
Արխիպելագ Գուլագը ճամբարների համակարգ է, որ սփռված է ողջ Սովետական երկրով: «Բնիկներ» են դառնում անարդար դատաստանի ենթարկված մարդիկ: Մարդկանց ձերբակալում
են գիշերով, երբ նրանք ոչինչ չեն հասկանում, չեն հասցրել հագնվել: Հետո նետում են ճամբարների
մսաղացը: Արխիպելագի պատմությունը սկսվում է 1917 թ. Լենինի հայտարարած կարմիր տերորից:
Սկզբում այստեղ են մեկուսացնում այլակուսակցականներին:
Ձերբակալումների հիմքը 58-րդ հոդվածն է, որը կարող է մինչև
25 տարի ազատազրկում սահմանել: Երեխաներին կալանավորում են 10 տարով: Որպես ժողովրդի
թշնամիներ Արխիպելագի բնիկներ են դառնում բժիշկները, ինժեներները, եկեղեցականները,
Կիրովի մահվան մեջ «մեղավորները»: Մարդիկ քշվում են գյուղերից, բնաջնջման են ենթարկվում
անգամ ազգություններ: Պատերազմը չի թեթևացնում վիճակը: Ընդհակառակը՝ Արխիպելագը լցվում
է ռուսացած գերմանացիներով:
Առաջին պատժիչ օրգանը 1918 թ. ստեղծված Հեղափոխական Տրիբունալն
է: Դրա անդամները իրավունք ունեն գնդակահարելու առանց դատ ու դատաստանի: Մահապատիժը
վերացվում է 1928 թվականին և տարածվում է միայն 58-րդ հոդվածի վրա: 1947 թ. Ստալինը
փոխարինում է մահապատիժը 25 տարվա ազատազրկմամբ:
Արխիպելագի առաջին «կղզին» գոյանում է վանքի տեղում 1923
թ.: Տարագիրներին, գյուղացիներին և «փոքր ժողովուրդներին» տեղ են հասցնում կարմիր վագոններով:
Հաճախ գնացքը կանգ է առնում ամայի տարածքում և դատապարտյալներն իրենք են կառուցում
իրենց գաղութը: Գիտնականներին տեղափոխում են հատուկ վագոններով: Սոլժենիցինը միջուկային
ֆիզիկոս է և նրան բերում են Բուտիրկա:
1930թ. ուժի մեջ է մտնում դատապարտյալներին որպես աշխատուժ օգտագործելու
ծրագիրը: Ջրանցքները, երկաթգիծը և մայրուղիները բանտարկյալները կառուցում են իրենց
ձեռքերով, առանց գործիքների՝ աշխատելով 12 ժամ: Շատերը փորձում են փախչել, սակայն դա
անիմաստ է, որովհետև նրանց սպասում է «դատարկություն»: Փշալարերից այն կողմ ապրող մարդիկ
հավատում են, որ նրանք իսկապես մեղավոր են:
1937 թ. Արխիպելագն աճում է: Ճամբարներ են կառուցում Սիբիրում
և Միջին Ասիայում: Բանտարկյալներին ճնշում են տարբեր միջոցներով՝ սննդից մինչև պատժիչ
բրիգադներ և կարցեր: Սոլժենիցինը կրում է այս ամենը Նոր Յերուսաղեմ ճամբարում, ուր
հայտնվում է 1945թ.:
Հիմնականում աշխատում են անտառահատման կետերում: Ապրում են
հողաշեններում կամ վրաններում, որտեղ հնարավոր չէ չորացնել հագուստը: Բուրեպոլոմի ճամբարում
յուրաքանչյուր գիշեր մահանում է 12 մարդ: Կանայք ավելի շուտ են մահանում: Գեղեցիկներին
իրենց մոտ են վերցնում պետերը: Ճամբարներում կան նաև 12 տարին չլրացած երեխաներ:
Քաղաքական բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը ամենախիստն
է: Կան բանտարկյալների մեջ մարդիկ, որոնք մինչև վերջ հավատարիմ են Ստալինին: Սրանք
դառնում են մատնիչներ: Սոլժենիցինին նույնպես առաջարկում են մատնիչ դառնալ: Նա ստորագրում
է պարտավորագիրը, սակայն մատնություններ չի անում: Ազատազրկման ժամանակը լրացած մարդիկ
հազվադեպ են ազատ արձակվում: Նրանց ժամկետը կրկնապատկում են:
Ճամբարները գտնվում են որևէ գյուղի հարևանությամբ: Ժամանակի
ընթացքում այդ գյուղերը մեծանում և դառնում են քաղաքներ, ինչպես օրինակ Մագադանը
կամ Նորիլսկը: Այդ ավաններում նախապես բնակություն են հաստատում սպաների ընտանիքները:
Չնայած անվճար աշխատուժին՝ ճամբարները թանկ են նստում պետության վրա:
Արխիպելագի բնիկներին ազատումից հետո սպասում է աքսոր: Աքսորյալը կարող է բնակավայր ընտրել սահմանափակ թվով քաղաքներից:
Ազատությունը նույնպես դժվարություններ է բերում: Մարդը փոխվում
է, օտար է դառնում իր հարազատների համար: Ստիպված է թաքցնել իր անցյալը:
Հատուկ ճամբարների պատմությունը շարունակվում է նաև Ստալինի
մահից հետո: Ազատվելուց հետո Սոլժենիցինը նամակներ է ստանում բանտարկյալներից, որոնք
համոզում են նրան, որ Արխիպելագը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն
ունի այն ստեղծած համակարգը:
Ալեքսանդր Սոլժենիցին | Արխիպելագ Գուլագ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 23, 2015
Rating:
