.jpg)
Դեպքերը տեղի են ունենում Հայաստանում, IV դ. սկզբում, երբ
Արշակ Երկրորդը
գերի է պարսից արքա Շապուհի մոտ:
Սուրենը հասնում է Տարոն և գալիս է Մամիկոնյանների տոհմական
դղյակը՝ Ողական: Գաղտնի հանդիպում է տիրոջ՝ Սամվելի հետ: Պատմում է, որ Արշակը գերի
է ընկել և փակված է Անհուշ բերդում: Սամվելի հորեղբայր Վասակը նույնպես գերի է ընկել:
Շապուհը զարմացել է, որ այդ ցածրահասակ մարդը կորող էր լինել հայոց սպարապետ: Վասակն
ասել է, որ ցածրահասակ է պարսից հողի վրա, իսկ հայրենքում կարող է ոտքով ճզմել երկու
սարերը՝ Շապուհին և Բյուզանդիայի կայսրին: Վասակին մորթազերծում են, խրտվիլակ սարքում
նրանից և դնում Արշակի առաջ: Բացի այդ, Վահան Մամիկոնյանը և Մերուժան Արծրունին դավաճաններ
են, որոնք պարսից զորքով շարժվում են Հայաստան: Սամվելը ցավում է: Մայրը՝ Տաճատուհին,
չի ասել, որ հայրը դավաճան է: Գնում է Մուշեղի՝ Վասակի որդու մոտ, և ամեն բան պատմում,
բացի հոր դաժան սպանությունից:
Սամվելը գալիս է պարսից հագուստներ հագած մոր մոտ, որից իմանում
է, որ հայրը գալիս է: Ձևացնում է, թե պատրաստ է ուրախությամբ դիմավորել վերադարձողներին:
Ողական են գալիս Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը: Սամվելի ծրագրերին Պարթևը հավանություն
է տալիս: Խնջույքի ժամանակ Սամվելի մայրը՝ Տաճատուհին, ուզում է թունավորել Մուշեղին,
սակայն ծառա Նվարդը, լսելով դրա մասին, ասում է Հուսիկին, իսկ սա՝ Մուշեղին: Վահանի
երկրորդ կինը՝ Որմիզդուխտը, զգուշացնում է Սամվելին, որ պարսից զորքը մոտենում է Հայաստանին
ոչ թե Տարոնի, այլ Ռշտունու կողմից, որտեղ գտնվում է տղայի սիրելին՝ Աշխենը:
Մի քանի օրից Սահակ Պարթևը հեռանում է, իսկ Սամվելը գնում
է հորը ընդառաջ՝ ունենալով 40 մարդ և ևս 250 մարդ նրան տալիս է մայրը: Սրանց մոր լրտեսներ
է համարում:
Պատմվում է Արշակ թագավորի մասին, որին Անհուշ բերդում այցելում
է իր հավատարիմ ծառա Դրաստամատը: Սա փրկել էր Շապուհի կյանքը և Շապուհը թույլ էր տվել
տեսնել Արշակին:
Սամվելը և իր մարդիկ Ռշտունու մութ անտառներում են: Տեղացիների
հետ ընդհարման արդյունքում հիմա ունի 48 մարդ: Շտապում է զգուշացնել Ռշտունի իշխանին
պարսիկների հարձակման մասին, սակայն հասնելով տեղ՝ տեսնում է, որ ամրոցն արդեն պաշարված
է և այրվում է: Սամվելը հանդիպում է Աշխենի հետ աղբյուրի մոտ. իմանում է, որ պարսիկները
գերեվարել են աղջկա մորը՝ Համազասպուհուն: Ռշտունի իշխանը իր զորքով ընկնում է գերեվարիչների
ետևից: Վահանը և Մերուժանը ամրանում են Վանում, երբ նրանց վրա հարձակվում է Ռշտունին:
Վահանը Համազասպուհու եղբայրն է և նրան առաջարկում է զրադաշտություն ընդունել: Ստանում
է մերժում: Երբ Ռշտունու զինվորները մտնում են Վան, Վահանը հրամայում է սպանել Համազասպուհուն:
Նրա մերկ մարմինը կախում են ոտքերով վեր: Վան մտած Սամվելը համեմատում է հորը եղբայրասպան
Կայենի հետ: Դրանից հետո Մերուժանը հեռանում է տուն՝ հարազատներին տեսնելու: Մայրը
համոզում է հարսին չընդունել տուն դավաճան ամուսնուն: Նրան չեն ընդունում, և դավաճանը
հեռանում է:
Հայաստան է գալիս նոր զորքով Շապուհը: Ավերում է քաղաքներ,
այդ թվում Զարեհավանը և հետ է դառնում Տիզբոն: Ճանապարհին նրան գրոհում է Մուշեղի 20000
զինվորից բաղկացած գունդը: Մուշեղը գերի է վերցնում արքայի քրոջը՝ Որմիզդուխտին, սակայն
ինքը արքան փախչում է: Գերիներին բերում է Արտագերս՝ թագուհու մոտ, որը գերիներին մորթազերծ
է անում և կախում դիակները քաղաքի պատերից: Շապուհի հարեմը վերադարձվում է, իսկ Որմիզդուխտին
հայոց թագուհին իր մոտ է պահում: Շապուհը հրամայում է Մուշեղի պատկերը փորագրել իր
գավաթի վրա: Փառանձեմ թագունին սպարապետ է կարգում Մուշեղին և ուղարկում է Բյուզանդիա,
իր որդուն՝ գահաժառանգ Պապին բերելու: Մերուժանը պաշարում է Արտագերսը, որը տևում է
ամիսներ: Պարսիկները չեն կարողանում գրավել ամրոցը, սակայն համաճարակ է սկսվում, որը
տանում է հազարավոր մարդկանց կյանքեր: Ի վերջո, գտնելով քաղաքում կենդանի մնացած թագուհուն
և Որմիզդուխտին, պարսիկները տանում են նրանց Պարսկաստան:
Սամվելը և իր մարդիկ հասնում են Մերուժան Արծրունու զորքի
ճամբարին: Սամվելը հանդիպում է հորը՝ Վահանին: Ոչինչ չկասկածելով՝ Վահանը ուրախությամբ
է ընդունում որդուն: Խնջույքի ժամանակ Սամվելը ականատես է լինում հայոց մագաղաթների
այրմանը և գերիների սպանդին, ինչը ամրացնում է նրան իր ծրագրի կատարման հարցում: Որսի
ժամանակ հայր և որդի առանձնազրույց են ունենում: Սամվելը դավաճան է կոչում հորը, և
երբ Վահանը մերկացնում է սուրը, Սամվելն առաջինն է հարվածում նրան և սպանում: Նրա զիվորները
ճակատամարտ են տալիս պարսիկներին: Ողջ են մնում յոթը, իսկ Մերուժան Արծրունին փախչում
է: Այդուհանդերձ, Մերուժանը վիրավոր գերի է ընկնում պարսիկներին շրջապատած նոր հայկական
զորքին: Ամիսներ անց Սամվելը Ողականում է: Մայրը ունի պարսիկ ծառաներ, զարդարել է դղյակը
պարսից զարդարանքով և ստիպում է բոլորին պարսից հագուստ կրել: Կազմակերպել է զրադաշտական
զոհաբերություն: Սամվելը հրամայում է մարել կրակները: Մայրը հրաժարվում է: Սամվելը
սպառնում է, որ կհեղի բագինները մոր արյամբ: Մայրը որդուն կոչում է անիրավ: Ասելով, որ դավաճան հորը սպանած սուրը
կսպանի նաև ուրացած մորը, Սամվելը սրախողխող է անում մորը: Ամբոխից լսվում են հավանության
ճիչեր:
Րաֆֆի | Սամվել | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 29, 2015
Rating:
.jpg)