
Համբարձման տոնի օրը՝ կեսօրին,
Դրեզդենի Սև դարբասն անցնում է ուսանող Անսելմը: Հանկած անզգուշորեն շուռ է տալիս խնձորներով
ու կարկանդակներով լեցուն կողովը, որը պատկանում էր մի այլանդակ պառավի: Սա անիծում
է Անսելմին՝ գուշակելով, որ երիտասարդը կհայտնվի ապակու տակ: Անսելմը հեռանում է՝ ինքն
իրեն բողոքելով իր դառը ճակատագրից: Նրա մենախոսությունն ընդհատում է ծառից եկող ուժեղ
շրշյունը: Նա տեսնում է երեք ոսկե-կանաչավուն օձերի. նրանցից մեկը կապույտ աչքերով
նայում է Անսելմին: Հանկարծ օձերը նետվում են Էլբա գետը և չքվում են: Իսկ Անսելմը փաթաթվում
է ծառին՝ իր տարօրինակ տեսքով ու վարքով վախեցնելով այգում զբոսնողներին: Տան ճանապարհին
նա հանդիպում է իր ընկերներին՝ ռեգիստրատոր Հեերբրանդտին և կոնռեկտոր Պաուլմանին, որին
ուղեկցում են դստրերը: Կոնռեկտորը հրավիրում է Անսելմին զբոսնելու նավակով: Ջրի մեջ
Անսելմը քիչ է մնում շուռ տա նավակը՝ խոսելով տարօրինակ օձերի մասին: Բոլորը կարծում
են, որ երիտասարդը մի փոքր ցնդել է և որ պատճառը նրա աղքատությունն է: Հեերբրանդտը
խորհուրդ է տալիս նրան որպես գրագիր աշխատանքի անցնել արխիվարիուս Լինդհորսթի մոտ: Ուսանողն ուրախությամբ
է ընդունում այդ առաջարկը, քանի որ արտագրությունը նրա տարերքն է:
Հաջորդ առավոտյան Անսելմն ուղևորվում
է Լինդհորսթի մոտ: Ուզում է բարձրացնել դուռը թակելու մուրճը, երբ հանկարծ բրոնզե դեմքը
ծռվում է, և վերափոխվում է պառավի դեմքի, այն, որին Անսելմը բախվել էր Սև դարբասի մոտ:
Մուրճը հարվածելիս լսում է չարաբաստիկ բառերը, որ իրեն վիճակված է հայտնվել ապակու
տակ: Զանգի թելը վերածվում է մեծ օձի և փաթաթվում է Անսելմին: Օձը շիկացած երկաթից
իր լեզուն դնում է Անսելմի կրծքին, և սա կորցնում է գիտակցությունը: Ուշքի գալով ուսանողը
տեսնում է, որ անկողնում է, իսկ իր գլխավերևում կանգնած է կոնռեկտոր Պաուլմանը:
Այս դեպքից հետո Անսելմն այլևս
չի շտապում այցելել արխիվարիուսին: Ձգտելով ծանոթացնել Լինդհորսթին և Անսելմին՝ ռեգիստրատորը
հրավիրում է նրանց սրճարան: Եվ ահա արխիվարիուսը պատմում է տարօրինակ պատմություն վառվող
շուշանի մասին, որը ծնվել է նախաստեղծ հովտում, և պատանի Ֆոսֆորի մասին, որ համբուրել
է շուշանին, վերջինս բոցավառվել է և նրանից դուրս է եկել նոր էակ և թռել-հեռացել է՝
հոգ չտանելով սիրահարված պատանու մասին: Ֆոսֆորը լաց է լինում իր կորուսյալ ընկերուհու
համար: Ժայռից դուրս է թռչում սև վիշապը, որսում է այդ էակին, փաթաթվում է նրան իր
թևերով, և այդ էակը վերածվում է շուշանի: Սակայն նրա սերը Ֆոսֆորի հանդեպ դառնում է
սուր ցավ, որից ամեն բան շուրջը դալկանում է: ֆոսֆորը մենամարտում է վիշապի հետ և ազատում
է շուշանին, որը դառնում է հովտի թագուհի: «Ես ծագում եմ հենց այն հովտից և իմ նախա-նախա-տատիկը
հենց այդ վառվող շուշանն էր, այնպես որ ես արքայազն եմ»,- ավարտում է Լինդհորսթը: Նրա
այս խոսքերը ցնցում են Անսելմին: Նա ամեն երեկո գնում է այն ծառի մոտ, որտեղ տեսել
էր օձին, փաթաթվում է ծառին և ասում է. «Ա՜խ, ես կմեռնեմ, եթե դու չվերադառնաս»:
Մի երեկո էլ նա իր հետ պատահածը
պատմում է Լինդհորսթին: Վերջինս հաղորդում է Անսելմին, որ օձերը իր դուստրերն են և
որ Անսելմը սիրահարված է կրտսեր Սերպենտինային: Իր տուն է հրավիրում ուսանողին և կախարդական հեղուկ է տալիս պառավից պաշտպանվելու համար: Հետո
վերածվում է ցինի և թռչում-հեռանում է:
Կոնռեկտոր Պաուլմանի դուստր
Վեռոնիկան լսելով, որ Անսելմը կարող է դառնալ պալատական խորհրդական, երազում է դառնալ
նրա կինը: Երազանքների ամենաբուռն պահին լսում է սոսկալի մի ձայն, որ ասում է, որ Անսելմը
երբեք չի լինի նրա ամուսինը: Ընկերուհուց իմանալով, որ Դրեզդենում է ապրում ծեր գուշակուհի
ֆրաու Ռաուերինը, Վեռոնիկան որոշում է խորհուրդ հարցնել նրանից: Վհուկը խորհուրդ է
տալիս թողնել Անսելմին, քանի որ Անսելմը վատ մարդ է և կապվել է իր վաղեմի թշնամի ծերուկի
հետ, սիրահարվել է նրա դստերը՝ կանաչ օձին և երբեք չի դառնա պալատական խորհրդական:
Գուշակուհու բառերից դժգոհ Վեռոնիկան ուզում է հեռանալ, սակայն գուշակուհին վերածվում
է Վեռոնիկայի ծեր դայակ Լիզայի: Վեռոնիկային կանգնեցնելու համար խոստանում է, որ կբուժի
Անսելմին ծեր կախարդի հմայանքից: Դրա համար աղջիկը պիտի իր մոտ գա գիշերով: Հույսը
նորից ծնվում է Վեռոնիկայի սրտում:
Այդ ժամանակ Անսելմն աշխատանքի
է անցնում արխիվարիուսի մոտ: Լինդհորսթը նրան է տալիս թանաքի փոխարեն ինչ-որ սև հեղուկ,
գունավոր փետուրներ, սպիտակ թուղթ և պատվիրում է արտագրել ինչ-որ արաբական ձեռագիր:
Պատանուն աշխատելիս թվում է, որ նրան օգնում է Սերպենտինան: Արխիվարիուսն ասում է,
որ այդ աշխատանքը կբերի նրան երջանկություն:
Գիշերով գուշակուհին բերում
է Վեռոնիկային դաշտ: Կրակ է անում և տարօրինակ մարմիններ է նետում կաթսայի մեջ, հետո
Վեռոնիկայի մազափունջը և մատանին: Հրամայում է նայել եռացող ջրի մեջ: Կաթսայից դուրս
է գալիս Անսելմը և մեկնում է Վեռոնիկային իր ձեռքը: Գուշակուհին կաթսայից հալած մետաղ
է ուզում լցնել տիպարի մեջ, երբ հանկարծ վերևից լսվում է ահեղ ձայն, որը հրամայում
է նրան չքվել: Պառավն ընկնում է գետնին, իսկ Վեռոնիկան կորցնում է գիտակցությունը:
Ուշքի գալով նա իր թիկնոցի գրպանում գտնում է արծաթե հայելի, որը գիշերը մետաղից ձուլել
էր պառավը: Հայելու միջից նրան էր նայում իր սիրեցյալը:
Անսելմն արդեն երկար ժամանակ
աշխատում է արխիվարիուսի մոտ: Անվերջ իր կողքին է զգում Սերպենտինայի ներկայությունը:
Սերպենտինան մի օր իսկապես հայտնվում է և պատմում է, որ իր հայրը սալամանդրների ցեղից
է: Նա սիրել է կանաչ օձին՝ շուշանի դստերը, որն աճում էր ոգիների իշխան Ֆոսֆորի այգում:
Սալամանդրը գրկում է օձին, որը վերածվում է մոխրի, որից ծնվում է թևավոր էակ և հեռանում
է: Սալամանդրը հուսահատ վազում է այգում՝ չորացնելով այն: Ատլանտիս երկրի իշխան Ֆոսֆորը
մարում է Սալամանդրի հուրը, բայց կախարդական ընծա է թողնում նրան: Սալամանդրը կազատվի
իր լծից, երբ կգտնվեն պատանիներ, ովքեր կլսեն նրա դստրերի երգը և կսիրեն նրանց: Նշանադրության
ժամանակ կճուճից կաճի հրեղեն շուշան, պատանին կհասկանա դրա լեզուն և կապրի իր կնոջ
հետ Ատլանտիսում: Այնտեղ կվերադառնա նաև ներում ստացած Սալամանդրը: Պառավ վհուկը ձգտում
է տիրել կախարդական կճուճին: Սերպենտինան զգուշացնում է Անսելմին հեռու մնալ պառավից:
Այս պատմությունը քիչ անց Անսելմը հայտնաբերում է իր ձեռագրի պատճենի վրա:
Սակայն Անսելմը մտածում է նաև
Վեռոնիկայի մասին: Տեսնում է նրան երազում: Արխիվարիուսի տուն գնալու փոխարեն գնում
է Պաուլմանի տուն: Այնտեղ տեսնում է կախարդական հայելին, որի մեջ դիտում է իրեն և Վեռոնիկային:
Վեռոնիկային համբուրելուց հետո լցվում է վստահությամբ, որ միշտ մտածել է միայն Վեռոնիկայի
մասին: Խոստանում է աղջկան ամուսնանալ նրա հետ:
Ճաշից հետո գալիս է ռեգիստրատոր Հեերբրանդտը և պատրաստում
է պունշ: Մի կում անելուց հետո Անսելմը նորից հիշում է վերջին շաբաթների ողջ անցուդարձը:
Սկսում է բարձր զառանցել Սերպենտինայի մասին: Հեերբրանդտը և Պաուլմանը սկսում են բղավել.
«Կեցցե՜ Սալամանդրը: Թող կորչի պառավը»: Անսելմը փախչում է:
Զարթնելուց հետո նորից մտածում
է իր և Վեռոնիկայի ամուսնության մասին: Հաջորդ օրը աշխատում է արխիվարիուսի մոտ, բայց
նրան երևում են ոչ թե տառեր, այլ անվերծանելի նշաններ: Թանաք է կաթում թղթին, որից
դուրս է թռչում կայծակը, մառախուղի մեջ հայտնվում է արխիվարիուսը և փակում է Անսելմին
բյուրեղյա անոթի մեջ: Նրա կողքին են ևս երեք անոթներ, որոնց մեջ նա տեսնում է ևս երեք
ուսանողների: Անսելմը սկսում է երազել Սերպենտինայի մասին: Հանկարծ դիմացի թեյնիկի
մեջ ճանաչում է պառավ վհուկին: Սա խոստանում է Անսելմին ազատում, եթե նա ամուսնանա
Վեռոնիկայի հետ: Անսելմը հրաժարվում է: Պառավը փորձում է վերցնել ոսկե կճուճը և փախչել,
բայց նրան խանգարում է արխիվարիուսը: Սալամանդրը հաղթում է, և պառավը վերածվում է բազուկի:
Հայտնվում է Սերպենտինան և ասում, որ Անսելմը ներված է: Ապակին պայթում է և նա հայտնվում
է սիրելիի գրկում: Հաջորդ օրը ռեգիստրատոր Հեերբրանդտը և կոնռեկտոր Պաուլմանը ոչ մի
կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես սովորական պունշը հասցրեց նրանց այդպիսի վիճակի:
Մեղավոր է անիծյալ ուսանողը: Մի քանի ամիս անց Վեռոնիկայի ծննդյան օրը Պաուլմանների տուն է այցելում
նորանշանակ պալատական խորհրդական Հեերբրանդտը և առաջարկություն է անում Վեռոնիկային:
Վեռոնիկան համաձայնում է և ապագա ամուսնուն պատմում է Անսելմի հանդեպ սիրո և պառավի
մասին:
Հեղինակը արխիվարիուս Լինդհորսթից
ստանում է նամակ, որով վերջինս թույլ է տալիս հրապարակել Անսելմի հետ պատահածը: Ուսանողը
նշանվում է Սերպենտինայի հետ, շնչում է ոսկե կճուճի մեջ աճած հրաշալի շուշանի բույրը
և հավերժական երանություն է գտնում Ատլանտիսում:
Տես նաև Գաճաճ Ցախես և Ընկույզկոտրիչը և մկների արքան
Էռնստ Թեոդոր Հոֆման | Ոսկե կճուճ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 18, 2015
Rating:
