
16-րդ դարի Ֆրանսիան։ Գահին նստած է Հենրիկ Երրորդ Վալուան։ Թագավորը թուլակամ, քմահաճ ու կրոնական մարդ է, զուրկ
է պետական գործերի նկատմամբ որևէ հետաքրքրությունից, չի վայելում ժողովրդականություն։
Իրեն շրջապատել է իր ֆավորիտներով: Հատկապես մտերիմ է մինյոնների հնգյակի հետ: Նրանց
գլխավորում է կոմս Քելյուսը։ Մինյոնների հետ մրցակցում են անժուացի 4 ազնվականներ
Անժուի դքսի շքախմբից, որոնց գլխավորում է կոմս դը Բյուսին: Սա հայտնի է սկանդալային
պատմություններով, բանաստեղծություններով և սիրային արկածներով։ Թագավորի ծաղրածու
Շիկոն խորաթափանց և հեռատես խորհրդական է, նաև հրաշալի սուսերամարտիկ: Մեծ ազդեցություն
ունի Հենրիկի վրա և մշտապես ինտրիգներ է հյուսում ի շահ թագավորի։ Հենրիկը ատում և
վախենում է դը Բյուսիից: Սակայն Շիկոն համակրում է կոմսին և փորձում է համոզել թագավորին,
իրենց կողմը գրավել Բյուսիին։
Անժուի դուքսը անժառանգ Հենրիկից
հետո պետք է ժառանգի գահը: Նա ձգտում է արագացնել իրադարձությունները։ Շիկոն պարզում
է, որ դը Գիզերի կուսակցությունը, որը ղեկավարում է Կաթոլիկական Լիգան և մեծ ժողովրդականություն
է վայելում կաթոլիկ փարիզցիների շրջանում, մտադիր է գրավել գահը։ Գիզերը որոշում են
օգտվել Անժուի դքսի օգնությունից։ Հանուն դրա կազմակերպում են նրա օծումը և հավատացնում
են դուքսին, որ պատրաստվում են գահը նրան հանձնել: Դուքսի ամենամտերիմ մարդկանցից մեկը՝
կոմս դը Մոնսորոն, ակտիվորեն մասնակցում է Անժուացու և Գիզերի գաղտնի գործերին, ինչի
համար արքայազնը նրան դարձնում է գլխավոր որսապետ։
Բյուսին պատահաբար ծանոթանում
է մի գեղեցիկ տիկնոջ հետ, որը, պարզվում է, Դիանա դը Մոնսորոն է, նախկինում՝ դը Մերիդոր։
Նրանք իսկույն սիրահարվում են։ Դիանան պատմում է Բյուսիին, որ առևանգվել է Անժուի դքսի
կողմից, որը հմայվել է Դիանայով և ուզում էր սիրուհի դարձնել։ Կոմս դը Մոնսորոն, ով
նույնպես սիրահարված է Դիանային, կազմակերպում է նրա փախուստը։ Դիանան ատում է նրան,
սակայն պատվազրկությունը ավելի անտանելի է, հետևաբար Դիանան ընդունում է կոմսի օգնությունը։
Մոնսորոն օրիորդին տանում է Փարիզ, որտեղ տեղավորում է մի փոքրիկ տան մեջ և որոշ ժամանակ
անց, վախեցնելով արքայազնի հնարավոր հետապնդումներով, համոզում է ամուսնանալ իր հետ։
Բյուսին ցանկանում է օգնել Դիանային ազատվել ատելի ամուսնությունից։ Նա Փարիզ է բերում
բարոն դը Մերիդորին, ում Մոնսորոն մոլորության մեջ էր գցել՝ ասելով, որ Դիանան մահացել
է։ Քանի որ ամուսնությունն արդեն օրինականացվել էր, միայն թագավորը կարող էր ապահարզան
տալ։ Բյուսին դիմում է իր տիրոջը՝ Անժուի դքսին՝ լիովին տեղյակ չլինելով կոմս դը Մոնսորոյի
և արքայազնի միջև Դիանայի առևանգման և Գիզերի պայմանավորվածության ինտրիգների մանրամասներին։
Արքայազնն իսկույն դավաճանում է Բյուսիին, երբ Մոնսորոն ակնարկում է իրենց կապող կեղտոտ
գործերի մասին: Ամուսնությունը անվավեր ճանաչելու գործը սկսելու փոխարեն, թույլ է տալիս
Մոնսորոյին իր կնոջը ներկայացնել թագավորին, ինչը վերջնականապես կօրինականացնի ամուսնությունը։
Դրանից հետո Մոնսորոն խանդից ուղարկում է կնոջը Մերիդոր՝ հոր մոտ։
Գիզերի հեղաշրջման առաջին փորձը
ձախողվում է շնորհիվ Շիկոյի ջանքերի: Թագավորը Կաթոլիկական Լիգայի ղեկավարությունը
վերցնում է իր ձեռքը, իսկ Անժուի դքսին տնային կալանքի տակ է պահում Լուվրում։ Դուքսը
փախչում է Հենրիկ Նավարացու օգնությամբ, թաքնվում է Անժուում և պատրաստվում է պայքարի։
Հենրիկը հրամայում է ձերբակալել բոլոր անժուացիներին,
բայց վերջիններին հաջողվում է փախչել։ Շիկոն զգուշացնում է Բյուսիին հեռանալ Փարիզից,
որն էլ կանգ է առնում Անժերում, Մերիդորի մոտակայքում: Սիրահարները հաճախ հանդիպում
են։ Վերադառնալով Փարիզից՝ Մոնսորոն տեսնում է նրանց զբոսնելիս, բայց չի ճանաչում Բյուսիին:
Կարծում է, որ Դիանային սիրահետում է արքայազնը։ Մոնսորոն որոշում է Դիանային Փարիզ
վերադարձնել։ Նույն ժամանակ Անժեր է գալիս արքայամայր Կատերինա Մեդիչին, որպեսզի համոզի
Անժուի դքսին հրաժարվել ռազմական նախագծերից։ Բյուսիի համոզումներին տեղի տալով՝ համաձայնում
է։
Թագավորի մոտ ընդունելության
ժամանակ Բյուսիին վիրավորանք են հասցնում չորս մինյոնները, և նա չորսին էլ մենամարտի
է հրավիրում։ Որպեսզի կողմերը հավասար լինեն, պայմանավորվում են, որ Բյուսիին կմիանան
նրա երեք անժուացի ընկերները։
Գիզերը որոշում են Սուրբ ընծաների
օրը գերի վերցնել թագավորին, բռնի կորզել գահից հրաժարվելու հավաստագիրը և գահին նստեցնել
իրենց թեկնածուին։ Շիկոն իմանում է դրա մասին և թակարդ է պատրաստում դավադիրների համար՝
փոխարինելով արքային տոնական երթի ընթացքում և նրա փոխարեն գնալով եկեղեցի, որտեղ նրան
սպասում էին Գիզերը։ Դավադրությունը ձախողվում է երկրորդ անգամ։
Անժուի դուքսն իմանում է Բյուսիի
և Դիանայի հարաբերությունների մասին։ Պատմում է այդ ամենը կոմս դը Մոնսորոյին և օգնում
է թակարդ լարել Բյուսիի համար։ Դրան մասնակցում է դ'Էպերնոնը, որը վախենում է Բյուսիի
հետ մենամարտելու հեռանկարից։ Բյուսիին, որը ծանր վիրավորվում է, սպանում են Անժուի
դուքսի հրամանով։ Դիանան փրկվում է շնորհիվ Բյուսիի ընկերոջ և թագավորի նախկին մինյոն
դը Սեն-Լյուկի, որն էլ թագավորին տեղեկացնում է դավաճանական սպանության մասին։ Մյուս երեք անժուացիների և երեք մինյոնների միջև մենամարտը տեղի է ունենում Բյուսիի սպանության
հաջորդ օրը: Նրանցից չորսը սպանվում են, իսկ ծանր վիրավոր դը Քելյուսը շուտով նույնպես
մահանում է։ Ողջ է մնում միայն անժուացի Անտրագեն։
Տես նաև Ալեքսանդր Դյումա Երեք հրացանակիրներ, Գուստավ Ֆլոբեր Տիկին Բովարի և Ուիլյամ Շեքսպիր Ռոմեո և Ջուլյետ
Ալեքսանդր Դյումա | Կոմսուհի դը Մոնսորո | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 19, 2015
Rating:
