
Կլազոմենցի Անաքսագորասը (Ք.
ա. 500 - 428) փորձում է լուծել էլեաթների փիլիսոփայության խրթին ապորիաները:
Հայտնի են նրա «Բնության մասին» տրակտատի դրվագները:
Անաքսագորասը համաձայն է, որ
չգոյությունը չկա և որ ոչինչ չի ծնվում և չի մահանում, այլ ամեն բան միացման և անջատման
արդյունք է: Սակայն ամեն բանի սկիզբը և վերջը չի կարելի համարել Էմպեդոկլեսի չորս արմատները,
քանզի դրանք չեն կարող բացատրել իրերի անհամար որակների բազմազանությունը: Ամեն բանի
հիմքում իրականում սերմերն են (spermata), տարրեր, որոնք հենց այնքան են, որքան որակները:
Սերմերը որակաների աղբյուրներ են, չունեն հստակ մեծություն և կարող են անվերջ բաժանվել:
Արիստոտելը պահպանել է այդ սերմերի հոմեոմորիաներ (նման մասեր) անվանումը, որից հավանաբար
օգտվել է նաև Անաքսագորասը:
Սկզբնապես եղել է հոմեոմորիաների
անորոշ զանգվածը, որի մեջ ոչինչ չի առանձնանում: Ավելի ուշ բարձրագույն Խելքը (Նուս),
կատարում է շարժում, որի արդյուքում անկարգ զանգվածը դուրս է բերում իր միջից իրերը:
«Ամեն ինչ ամեն ինչում է»,-ասում է Անաքսագորասը, որովհետև յորաքանչյուր իր նաև մյուսի
մասն է՝ ունենալով իր մեջ բոլոր սերմերից: Իրերի տարբերությունը սերմերի այս կամ այն
տեսակի գերակշռումը կամ սակավությունն է: Մի իրից մյուսի առաջ գալը անհնար կլիներ,
եթե առաջինի մեջ սակավորեն գոյություն չունենային այն սերմերը, որոնք գերակշռում են
երկրորդ իրի մեջ: Պարմենիդեսն իրավացի է՝ բացառելով գոյությունը ոչնչից: Անաքսագորասը
փորձում է փրկել ինչպես որակական, այնպես էլ քանակական անշարժությունը:
Քաոսային բնույթ ունեցող խառնուրդից
ամեն բան ծնվում է աստվածային Խելքի միջամտության շնորհիվ: «Բոլոր մյուս իրերը ունեն
ուրիշ իրերի մասեր, միայն Խելքն է անսահման, անկախ և խառնված չէ ուրիշների հետ… Քանի
որ բոլոր իրերն ունեն կյանք, բոլորի մեջ իշխում է Խելքը… Չի կազմավորվում միայն ոչինչը,
քանզի բանականությունն այն ամենն է, ինչը նման
է, իսկ ոչնչին նման է միայն ոչինչը»:
Այս դրվագը կռահում է որոշակի
իրականության գոյությունը, որը անջատված է համայն գոյից, առավել բարձր և նուրբ է, հավասար
է ինքն իրեն, հասկացող և իմաստուն է:
Պլատոնը և Արիստոտելը գնահատելով
այս բացահայտումը քննադատում էին Անաքսագորասին այն բանի համար, որ սա չի համակարգում
Խելքը և, բախվելով դժվարությունների, տալիս
է իր նախորդների ոճով արված բացատրություններ: Եվ այդուհանդերձ հենց Անաքսագորասն է
նշանավորում այն շրջադարձը, որը սկիզբ կտա պլատոնյան մետաֆիզիկային: Պլատոնի «Ֆեդոնում»
Սոկրատեսն ասում է, որ հենց Անաքսագորասի գրքի ընթերցումը դուրս բերեց նրան նոր ուղի:
Տես նաև Անաքսիմենես, Անաքսիմանդրոս և Պյութագորաս
Անաքսագորաս | Կյանքը և գործը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 15, 2015
Rating:
