
Մարկուս Տուլիուս Կիկերոնը
(Ք. ա. 106 - 43) իր ժամանակի ամենակիրթ մարդկանցից է, սակայն նա աչքի չի ընկնում ինքնուրույն
մտածողությամբ և չի վերագրում ինքն իրեն փիլիսոփայական օրիգինալություն: Նրա փիլիսոփայական
և ճարտասանական ստեղծագործությունները մեծ մասամբ տրամախոսություններ են:
Կիկերոնը որևէ փիլիսոփայական
դպրոցի հետևորդ չէ. նրան ավելի շուտ հատուկ է էկլեկտիզմը: Քիչ թե շատ ընդգծված է նրա
ստոիկյան դիրքորոշումը և ջերմ վերաբերմունքը Էպիկուրի փիլիսոփայության հանդեպ: Ճանաչողության
տեսության հարցում նա պաշտպանում է սկեպտիկական տեսակետ:
«Աստվածների բնության մասին»
տրակտատում փիլիսոփան հերքում է աստվածների գոյության ապացույցները, և այդուհանդերձ
հաստատում է կրոնի անհրաժեշտությունը պետության կառույցի համար: Մերժելով ամեն տեսակ
հրաշքները («Գուշակության մասին», «Ճակատագրի մասին»)՝ մարդու ազատությունը բխեցնում
է նրա ազատ կամքից: Առաքինությունը մարդու մեջ ներդրված բնածին հատկություն է, որը
պիտի զարգացվի բանականության օգնությամբ:
Փիլիսոփայությունը Կիկերոնի
համար քաղաքականության տեսական հիմքն է: «Պետության մասին» տրամախոսության մեջ վերարտադրվում
է Պոլիբիոսի տեսությունը հռոմեական խառը կարգի կատարելության մասին: Ընդ որում, հեղինակի
հայացքները արտահայտում է Կրտսեր Սկիպիոնը: Տրամախոսությունը ավարտվում է ինչպես Պլատոնի
«Պետությունը»: Այն եզրափակվում է յուրօրինակ «միֆով». Սկիպիոնը տեսնում է երազ իդեալական
պետական շինարարի մասին:
«Հռետորի մասին» տրամախոսության
մեջ առաջադրվում են ճարտասանության սկզբունքները: Կիկերոնի համոզմամբ հռետորը նախ և
առաջ պետական գործիչ է: Զրուցում են Կրասոսը, որն արտահայտում է հեղինակի մտքերը, և
Անտոնիոսը: Անտոնիոսը ճարտասանության խնդիրը համարում է դատական հայցերը համոզիչ խոսքի
վերածելը: Նրա տեսակետի սահմանափակությունը բացահայտում է Կրասոսը: «Բրուտուս» և «Հռետոր»
տրակտատներում Կիկերոնն ընդգծում է ատտիկյան ճարտասանության երեք ոճերի համարժեք կարևորությունը:
Վկայակոչելով Դեմոսթենեսին՝ նա, այդուհանդերձ, հռետորի վարպետությունը կապում է «հուզական»
ոճի տիրապետման հետ: Համեմատելով Դեմոսթենեսին և Կիկերոնին՝ I դարի հռետոր Կվինտիլիանուսն
ասում է, որ առաջինին հնարավոր չէ կրճատել, իսկ երկրորդին՝ հավելել:
«Ընդդեմ Կատիլինայի» իր հայտնի
ճառում Կիկերոնը կիրառել է իրեն հայտնի գրեթե բոլոր ճարտասանական հնարքները՝ բացականչությունները,
աղերսը, դիմումն աստվածներին, ֆիկտիվ խոսքը, որ արտասանվում է այլաբանական կերպարների,
օրինակ՝ Հայրենիքի կողմից:
Կարևոր են նաև Կիկերոնի նամակները,
որոնց ընդհանուր թիվը հասնում է 774-ի: Սրանցից շատերը նախատեսված են եղել հրապարակման
համար, քանզի այդ ժամանակ նամակը վաղուց արդեն համարվում էր կայացած գրական ժանր:
Պակաս արժեքավոր են Կիկերոնի
բանաստեղծական փորձերը: Սրանք մնում են ավելի շուտ ոճական վարժանքների մակարդակի վրա:
Հռոմեացի ոչ մի գրող այդչափ
չի ազդել եվրոպական մշակույթի պատմության վրա, որքան Կիկերոնը: Անգլիական և մասամբ
ֆրանսիական Լուսավորչությունը շատ բաներով է պարտական նրան: Կիկերոնի ուշադիր ուսումնասիրության
հետքեր կարելի է գտնել Լոկի, Թոլանդի, Հյումի, Շեֆթսբերիի, Վոլտերի, Դիդրոյի, Մաբլիի,
Միրաբոյի և Ռոբեսպիերի մոտ:
Տես նաև Հուլիոս Կեսար Կյանքը և գործը և Լուկրեցիուս Իրերի բնության մասին
Կիկերոն | Կյանքը և գործը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 16, 2015
Rating:
