ այլևս անմեղ չէ:
Դիկն աստիճանաբար սկսում է ավելի ու ավելի շատ խմել: Թողնում
է Ֆրանցի հետ գնած կլինիկան: Ֆրանցը հանգիստ է ընդունում դա: Նիկոլն այլևս չի կարող
հույսը դնել Դիկի վրա: Նա ստիպված է պատասխանատվություն կրել իր համար: Ատում է դրա
պատճառով Դիկին: Նրանք դառնում են իրար բոլորովին օտար: Դայվերները վերադառնում են
Թարմ: Հանդիպում են Թոմի Բարբանին, որը հասցրել է մասնակցել մի քանի պատերազմների:
Նիկոլը նորովի է նայում նրան: Բարբանը միշտ սիրել է իրեն: Լազուրի ափին է հայտնվում
նաև Ռոզմերին: Դիկը որոշում է լինել նախկին հմայիչ տղամարդը և Նիկոլն ատելությամբ նկատում
է, թե որքան է նա ծերացել: Փոխվել է նաև ծովափը: Այստեղ թագավորում են «սպիտակամորթները»:
Դիկը հեռանում է ափից ինչպես գահընկեց արված արքան:
Տոնելով իր իսկական ապաքինումը՝ Նիկոլը դառնում է Թոմի Բարբանի
սիրուհին, իսկ այնուհետև դառնում է նրա կինը: Դիկը վերադառնում է Ամերիկա: Բժշկական
պրակտիկա է ունենում տարբեր փոքր քաղաքներում: Արագ է փոխում իր բնակության վայրը և
նամակները նրանից գալիս են ավելի ու ավելի հազվադեպ:
Տես նաև Ֆիցջերալդ Մեծն Գեթսբին, Հեմինգուեյ Ֆիեստա և Թոմաս Վուլֆ Նայիր տանը քո, հրեշտակ
Ֆիցջերալդ | Գիշերն անույշ է | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 25, 2015
Rating:
.jpg)