
Վեպում զուգահեռ զարգանում են սյուժեի երկու գծեր: Առաջին
գործողությունը տեղի է ունենում Մոսկվայում մայիսյան մի քանի օրերի ընթացքում, իսկ
երկրորդ գործողությունը՝ Երշալայիմ քաղաքում երկու հազար տարի առաջ: Շոգ երեկո է: Մոսկվայում
է հայտնվում ոմն Վոլանդ, որը ներկայանում է որպես սև մոգության մասնագետ: Իրականում
դա սատանան է: Նրան ուղեկցում է տարօրինակ շքախումբ՝ գեղեցիկ վհուկ Գելլան, հեգնական
Կորովևը, որը հայտնի է նաև Ֆագոտ անունով, մռայլ Ազազելլոն և ուրախ, չաղլիկ Բեգեմոտը,
որը հիմնականում հայտնվում է հսկա կատվի կերպարանքով: Վոլանդի հետ առաջինը հանդիպում
է գեղարվեստական հանդեսի խմբագիր Միխայիլ Բերլիոզը և պոետ Իվան Բեզդոմնին, որը գրել
է հակակրոնական պոեմ Քրիստոսի մասին: Վոլանդը միջամտում է նրանց զրույցին՝ պնդելով,
որ Քրիստոսը գոյություն է ունեցել: Որպես ապացույց այն բանի, որ կա մի բան, որը ենթակա
չէ մարդու կամքին, Վոլանդը կանխատեսում է, որ Բերլիոզի գլուխը կկտրի կոմսոմոլուհի աղջիկը:
Իվանի աչքի առաջ Բերլիոզն ընկնում է տրամվայի տակ. վարորդը կոմսոմոլուհի է: Բերլիոզի
գլուխը անիվների տակ կտրվում է: Իվանն անարդյունք հետևում է Վոլանդին, հետո հայտնվում
է մոսկովյան գրական ընկերությունում և այնպես անհոդաբաշխ է ներկայացնում իր հետ պատահածը,
որ հայտնվում է հոգեբուժարանում, որտեղ հանդիպում է վեպի գլխավոր հերոսին՝ Վարպետին:
Վոլանդը գալիս է Սադովայա
փողոցի N 50 բնակարան, որտեղ ապրում էր հանգուցյալ Բերլիոզը: Նրա հարևանն է Վարյետե
թատրոնի տնօրեն Ստեպան Լիխոդեևը: Գտնելով վերջինիս ծանր խումհարի մեջ՝ ներկայացնում
է իբրև թե վերջինիս կողմից ստորագրված պայմանագիր, որով Վոլանդը պիտի ներկայացում տա թատրոնում: Այնուհետև դուրս է հանում Ստյոպային բնակարանից, և անհասկանալի եղանակով
սա հայտնվում է Յալտայում:
Նիկանոր Բոսոյը՝ Սադովայայի տան ընկերության նախագահը, գալիս
է համար հիսուն բնակարան և հանդիպում է Կորովևին, որը խնդրում է հանձնել բնակարանը
Վոլանդին, քանի որ Բերլիոզը մահացել է, իսկ Լիխոդեևը մեկնել է Յալտա: Բոսոյը համաձայնում
է և վճարից բացի ստանում է 400 ռուբլի, որը պահում է օդանցքում: Նույն օրը նրա տանը
խուզարկություն է լինում, և օդանցքում գտնում են դոլլարներ: Բոսոյը նույնպես հայտնվում
է հոգեբուժարանում:
Վարյետեի ֆինանսական տնօրենը՝ Ռիմսկին, և ադմինիստրատոր Վարենուխան
փորձում են հեռախոսով կապվել Լիխոդեևի հետ
և ապշում են՝ ստանալով նրանից հեռագրեր Յալտայից՝ դրամ ուղարկելու խնդրանքով: Կարծելով,
որ սա հիմար կատակ է, Ռիմսկին հանձնում է հեռագրերը Վարենուխային և պատվիրում տանել
այնտեղ, ուր հարկն է: Բայց դա չի հաջողվում անել, քանի որ Ազազելլոն և Բեգեմոտը տանում
են Վարենուխային N 50 բնակարան, և մերկ վհուկ Գելլայի համբույրից Վարենուխան անզգայացած
ընկնում է: Երեկոյան թատրոնում տեղի է ունենում մեծն մոգ Վոլանդի ներկայացումը: Ֆագոտը
ատրճանակի կրակոցով առաջ է բերում տաս ռուբլանոցների անձրև: Հետո բեմի վրա բացվում
է կանացի խանութ, որտեղ յուրաքանչյուր հանդիսատես կին կարող է հագնվել ոտքից գլուխ:
Գոյանում է հերթ, իսկ ներկայացումից հետո տաս ռուբլանոցները վերածվում են թղթիկների,
իսկ կանանց նոր զգեստներն անհետանում են, և նրանք մնում են մերկ: Ռիմսկուն իր կաբինետում
ուշ երեկոյան այցելում է Գելլայի համբույրից վամպիր դարձած Վարենուխան: Տեսնելով, որ
վերջինս ստվեր չունի՝ Ռիմսկին փորձում է փախչել: Վարենուխային օգնության է գալիս Գելլան:
Սակայն բացվում է առավոտը, և աքաղաղի կանչը ստիպում է վամպիրներին չքվել: Մի վայրկյանում
սպիտակած Ռիմսկին վազում է կայարան և գնացքով մեկնում է Լենինգրադ:
Հոգեբուժարանում Բեզդոմնին ծանոթանում է Վարպետի հետ և պատմում
է նրան Բերլիոզին կործանած օտարերկրացու մասին: Վարպետը բացատրում է, որ դա սատանան
է և պատմում է իր պատմությունը: Նրան Վարպետ է կոչել սիրեցյալը՝ Մարգարիտան: Կրթությամբ
լինելով պատմաբան՝ նա աշխատում էր թանգարանում և անսպասելիորեն շահում է մեծ գումար:
Թողնում է աշխատանքը թանգարանում, սենյակ է վարձում նկուղային հարկում և սկսում է վեպ
գրել Պոնտացի Պիղատոսի մասին: Վեպը գրեթե պատրաստ էր, երբ նա փողոցում հանդիպում է
Մարգարիտային: Նրանք իսկույն սիրահարվում են: Մարգարիտան ամուսնացած էր և ապրում էր
արժանի մարդու հետ Արբատի առանձնատներից մեկում: Բայց չէր սիրում իր ամուսնուն: Ամեն
օր գալիս էր Վարպետի մոտ, և նրանք երջանիկ էին: Վեպն ավարտված էր, և Վարպետը տանում
է այն հանդես, սակայն տպագրել այն հրաժարվում են: Այդուհանդերձ մի դրվագ տպագրվում
է, և շուտով թերթերում լույս են տեսնում ջախջախիչ հոդվածներ, որոնք ստորագրել են՝ Արիմանը,
Լատունսկին և Լավրովիչը: Վարպետը զգում է, որ սկսում է հիվանդանալ: Մի գիշեր ուզում
է այրել ձեռագիրը: Այն հազիվ փրկում է վրա հասած Մարգարիտան: Նա հեռանում է ամուսնուն
հրաժեշտ տալու և վերադառնալու առհավետ: Սակայն Մարգարիտայի գնալուց քառորդ ժամ անց
Վարպետի պատուհանը ծեծում են…
Վերադառնալով տուն մի քանի ամիս հետո՝ Վարպետը տեսնում է,
որ իր բնակարանը զբաղված է և հեռանում է մոտակա հոգեբուժարանը, որտեղ արդեն ապրում
է չորս ամիս:
Այդ առավոտյան Մարգարիտան արթնանում է զգացումով, որ ինչ-որ
բան պիտի տեղի ունենա: Նայում է հին լուսանկարները, Վարպետի ձեռագիրը և գնում է Ալեքսանդրյան
պուրակ: Այստեղ նրա կողքին է նստում Ազազելլոն և հաղորդում է, որ մի երևելի արտասահմանցի
հյուր է կանչում Մարգարիտային: Խեղճ կինը համաձայնում է, որովհետև հույս ունի ինչ-որ
բան իմանալ Վարպետի մասին: Նույն երեկոյան նա մերկ մարմինը օծում է Ազազելլոյի տված
կրեմով և դառնալով անտեսանելի՝ դուրս է թռչում պատուհանից: Գրողների տան մոտով թռչելիս
քարուքանդ է անում քննադատ Լատունսկու բնակարանը՝ համոզված լինելով, որ նա է կործանել
Վարպետին: Ազազելլոն բերում է Մարգարիտային N 59 բնակարան, որտեղ կինը ծանոթանում
է Վոլանդի և նրա շքախմբի հետ: Վոլանդը առաջարկում է Մարգարիտային լինել իր պարահանդեսի
թագուհին՝ փոխարենը խոստանալով կատարել նրա ցանկությունը: Կեսգիշերին սկսում է Սատանայի
պարահանդեսը, որին հրավիրված են մատնիչներ, դահիճներ, այլասերողներ, մարդասպաններ:
Տղամարդիկ հագել են ֆրակ, իսկ կանայք մերկ են: Մի քանի ժամ Մարգարիտան ողջունում է
հյուրերին և թույլ տալիս, որ համբուրեն իր ոտքը: Պարահանդեսն ավարտված է, և Վոլանդը
հարցնում է, թե ինչ է Մարգարիտան ուզում: Մարգարիտան խնդրում է իսկույն իրեն վերադարձնել
Վարպետին: Հայտնվում է հիվանդանոցի զգեստով Վարպետը: Նրանք խնդրում են Վոլանդին վերադարձնել
իրենց նկուղային բնակարանը, որտեղ երջանիկ էին:
Այդ ընթացքում մոսկովյան մի վարչություն սկսում է հետաքրքրվել
քաղաքում կատարվող իրադարձություններով: Պարզ է, որ մեղավորը հանցավոր խումբ է, որը
գլխավորում է խորհրդավոր մոգը, և բոլոր հետքերը տանում են դեպի N 50 բնակարանը:
Վեպի երկրորդ սյուժեն սկսվում է Հերովդես Մեծի պալատում:
Պոնտացի Պիղատոսը հարցաքննում է Հեշուա Գա-Նոցրիին: Սրան դատապարտել են մահվան կեսարի
իշխանությունը վիրավորելու համար: Մեղադրանքը պիտի հաստատի Պիղատոսը: Պիղատոսը հասկանում
է, որ իր առաջ անմեղ մարդ է և ոչ ապստամբ: Բայց նա չի կարող ազատել կեսարի դեմ հանցանքի
մեջ մեղադրվողին և հաստատում է մահապատիժը: Այնուհետև դիմում է հրեաների հոգևոր առաջնորդին՝
Կայիփային, որը մոտեցող Զատիկի տոնի կապակցությամբ կարող է բաց թողնել չորս դատապարտյալներից
մեկին: Կայիփան մերժում է նրան և ազատ է արձակում ավազակ Բար-Րաբանին: Սարի վրա կանգնած
են երեք խաչեր, որոնց վրա խաչված են երեք դատապարտյալները: Խաչված Գա-Նոցրիի հետ է
միայն նրա աշակերտը՝ Ղևի Մատթեոսը: Դահիճը սպանում է խաչվածներին, և սկսվում է ուժեղ
անձրև:
Պիղատոսը իր մոտ է կանչում գաղտնի ծառայության պետին և պատվիրում
է սպանել Հուդային Կիրիաթից, որը փող է ստացել Սինեդրիոնից Հեշուային մատնելու համար:
Որոշ ժամանակ անց Ափրանիասը զեկուցում է, որ Հուդան մորթված է: Պիղատոսի մոտ են բերում
Ղևի Մատթեոսին: Սա ցույց է տալիս Գա-Նոցրիի գրի առնված ուսմունքի մագաղաթները: Պիղատոսը
կարդում է, որ ամենամեծ մեղքը վախկոտությունն է:
Իսկ Մոսկվայում Վոլանդը և նրա շքախումբը հրաժեշտ են տալիս
քաղաքին: Հայտնվում է Ղևի Մատթեոսը, որն առաջարկում է Վոլանդին վերցնել իր հետ Վարպետին
և պարգևել նրան հանգիստ: Վոլանդը հարցնում է, թե ինչու իրենք չեն վերցնում Վարպետին:
Մատթեոսն ասում է, որ Վարպետը արժանի չէ լույսի:
Որոշ ժամանակ անց Մարգարիտայի և Վարպետի բնակարանում հայտնվում է Ազազելլոն և տալիս
է Վոլանդի ընծան՝ մի շիշ գինի: Խմելով դրանից Վարպետը և Մարգարիտան անշնչացած ընկնում
են: Նույն պահին հոգեբուժարանում մահանում է Բեզդոմնիի հարևան սենյակի հիվանդը: Միաժամանակ
Արբատի տներից մեկում երիտասարդ կինը բռնում է սիրտը ու վայր ընկնում:
Կախարդական ձիերը տանում են Վոլանդին ու նրա շքախումբը, ինչպես
նաև Վարպետին ու Մարգարիտային: Վոլանդը ցույց է տալիս Վարպետին նրա վեպի հերոս Պիղատոսին,
որը նստած է հրապարակում երկու հազար տարի և երազում է դուրս գալ լուսնային ճանապարհ՝
զրուցելու համար թափառական փիլիսոփայի հետ: Վարպետը բղավում է, որ Պիղատոսն այլևս ազատ
է, և որ փիլիսոփան սպասում է նրան: Վոլանդը հրաժեշտ է տալիս Վարպետին և Մարգարիտային:
Զույգը քայլում է գետակի վրայով անցնող կամրջով և Մարգարիտան ասում է, որ հիմա Վարպետը
հանգիստ է, և որ ինքը կհսկի նրա քունը:
Մոսկվայում մոգի և նրա հանցավոր խմբի որոնումներն արդյունքներ
չեն տալիս: Փորձառու հոգեբույժները գալիս են եզրակացության, որ այդ խմբի անդամները
ուժեղ հիպնոզիստներ են: Անցնում է մի քանի տարի: Ոչ ոք ոչինչ չի հիշում: Միայն նախկին
պոետ Բեզդոմնին մայիսին լինում է Պատրիարշիյե Պրուդի զբոսայգում և նստում է այն նստարանին,
որտեղ ժամանակին զրուցել էր Վոլանդի հետ: Իսկ հետո գիշերը տեսնում է միևնույն երազը:
Նրան այցելում են Մարգարիտան, Վարպետը, Հեշուան և Պոնտացի Պիղատոսը:
Տես նաև Շան սիրտը և Սպիտակ գվարդիա
Բուլգակով | Վարպետը և Մարգարիտան | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 23, 2015
Rating:
