.jpg)
Մի գավառական քաղաքում Անտոն Անտոնովիչ Սկվոզնիկ-Դմուխանովսկին
հավաքում է չինովնիկներին՝ հայտնելու համար նրանց մի շատ տհաճ լուր: Իրեն նամակ գրած
ծանոթից նա իմացել է, որ իրենց քաղաք է գալիս ռևիզոր: Գալիս է ինկոգնիտո և հատուկ կարգադրությամբ:
Քաղաքագլուխը գիշերը երազում տեսել է երկու առնետ, որը վատ նշան է: Փորձում են հասկանալ
ռևիզորի այցելության պատճառները և դատավորը՝ Ամոս Ֆյոդորովիչ Լյապկին-Տյապկինը, որը
մի քանի գիրք է կարդացել, ահա ինչու ազատամիտ է, ենթադրում է Ռուսաստանի նախաձեռնությամբ
նոր պատերազմի սկիզբը: Քաղաքագլուխը խորհուրդ է տալիս Արտեմի Ֆիլիպովիչ Զեմլյանիկային,
որը պահում է աստվածահաճո մի քանի հաստատություն, հիվանդներին ստիպել հագնել սպիտակ
գլխարկներ և առհասարակ հնարավորինս պակասեցնել նրանց թիվը: Եվ առհասարակ բոլոր ներկա
չինովնիկներին կարգադրում է կարգի բերել քաղաքը:
Հայտնվում է փոստի պատասխանատու՝ Իվան Կուզմիչ Շպեկինը, որը
պարզամիտ մարդ է: Քաղաքագլուխը, վախենալով մատնագրից, խնդրում է սրան ուշադիր զննել
բոլոր նամակները, բայց սա ասում է, որ վաղուց է, ինչ կարդում է բոլոր նամակները: Որոշները
կարդում է հատուկ հաճույքով: Բայց նամակներում պետերբուրգցի չինովնիկի մասին ոչինչ
չկա: Ներս են մտնում կալվածատերեր Դոբչինսկին և Բոբչինսկին և պատմում են պանդոկ մտած
մի այցելուի մասին, որը չափազանց ուշադիր ու զննող է, անգամ ափսեներն է զննում: Էլ
ով պիտի լինի, եթե ոչ այդ ռևիզորը:
Չինովնիկները մտահոգ ցրվում են, իսկ քաղաքագլուխը որոշում
է շուքով շարժվել հյուրանոց: Մեկնում է Բոբչինսկու հետ: Հայտնվում են Աննա Անդրեևնան՝
քաղաքագլխի կինը, և Մարյա Անտոնովնան՝ նրա դուստրը: Առաջինը բարկանում է դստեր վրա
և հեռացող ամուսնուն պատուհանից հարց ու փորձ է անում եկվորի բեղերի մասին: Ունի՞ արդյոք,
թե՞ ոչ:
Հյուրանոցի փոքրիկ սենյակում մահճակալի վրա է պառկած ծառա
Օսիպը: Նա քաղցած է և դժգոհում է տիրոջից, որը պարտվել է փողը, նրա ցոփոթյունից և հիշում
է պետերբուրգյան կյանքի ուրախությունները:
Ներս է մտնում Իվան Ալեսկսանդրովիչ Խլեստակովը: Երիտասարդ
հիմարավուն մարդ է: Ուղարկում է Օսիպին ճաշի ետևից, իսկ եթե չտան, ապա հրամայում է
կանչել տիրոջը: Հյուրանոցի ծառայի հետ վեճին հետևում է անչափ վատ ճաշը: Ափսեները դատարկելուց
հետո Խլեստակովը բարկանում է, և հենց այդ ժամանակ նրան է հարցնում հյուրանոց հասած
քաղաքագլուխը: Նրանք հանդիպում են Խլեստակովի համարում: Խլեստակովի ազնիվ խոսքերն այն
մասին, որ նա մեկնում է հոր մոտ, հավատի չեն արժանանում և ընդունվում են ինկոգնիտո
մնալու պատրվակով հորինված սուտ: Հայտարարություններն այն մասին, որ նա չի ուզում գնալ
բանտ, քաղաքագլուխը հասկանում է այնպես, որ եկվորը չի կոծկելու իր հանցանքները: Քաղաքագլուխը
վախեցած փող է առաջարկում Խլեստակովին և կանչում է իր տուն, ինչպես նաև տեսնել քաղաքի
մի քանի հաստատություններ: Կարճ գրություններ գրելով Զեմլյանիկային և կնոջը՝ քաղաքագլուխը
հեռանում է իր առաջարկն ընդունած Խլեստակովի հետ:
Աննա Անդրեևնան, սպասելով լուրերի, շարունակում է բարկանալ
դստեր վրա: Ներս է վազում Դոբչինսկին և ասում է, որ եկվորը գեներալ չէ, բայց չի զիջում
գեներալին: Աննա Անդրեևնան կարդում է նամակը, որտեղ թթու վարունգների և խավիարի պատվերներին
հաջորդում է հյուրի համար առանձին սենյակ պատրաստելու և Աբդուլինից գինի գնելու խորհուրդը:
Երկու տիկնայք վիճում են, թե ով ինչ զգեստ հագնի: Ներս են գալիս Խլեստակովը, քաղաքագլուխը,
Զեմլյանիկան, որի հաստատությունում լաբարդան են համտեսել, Խլոպովը և Դոբչինսկին ու
Բոբչինսկին: Զրուցում են Արտեմի Ֆիլիպովիչի հաջողությունների մասին, որի հիվանդները
լավանում են «ինչպես ճանճերը»: Խլեստակովը հետաքրքրվում է, թե որտեղ կարելի է քաղաքում
թուղթ խաղալ: Քաղաքագլուխը, իհարկե, կարծելով, թե սա սադրանք է, մոռանում է, որ մի
շաբաթ առաջ մեծ գումար է հաղթել թղթախաղով, հայտարարում է, որ իրենց քաղաքում այդպիսի
բան չկա: Հայտնվում են կանայք և Խլեստակովը սկսում է պատմել, որ Պետերբուրգում մի անգամ
իրեն ընդունել են գլխավոր հրամանատարի հետ, որ նա ընկերություն է անում Պուշկինի հետ,
թե ինչպես է դեպարտամենտ ղեկավարել, որ շուտով իրեն դարձնելու են ֆելդմարշալ… Հեռանում
է քնելու: Աննա Անդրեևնան և Մարյա Անտոնովնան, նախ վիճելով, թե ում էր ավելի շատ նայում
Խլեստակովը, սկսում են հարցուփորձ անել Օսիպին իր տիրոջ մասին: Նրա անկապ պատասխանները
միայն խորացնում են նրանց հավատը, թե Խլեստակովը կարևոր անձ է:
Չինովնիկները քաղաքագլխի տանը խորհուրդ են անում և որոշում
են կաշառք տալ եկվորին. խնդրում են Լյապկին-Տյապկինին, որ նա առաջինը անի դա: Խլեստակովն
արթնանում է և խրթնեցնում է նրանց: Լյապկին-Տյապկինը վախից հատակին է նետում դրամը
և արդեն կարծում է իրեն ձերբակալված: Խլեստակովը բարձրացնում է փողը և պարտք է խնդրում՝
պատճառաբանելով, որ ճանապարհին ծախսեր է ունեցել: Բոլորից պարտք է վերցնում:
Ճանապարհելով չինովնիկներին՝ Խլեստակովը նամակ է գրում ընկերոջը՝
Տրյապիչկինին, այն մասին, թե ինչպես են իրեն ընդունել պաշտոնական մարդու տեղ: Օսիպը
խնդրում է տիրոջը, քանի ուշ չէ, հեռանալ: Օսիպին նամակը հանձնելուց հետո ընդունում
է բողոքավոր առևտրականներին, որոնց քաղաքագլխի հրամանով ներս չէր թողնում ոստիկանապետ
Դերժիմորդան: Հայտնվում են նաև ուրիշ բողոքավորներ: Սրան է հետևում Աննա Անդրեևնայի
և դստեր մրցակցությունը Խլեստակովի ուշադրության համար: Հաղթում է մայրը, որին Խլեստակովն
առաջարկություն է անում: Իսկ սա ասում է, որ «ինչ-որ իմաստով ամուսնացած է»: Հետո առաջարկություն
է ստանում նաև Մարյա Անտոնովնան: Առևտրականների բողոքներից վախեցած քաղաքագլուխը օրհնում
է նորապսակներին: Հետո Խլեստակովը հայտարարում է, որ պիտի մեկ օրով լքի հավաքվածներին
և մեկնի իր ազգականի մոտ: Նորից պարտքով փող է վերցնում է կառքով հեռանում:
Խլեստակովին ճանապարհ դնելուց հետո քաղաքագլուխը և կինը երազանքների
գիրկն են ընկնում: Երազում են պետերբուրգյան կյանքի մասին: Պատվավոր քաղաքաբնակները
գալիս են շնորհավորելու քաղաքագլխի ընտանիքին: Հանկարծ ներս է վազում փոստի պատասխանատուն
և հայտարարում է, որ ռևիզորը իրականում ռևիզոր չէ: Նա բերել է Տրյապիչկինին Խլեստակովի
գրած նամակը, որով ամեն բան բացահայտվում է: Հանընդհանուր ցասման թիրախ են դառնում
Դոբչինսկին և Բոբչինսկին, որոնք տարածել էին կեղծ լուրը: Ներս է մտնում ժանդարմը և
հայտնում, որ Պետերբուրգից եկած չինովնիկը հանդիպում է խնդրում:
Բոլորը քարացած մնում են իրենց դիրքերում: Դա տևում է մեկ
րոպե: Վարագույր:
Նիկոլայ Գոգոլ | Ռևիզոր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 14, 2015
Rating:
.jpg)