
Հարավային Բաբելոնում Գիլգամեշ
արքան իր հպատակներին շինել է տալիս Ուրուկ մայրաքաղաքի պատնեշները: Անսալով աստվածների
հրամանին՝ Արուրու դիցուհին հողից ստեղծում է վայրի կերպարանքով հսկա Էնկիդուին, որի
ողջ մարմինը մազածածկ է: Էնկիդուն ապրում է բնության մեջ վայրի գազանների հետ: Որսորդը,
որին նա միշտ խանգարում է, Ուրուկի Իշտարի տաճարից գեղեցիկ քրմուհի է բերում իր հետ
գետի մոտ: Երբ Էնկիդուն վիթերի հետ գալիս է ջուր խմելու, տեսնում է մերկ տարփուհուն
և տանում է նրան իր հետ:
6 օր և 7 գիշեր տարփուհուն
սիրելուց, գինի խմելուց և հաց ուտելուց հետո Էնկիդուն տարվում է Ուրուկ: Իշտար դիցուհու
ննջարանի դուռը բացվում է, և Գիլգամեշն ուզում է մտնել, սակայն Էնկիդուն փակում է նրա
ճանապարհը: Հսկաները գոտեմարտում են: Մարտն ավարտվում է բարեկամության հաստատումով:
Ընկերները որոշում են սպանել Լիբանանի լեռներում ապրող Խումբաբա ճիվաղին:
Վավաշոտ Իշտարը սիրո առաջարկ
է անում երկիրը Խումբաբայից փրկած Գիլգամեշին, որը մերժում է առաջարկը՝ հիշեցնելով
դիցուհու վեց սիրեկանների մասին, որոնք բոլորն էլ դժբախտության են մատնվել: Իշտարը
դիմում է հորը՝ Անուին և գանգատվում է Գիլգամեշից: Սկզբնապես Անուն հրաժարվում է Գիլգամեշի
դեմ երկնային ցուլ ուղարկել, քանի որ վախենում է, որ ցուլը աշխարհում 7 տարվա սովի
պատճառ կդառնա: Սակայն զիջում է դստեր պաղատանքներին: Գիլգամեշը և Էնկիդուն երկար կռվի
արդյունքում սպանում են ցուլին:
Էնկիդուն վատ երազ է տեսնում,
որ Էնլիլ աստվածը Շամաշի աստծուն հայտնում է, թե ինքը՝ Էնկիդուն, պիտի մեռնի: Էնկիդուն
իսկապես մեռնում է՝ մեծ վշտի մեջ թողնելով իր ընկերոջը՝ Գիլգամեշին: Վերջինս սկսում
է խորհել կյանքի և մահվան իմաստի մասին: Դիմում է նախահայր Ուտնապիշտիմին՝ Բաբելոնի
ջրհեղեղի ժամանակվա հերոսին, որպեսզի սա հայտնի իրեն կյանքի և մահվան խորհուրդը: Գնում
է դեպի Մաշու լեռը և ստորոտի անտառում՝ ծառերից կախված, տեսնում թանկարժեք քարեր: Այստեղ
տեսնում է մատռվակ Սիդուրին, որ բաշխում է աստվածների անմահական ըմպելիքից: Սիդուրը
ուղարկում է Գիլգամեշին նախկին նավավար Ուրշանաբիի մոտ: Վերջինիս հրահանգով Գիլգամեշը
բերում է 60 կանգուննոց 120 ձող և նավ շինելով նրա հետ ծով է դուրս գալիս: Ուղևորվում
են Ուտնապիշտիմի մոտ: Հասնելով տեղ՝ իմանում է Ուտնապիշտիմից Նոյ նահապետի թողած տեղեկությունը
կյանքի և մահվան մասին: Բոլոր մարդիկ մահկանացու են և պիտի մահանան: Ինքը Ուտնապիշտիմը
աստվածացած է ջրհեղեղի վերապրումով, ահա ինչու անմահ է: Գիլգամեշին խորհուրդ է տալիս
երկիր վերադառնալ՝ ասելով, որ կենաց ծառի տեղը աճել է մի բույս, որի պտղից ճաշակողը
երիտասարդանում է:
Գիլգամեշը գտնում է կենարար
բույսը: Սակայն վերադարձին, երբ լճի ջուրն է մտնում թարմանալու, օձը, որ մարդու թշնամին
է, հափշտակում է անմահության բույսի տունկը: Գիլգամեշի անմահության երազանքը մնում
է անկատար, իսկ օձը այդ պատճառով տարին մեկ անգամ փոխելով իր կաշին՝ երիտասարդանում
է:
Գիլգամեշը ցանկանում է տեսնել
իր ընկերոջը՝ Էնկիդուին: Մահվան Ներգալ աստվածը բերում է նրա մոտ Էնկիդուի ուրվականին
և սա պատմում է Գիլգամեշին անդրշիրիմյան աշխարհի մասին:
Գիլգամեշ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 19, 2015
Rating:
