
Գիտական բժշկության հիմնադիր
Հիպոկրատը գլխավորել է Կոս կղզու դպրոցը, այնուհետև բժշկություն է ուսուցանել Աթենքում,
որտեղ արդեն Պլատոնը և Արիստոտելը գնահատել են նրա արտասովոր տաղանդը: Հիպոկրատին վերագրվող
գրքերն են՝ «Հին բժկության մասին», «Հին սրբազան հիվանդության մասին», «Ջրի, օդի և
տեղանքների մասին», «Էպիդեմիաներ» տրակտատները և նշանավոր «Երդումը»:
Էպիլեպսիան հին ժամանակներում
համարվում էր գերբնական պատճառներից ծագող հիվանդություն: Իր փայլուն աշխատության մեջ
Հիպոկրատը առաջ է քաշում հետևյալ ուշագրավ թեզերը: Էպիլեպսիան համարվում է սրբազան
հիվանդություն, քանի որ իր անբացատրելիությամբ ահ է նրշնչում: Այդ դեպքում նա, ով հավակնում
է բուժել այն մոգության միջոցով, խաբեբա է:
Հիպոկրատը չի հավատում, որ
մարդու մարմինը կարող է արատավորվել որևէ աստծո կողմից: Աստված ընդհակառակը, օգնում
է մաքրվել արատից: Բայց ո՞րն է այդ դեպքում էպիլեպսիայի պատճառը: Դա պրոցես է, որը
տեղի է ունենում ուղեղի մեջ և որպես պատճառ ունի բնական այն խաթարումները, որոնք կապված
են չորի և թացի, սառի և տաքի ավելացման կամ պակասի հետ: Նա, ով կարող է ճիշտ ռեժիմի
օգնությամբ գտնել դրանց ճիշտ համադրությունը, գիտի հիվանդությունը բժշկելու եղանակը:
Մարդը ներհյուսված է բնական
համակարգերի մեջ՝ տարվա եղանակների, մթնոլորտային հոսանքների, ջրային ռեսուրսների և
տեղանքների: Հարկ է մասի ըմբռնման համար տեսնել ամբողջը: Բուժելու համար բժիշկը պիտի
տեսնի այդ հարաբերակցությունը:
Միապետական կարգերի պայմաններում
ապրող ասիական ժողովուրդներն ավելի թույլ են, քան դեմոկրատ հույները, քանի որ քաղաքական
և պետական կացութաձևը ևս ազդում է մարմնի վրա:
Իտալական դպրոցը, հետևելով
Էմպեդոկլեսին, գտնում էր, որ չորս նախատարրերից որևէ մեկի ավելցուկը մարմնի մեջ կարող
է առաջ բերել հիվանդություն: Հիպոկրատը հիմնվելով Անաքսագորասի սկզբունքի վրա, ըստ
որի ամեն բանում ամեն ինչ արդեն կա, գտնում է, որ ոչ թե տարրերի ավելցուկն է պատճառը,
այլ այն պայմանները, որոնք թույլ են տալիս կամ նպաստում են, որ տվյալ տարրը ստանա ավելցուկ:
Հիպոկրատի երդումը հնչում է
այսպես. «Երդվում եմ բուժող Ապոլլոնի, Ասկլեպիասի, Հիգիայի, Պանակեայի և բոլոր աստվածների
անունով, որ հավատարիմ մնալով իմ այս երդմանը՝ դրան կնվիրաբերեմ բոլոր ուժերս: Կծառայեմ
հիվանդներին և թույլ չեմ տա անարդարություն և վնաս: Ոչ ոքի չեմ մատուցի մահաբեր դեղ,
անգամ եթե խնդրի, թույլ չեմ տա կանանց վիժումը, սուրբ և մաքուր կպահեմ կյանքս: Չեմ
վիրահատի լեղաքարային հիվանդությամբ տառապողին, այլ թույլ կտամ անել դա հմուտ վարպետներին»:
Տես նաև Պարմենիդես Բնության մասին և Զենոն Ապորիաներ
Հիպոկրատ | Հիպոկրատի երդումը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 18, 2015
Rating:
