Դիոգենես
(համառոտ)

Չնայած այն բանին, որ կինիզմի հիմնադիրը Անտիսթենեսն է, շարժման
սիմվոլ է համարվում Սինոպցի Դիոգենեսը (Ք. ա. IV դ.): Նա Ալեքսանդրի ավագ ժամանակակիցն է: Դիոգենեսը ոչ
միայն ավելի է սրում Անտիսթենեսի էքստրեմիզմը, այլև ստեղծում է անսովոր խստության կյանքի
նոր իդեալ, որը հարյուրամյակներ գոյատևում է որպես օրինակելի:
Նրա ողջ ծրագիրը կարելի է արտահայտել «Մարդ եմ փնտրում» հայտնի
արտահայտությամբ, որը նա կրկնում էր՝ ցերեկով ջահը ձեռքին շրջելով մարդկանց բազմության
մեջ: Փնտրվում է մարդը, որն ապրում է իր կոչմանը համարժեք, որը բարձր է ամեն տեսակ
արտաքին պատճառականությունից, ճակատագրի քմահաճույքներից, գիտի գտնել իր անկրկնելի
բնությունը:
Դիոգենեսն ասում է, որ աստվածները շնորհել են մարդկանց կյանքի
միջոցներ, սակայն սխալվել են այդ մարդկանց հարցում: Նրա խնդիրն է ցույց տալ, որ մարդը
երջանիկ լինելու համար ամեն բան ունի իր տրամադրության տակ: Հենց այս համատեքստում
են ավելորդ մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, երաժշտությունը և մետաֆիզիկան:
Կինիզմը այսպիսով դառնում է ոչ միայն Հունաստանի, այլև ողջ Արևմուտքի ամենահակամշակութային
կացութաձևը: Ամենածայրահեղ հետևություններից էր այն, որ մարդու ամենաէական պահանջմունքները
կենդանական են: Թեոֆրաստը պատմում է, որ Դիոգենեսը, տեսնելով մկանը, որն իրեն գիշերելու
համար օթևան չէր փնտրում, այդպիսի ապրելակերպը համարում է օրինակելի:
Քաղաքակրթական հարմարավետությունից դուրս ապրելու սիմվոլն
է տակառը, որի մեջ նա ապրում էր: Ազատ է միայն նա, ով ազատ է ամենից շատ թվով պահանջմունքներից:
Կինիկները քարոզում էին չափազուրկ ազատություն: Նրանց վարքը պիտի ցույց տար հույների
ապրելակերպի ողջ հակաբնականությունը: Հյուրընկալվելով շքեղ ու հարուստ տանը՝ Դիոգենեսը
թքում է տանտիրոջ երեսին՝ ասելով, որ դա ամենահարմար վայրն էր ողջ տան մեջ:
Դեպի ազատություն և առաքինություն տանող ճանապարհն ասկեզան
է: Իշխել կրքերին նշանակում է հաղթել ազատության համար մղվող պայքարում: Ամուսնությունը
դատապարտվում է, իսկ պաշտպանվում է ազատ կենակցությունը: Կինիկը չունի հայրենիք, նրա
հայրենիքն է ողջ աշխարհը:
Ավտարկիան, այսինքն՝ ինքնաբավությունը, կինիկական ապրելակերպի
իդեալն է: Կոչելով իրեն շուն (կինե)՝ Դիոգենեսը հակադրում է իրեն բոլոր նրանց, ովքեր
այդպիսի անունը վիրավորական կհամարեին:
Անկասկած Դիոգենեսին հաջողվեց բարձրաձայնել իր ժամանակի որոշ տրամադրություններ: Դա
հասկանում էին անգամ նրա ժամանակակիցները, որոնք նրա պատվին շան տեսքով մարմարե արձան
կանգնեցրին:
Դիոգենես համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 20, 2015
Rating:
