Պրոտագորաս
(համառոտ)
Սոփեստներից ամենահայտնին ու
ազդեցիկը եղել է Աբդերցի Պրոտագորասը (Ք. ա. 491 - 400): Նրա գլխավոր ստեղծագործությունն
է «Անտիլոգիաներ» աշխատությունը, որը հայտնի է միայն ուրիշ հեղինակների կցկտուր փոխանցումներից
ու մեջբերումներից:
Պրոտագորասի հիմնարար պնդումը
աքսիոմատիկ է. «Մարդը բոլոր իրերի չափն է՝ և նրանց, որոնք կան, և նրանց, որոնք չկան»:
Ասելով չափ՝ Պրոտագորասը հասկանում է «դատողության որոշակի նորմ», իսկ ասելով իրեր՝
փաստերն ու փորձը որպես ամբողջություն: Այս հայտնի աքսիոմը ժամանակի ընթացքում դարձավ
ռելյատիվիզմի magna charta-ն: Իրոք, իր այս պնդմամբ Պրոտագորասը բացասում է բացարձակ
չափանիշը, որով գոյությունը տարբերվում է չգոյությունից, իսկ ճշմարտությունը կեղծիքից:
Չափանիշ կարող է լինել միայն մարդը: Մեկին քամին սառեցնում է, մյուսին՝ ջերմացնում:
Ինչպիսի՞ն է քամին:
Մարդ-չափանիշի այս սկզբունքը
զարգացվում է «Անտիլոգիաներում», որտեղ ցույց է տրվում, որ յուրաքաչյուր իր առաջ է
բերում առնվազն երկու փաստարկ, որոնք հակասում են իրար:
Պահպանվել են վկայություններ
այն մասին, որ Պրոտագորասը սովորեցնում էր թույլ փաստարկի օգնությամբ հաղթել ավելի
ուժեղ փաստարկը: Խնդիրը անօրենությունն ու անարդարությունը հաստատելը չէ: Նրան առավել
չափով հետաքրքրում էր թույլ խոսքը առավել համոզիչ դարձնելու մեթոդաբանությունն ինքը:
Ըստ Պրոտագորասի ամեն բան հարաբերական
է: Գոյություն չունի բացարձակ ճշմարտություն և չկան բացարձակ բարոյական արժեքներ: Բայց
կա առավել հարմարը, առավել պատշաճը և օգտակարը: Իմաստունը նա է, ով հասկանում է հարաբերականի
օգտակարությունը, կարողանում է համոզել ուրիշներին և ակտուալացնել օգտակարը:
Բայց անգամ եթե ամեն բան այդպես
է, Պրոտագորասի ռելյատիվիզմն ունի մեկ լուրջ սահմանափակություն: Մարդը դառնում է ճշմարտության
և կեղծիքի օգտակարության չափանիշ, հետևաբար օգտակարությունը դառնում է օբյեկտիվ: Բարին
և չարը պիտի ըստ Պրոտագորասի հարաբերակցվեն օգուտի և վնասակարության հետ: Լավը և վատը
կապված են օգտակարի և վնասակարի հետ:
Սակայն Պրոտագորասը տարբերություն
չի տեսնում ռելյատիվիզմի և պրագմատիզմի միջև այն պատճառով, որ էմպիրիկ մակարդակի վրա
օգտակարությունը որոշվում է սուբյեկտի մեջ:
Հետևաբար օգտակարությունն ինքը սուբյեկտիվ և հարաբերական է: Սուբյեկտիվությունը օբյեկտիվ
խնդիրների և ճշմարտության հետ համերաշխեցնելու գործը մնում է Սոկրատեսին:
Պրոտագորասն ասում է. «Աստվածների
մասին ես չեմ կարող ասել, որ դրանք գոյություն ունեն, բայց նաև, որ դրանք գոյություն
չունեն»: Երկու փաստարկներն էլ նա կարող էր պաշտպանել: Ռացիոնալ մակարդակի վրա սա դասական
տիպի ագնոստիցիզմ է, որն իրեն է վերագրում պոզիտիվ դիրքորոշում:
Պրոտագորաս համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 17, 2015
Rating:
