
XIX –րդ դարի 60-ական թթ.: Պետերբուրգի աղքատ շրջան, որ հարում
է Սեննայա հրապարակին: Նախկին ուսանող Ռոդիոն Ռասկոլնիկովը դուրս է գալիս իր խղճուկ
կացարանից և գալով պառավ վաշխառուի մոտ, որին պատրաստվում է սպանել, գրավադրում է վերջին
արժեքավոր իրը: Վերադարձի ճանապարհին մտնում է գինետուն, որտեղ ծանոթանում է աշխատանքը
կորցրած հարբեցողի՝ նախկին չինովնիկ Մարմելադովի հետ: Սա պատմում է, որ թոքախտը, աղքատությունը
և իր հարբեցողությունը ստիպել է կնոջը՝ Կատերինա Իվանովնային, հասարակաց տուն ուղարկել Սոնյային: Սոնյան Մարմելադովի դուստրն է առաջին կնոջից:
Հաջորդ առավոտ Ռասկոլնիկովը ստանում է նամակ գավառից: Մայրը
հաղորդում է նրան, թե ինչ դժվարություններ ու վիրավոնանքներ է կրել Ռոդիոնի կրտսեր քույրը՝ Դունյան,
այլասերված կալվածատեր Սվիդրիգայլովի տանը: Մայրը և քույրը շուտով ժամանում են: Դունյան
պատրաստվում է ամուսնանալ հաշվենկատ գործարար Լուժինի հետ, որը մտադիր է կառուցել ամուսնությունը
ոչ թե սիրո, այլ հարսնացուի աղքատության և կախյալության վրա: Մայրը հույս ունի, որ
Լուժինը նյութապես կօգնի իր որդուն ավարտել համալսարանը:
Մտածելով այն զոհողությունների մասին, որոնց ստիպված են դիմել
Սոնյան և Դունյան, Ռասկոլնիկովը որոշում է սպանել վաշխառու պառավին՝ չար «ոջիլին»:
Չէ՞ որ նրա փողի շնորհիվ հնարավոր կլինի օգնել հարյուրավոր-հազարավոր պատանիների և
աղջիկների: Երազ է տեսնում իր մանկությունից: Տեսնում է, թե ինչպես են մահու չափ ծեծում
ձիուն և մտքերը արյունոտ ոճիրի մասին թուլանում են:
Եվ, այդուհանդերձ, Ռասկոլնիկովը կացնով սպանում է «գարշելի
պառավին», իսկ նրա հետ միասին նաև պառավի հեզ քրոջը՝ Ելիզավետային, որը բնակարան էր վերադարձել անհարմար պահի և դարձել սպանության վկա: Հրաշքով աննկատ հեռանալով սպանության վայրից՝ Ռասկոլնիկովը թաքցնում
է գողացած թանկարժեք իրերը պատահական մի տեղ՝ անգամ չպարզելով դրանց արժեքը:
Շուտով նա սկսում է նկատել, որ իր և մյուս մարդկանց միջև
գոյանում է օտարություն: Հիվանդանալով ապրումներից՝ նա չի կարողանում, այդուհանդերձ,
մերժել համալսարանական ընկերոջ հոգածությունը: Ընկերոջ և բժիշկի զրույցից իմանում է,
որ սպանության մեղադրանքով կալանավորված է ներկարար Միկոլկան՝ գյուղացի երիտասարդը:
Ցավագին արձագանքելով սպանության մասին զրույցներին՝ նա ինքն է կասկածներ հարուցում
իր դեմ:
Նրան այցելած Լուժինը ցնցված է սենյակի աղքատությամբ: Նրանց
զրույցը վերաճում է վեճի: Ռասկոլնիկովին հատկապես վիրավորում է Լուժինի «խոհեմ էգոիզմից»
օգուտներ քաղելու հեռանկարը:
Թափառելով Պետերբուրգի փողոցներով՝ երիտասարդը տառապում է
իր օտարացումից և արդեն գրեթե պատրաստ է հանձնվել իշխանություններին և խոստովանել մեղքը,
երբ հանկարծ տեսնում է կառքով ճզմված մարդու: Դա Մարմելադովն է: Կարեկցանքից Ռասկոլնիկովը
մահացածի վրա է ծախսում վերջին դրամը: Դիակը տանում են տուն, կանչում են բժիշկ: Ռոդիոնը
ծանոթանում է Կատերինա Իվանովնայի և ծախու կնոջ զգեստ հագած Սոնյայի հետ: Այս արարքի
շնորհիվ հերոսն իրեն դարձյալ մարդկանց հասարակության անդամ է զգում: Սակայն իր բնակարանում
հանդիպելով ժամանած մորը և քրոջը՝ մեռած է զգում իրեն նրանց սիրո համար և կոպտորեն
վռնդում է նրանց: Նորից միայնակ է, սակայն հույս է փափագում մտերմանալ իր նման պատվիրան
խախտած Սոնյայի հետ:
Ռասկոլնիկովի հարազատների հետ կապված հոգսերն իր վրա է վերցնում
Ռազումիխինը: Սիրահարվում է Դունյային: Այդ ընթացքում վիրավորված Լուժինը ընտրության
առաջ է դնում հարսնացուին՝ կա´մ ինքը, կա´մ եղբայրը:
Իմանալու համար պառավի մոտ գրավադրված իրերի ճակատագիրը և
ծանոթների մոտ իր դեմ կասկածները ցրելու համար Ռոդիոնը որոշում է ծանոթանալ Պորֆիրի
Պետրովիչի՝ քննիչի հետ: Վերջինս հիշում է թերթում Ռասկոլնիկովի տպագրած «Ոճիրի մասին»
հոդվածը և խնդրում է հեղինակին բացատրել երկու տեսակ մարդկանց մասին իր տեսությունը:
Սովորական մարդիկ զուտ իրենց նմաններին արտադրելու համար են: Դրանք պիտի հեզ ու հնազանդ
լինեն: Դրանք դողացող արարածներ են: Իսկական մարդիկ ունեն ուրիշ բնություն, նոր խոսքի
շնորհ ունեն և քանդում են ներկան հանուն լավագույնի, անգամ եթե հարկ է լինում ոճիր
գործել, օրինակ՝ արյուն թափել: Նրանք դառնում են նոր օրենսդիրներ: Չճանաչելով բիբլիական
պատվիրանները՝ Ռասկոլնիկովը թույլ է տալիս այդ օրենսդիրներին խղճով արյուն հեղել: Խելացի
և խորաթափանց Պորֆիրին գուշակում է ի դեմս Ռասկոլնիկովի գաղափարական մարդասպանին, որը
հավակնում է լինել նոր Նապոլեոնը: Սակայն քննիչը չունի ապացույցներ և բաց է թողնում
երիտասարդին՝ հուսալով, որ բարի բնությունը նրանում կհաղթի և կմղի խոստովանության:
Իսկապես, հերոսն ավելի ու ավելի է համոզվում, որ սխալվել
է ինքն իր մեջ: Նապոլեոնը հանգիստ խաղում էր մարդկանց կյանքերով, իսկ ինքը ցավում է մի պառավի համար: Ուրեմն նա դողացող արարած է:
Դունյայի հետևից Պետերբուրգ եկած Սվիդրիգայլովը, որն ըստ
երևույթին մեղավոր է իր կնոջ մահվան մեջ, ծանոթանում է Ռասկոլնիկովի հետ և նկատում
է, որ իրենք նույն խմորից են, թեպետ Ռասկոլնիկովը դեռ վերջնականապես չի հաղթահարել
իր մեջ Շիլլերին: Քրոջը վիրավորողի հանդեպ ողջ գարշանքով հանդերձ Ռոդիոնին գրավում
է Սվիդրիգայլովի մեջ կյանքը վայելելու կարողությունը:
Էժանագին հյուրանոցում (որտեղ Դունյային և մորը սենյակ է
վարձել Լուժինը) ճաշելու ժամանակ տեղի է ունենում բացատրություն: Բացահայտում են, որ
Լուժինը հերյուրանք է տարածում Ռասկոլնիկովի և Սոնյայի մասին: Լուժինին վռնդում են:
Ռասկոլնիկովը գալիս է Սոնյայի մոտ: Նրա մոտ է փրկություն
փնտրում: Սոնյան իր պես միայնակ չէ: Աղջիկը իրեն զոհաբերել է ուրիշների՝ քույրերի և
եղբայրների համար: Ռասկոլնիկովը արել է հակառակը: Նա զոհաբերել է ուրիշներին: Սոնյան
կարդում է Ռասկոլնիկովին Քրիստոսի կողմից Ղազարոսի հարության մասին:
Բացահայտված լինելու վախից և միաժամանակ բացահայտված լինելու
ցանկությամբ տանջահար եղած Ռասկոլնիկովը նորից գալիս է Պորֆիրիի մոտ, իբրև թե գրավադրված
իրերի հարցով: Հանցագործների հոգեբանության մասին իբրև թե վերացական զրույցը հանգեցնում
է երիտասարդի պոռթկմանը, և նա գրեթե մատնում է ինքն իրեն: Նրան փրկում է այն, որ Միկոլկան
կեղծ խոստովանություն է անում պառավին սպանելու գործով:
Լուժինը հայտնվելով Մարմելադովների տանը՝ մեղադրում է Սոնյային
հարյուրռուբլանոցի գողության մեջ: Աղջկա մոտ իսկապես գտնում են թղթադրամը: Հանկարծ
գտնվում է վկա, ով տեսել է, թե ինչպես է Լուժինը անձամբ դրել թղթադրամը Սոնյայի գրպանը:
Ռասկոլնիկովը բացատրում է Լուժինի ծրագիրը: Ստորացնելով եղբորը և Սոնյային Դունյայի
աչքերում՝ Լուժինը հույս ուներ շահել հարսնացուի բարյացակամությունը:
Ռոդիոնը և Սոնյան զրուցում են, և երիտասարդը խոստովանում
է, որ սպանել է պառավին: Աղջիկը խղճում է նրան և առաջարկում է քավել մեղքը խոստովանությամբ:
Սակայն Ռասկոլնիկովը ասում է, որ դեռ կպայքարի: Ափսոսում է, որ դողացող արարած է:
Եկատերինա Իվանովնան երեխաների հետ հայտնվում է փողոցում:
Սկսվում է արյունահոսություն և խեղճ կինը մահանում է: Մոտերքում գտնվող Սվիդրիգայլովը
իր վրա է վերցնում թաղման ծախսը և երեխաներին ու Սոնյային ապահովելու հարցը:
Ռասկոլնիկովը գալով տուն գտնում է Պորֆիրիին, որը համոզում
է նրան խոստովանություն անել: Բարոյական օրենքի բացարձակությունը մերժող տեսությունը
հեռացնում է Աստծուց: Սակայն Ռասկոլնիկովը հույս ունի անցնել բարոյականության սահմանից:
Նրա առաջ է Սվիդրիգայլովի օրինակը: Իսկ Սվիդրիգայլովը գտնում է, որ իր դարձի միակ ճանապարհը
Դունյայի փոխադարձ սերն է իր նկատմամբ: Վերջնականապես համոզվելով, որ Դունյան իրեն
չի կարող սիրել, Սվիդրիգայլովը ինքնասպանություն է գործում:
Այդ ընթացքում Ռասկոլնիկովը՝ վերջնականապես ճնշված, հրաժեշտ
է տալիս հարազատներին և Սոնյային: Նա հայտնվում է Սիբիրում: Մայրը մահանում է վշտից:
Դունյան ամուսնանում է Ռազումիխինի հետ: Սոնյան բնակվում է Ռասկոլնիկովի հարևանությամբ
և այցելում է նրան: Սարսափը շարունակվում է նաև այստեղ: Կալանավորները ատում են նրան
որպես անաստվածի: Սոնյային հարգում և սիրում են: Հայտնվելով բանտային հոսպիտալում՝
Ռասկոլնիկովը տեսնում է Հայտնության տեսարաններ: Անհանդուրժողականությունը մտնում է
մարդկանց մեջ, և նրանք սպանում են միմյանց՝ ընդհուպ վերացնելով ողջ մարդկային ցեղը,
բացի մի քանի մաքուրներից և ընտրյալներից: Նա վերջապես հասկանում է, որ բանականության
գոռոզությունը բերում է գժտություն և կործանում: Նա անսահման սիրով է լցվում Սոնյայի
հանդեպ: Նոր կյանքի շեմին կանգնած՝ նա ձեռքն է վերցում Ավետարանը:
Տես նաև Ապուշը, Խաղամոլը, Կարամազով եղբայրներ և Դևեր
Ֆյոդոր Դոստոևսկի | Ոճիր և պատիժ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 26, 2015
Rating:
