.jpg)
Ակակի Ակակիևիչ Բաշմաչկինի պատմությունը սկսվում է նրա ծննդյան
նկարագրությամբ, և թե ինչպես նա ստացավ իր տարօրինակ անունը: Այնուհետև գրողը պատմում
է այն ժամանակի մասին, երբ Ակակի Ակակիևիչն արդեն ծառայում է որպես տիտուլյար խորհրդական:
Երիտասարդ չինովնիկները ծաղրում են հերոսին, թղթեր են նետում
նրա վրա, հրում են… Երբ կատակներն ու ծաղրը այլևս հնարավոր չէ տանել, Բաշմաչկինն ասում
է. «Թողեք ինձ, ինչո՞ւ եք ինձ նեղացնում»: Նրա աշխատանքն արտագրությունն է: Սիրում
է իր գործը և անգամ աշխատանքից տուն գալով և արագ ընթրելով՝ նորից արտագրում է իր հետ
բերած փաստաթղթերը, իսկ եթե արտագրելու ոչինչ չկա, անում է պատճեներ: Զվարճանքներ,
ընկերներ, ժամանց նրա համար գոյություն չունի: Նա սիրում է միայն իր արտագրությունը
և պառկում է քնելու՝ հաճելիորեն մտածելով գալիք օրվա արտագրության մասին:
Բայց այս խաղաղ կյանքն ընդհատում է անսպասելի միջադեպը: Մի
առավոտ, այն բանից հետո, երբ պետերբուրգյան սառնամանիքը լուրջ անհանգստացնում է Ակակի
Ակակիևիչին, սա, ուսումնասիրելով իր շինելը, պարզում է, որ այն վաղուց արդեն բանի նման
չէ և ուսերի ու մեջքի հատվածում նույնիսկ պատռված է: Գնում է դերձակ Պետրովիչի մոտ,
որը հրաժարվում է նորոգել շինելը. պետք է կարել նորը: Իմանալով նոր շինելի գինը՝ Ակակի
Ակակիևիչը կարծում է, որ պատեհ ժամանակ չէ այցելել Պետրովիչին, և որոշում է գալ այնպիսի
պահի, որ Պետրովիչը գինովցած լինի: Սակայն վերջինս պնդում է, որ անհրաժեշտ է նոր շինել
կարել: Ակակի Ակակիևիչը սկսում է մտորել, թե որտեղից կարող է հայթայթել այն 80 ռուբլին,
որը կստիպի Պետրովիչին գործի անցնել: Որոշում է որոշ գումար տնտեսել՝ հրաժարվելով երեկոյան
քաղցր թեյից, հագուստը ավելի հազվադեպ լվացարարուհուն հանձնելով, մոմերը խնայելով և
տանը կրելով միայն խալաթ, որպեսզի չմաշի հագուստը:
Կյանքը փոխվում է: Միտքը նոր շինելի մասին դառնում է նրա
անբաժան ուղեկիցը: Ամեն ամիս այցելում է Պետրովիչին իր ապագա շինելի մասին զրուցելու:
Տոնի առթիվ ստացած վարձատրությունը լինում է սպասվածից շատ, և նա Պետրովիչի հետ այցելում
է վաճառականներին: Ե´վ կտորը, և´ Պետրովիչի աշխատանքը տալիս են փայլուն արդյունք, և
Ակակի Ակակիևիչը մի օր երջանիկ գնում է իր դեպարտամենտ նոր շինելը հագին: Այս իրադարձությունը
մեծ իրարանցում է բարձրացնում և աշխատակիցները պահանջում են նշել այն: Միայն ծառայակիցներից
մեկի, իր ծննդյան առիթով արված իրիկնային հրավերն է փրկում շփոթված Ակակի Ակակիևիչին:
Երեկոյան Ակակի Ակակիևիչը հիշյալ հրավերով այցելում է ծննդյան
իրադարձությունը նշող չինովնիկի տուն, որտեղ համընդհանուր խնջույքի մեջ վերապրում է
իր առանձին տոնական ուրախությունը և բավարարությունը: Հետո հիշելով, որ ժամն արդեն ուշ է,
աննկատ հեռանում է խնջույքից: Փողոցում մի պահ նույնիսկ հետևում է մի տիկնոջը, որի
ողջ մարմինը արձակում է հրաշալի շարժումներ: Սակայն անմարդաշատ փողոց դուրս գալով՝
վախ է զգում և շրջվում ու շտապում է տուն: Ամայի մի հրապարակում նրան կանգնեցնում են
ինչ-որ մարդիկ և հանում են շինելը:
Սկսվում են Ակակի Ակակիևիչի տառապանքները: Ոստիկանապետի մոտ
նա օգնություն չի գտնում: Աշխատավայրում, ուր նա գալիս է հին շինելով, նրան խղճում
են և անգամ աննշան գումար են հավաքում, բայց խորհուրդ են տալիս դիմել նշանակալի անձի,
որը կկարողանա նպաստել շինելի որոնումներին: Նկարագրվում են նշանակալի անձի հնարներն
ու բարքերը: Սա նշանակալի է դարձել միայն վերջերս և ուզում է ավելացնել իր նշանակալիությունը:
Նա սիրում է կրկնել հետևյալ արտահայտությունը. «Խստություն, խստություն և խստություն»:
Շատ տարիներ իրեն չտեսած ընկերոջ առաջ փայլելու ցանկությամբ ոգևորված՝ նշանակալի անձն
այնպես է «մշակում» իրեն ոչ պատշաճ ոճով և ձևով դիմած Ակակի Ակակիևիչին, որ վերջինս,
վերադառնալով տուն, անկողին է ընկնում: Մի քանի օր զառանցանքի ու տենդի մեջ այրվող
Ակակի Ակակիևիչը մահանում է, ինչի մասին աշխատակիցները իմանում են թաղումից չորս օր
անց:
Շուտով քաղաքում իմանում են, որ Կալինկինի կամուրջի մոտ հայտնվում
է մի մեռել, որը բոլորի վրայից, առանց հաշվի առնելու տարիք և պաշտոն, պոկում է շինելները:
Ինչ-որ մեկը ճանաչում է մեռելին: Դա Ակակի Ակակիևիչն է:
Այդ ժամանակ մի նշանակալի անձ, որը զուրկ չէ կարեկցանքի զգացումից,
ընկերական խնջույքից վերադառնալիս ուղևորվում է ոչ թե տուն, այլ իր ծանոթ մի կնոջ՝
Կարոլինա Իվանովնայի մոտ: Հանկարծ զգում է, որ մեկը ետևից պինդ բռնել է օձիքից: Սարսափով
ճանաչում է Ակակի Ակակիևիչին, որը հանում է նրա վրայից շինելը: Ահավոր երկյուղ ապրած
նշանակալի անձը վերադառնում է տուն առանց շինելի, իսկ այդ դեպքից հետո շատ զսպված է
պահում իրեն ենթակաների հետ: Մեռել-չինովնիկը դրանից հետո այևս չի հայտնվում:
Տես նաև Քիթը, Ռևիզոր և Մեռած հոգիներ
Նիկոլայ Գոգոլ | Շինել | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 11, 2015
Rating:
.jpg)