
Մելիադուկ թագավորի կինը ծնում
է որդի և հազիվ հասցնելով համբուրել նորածնին՝ մեռնում է: Տղայի անունը դնում են Տրիստան
(triste ֆրանսերեն նշանակում
է տխուր): Տրիստանը մեծանում է, սովորում է գործածել նիզակ, թուր և աղեղ: Ատում է ամենայն կեղծիք ու դավաճանություն, օգնում է թույլերին:
Տասներկու տարեկանից Տրիստանը ապրում և դաստիարակվում է իր
քեռու՝ Կորնուելսի թագավոր Մարկի արքունիքում: Կորնուելսը տուրք է վճարում իռլանդացի
արքայազն Մոռոլտին: Տրիստանը մենամարտի է կանչում Մոռոլտին և սպանում է՝ ազատելով Կորնուելսը:
Սակայն ինքը Տրիստանը այդ մարտում վիրավորվում է, և վերքը երկար ժամանակ չի լավանում:
Պալատական տիկնանցից մեկը խորհուրդ է տալիս միջոց փնտրել օտար ափերում: Ճակատագրի հեգնանքով Տրիստանը հայտնվում է Իռլանդիայում՝
Մոռոլտի քրոջ արքունիքում: Այստեղ ներկայանում է Տանտրիս անունով և օգնություն է ստանում
թագուհու դուստր գեղեցկուհի Ոսկեհեր Իզոլդայից, որը գլուխ է հանում բժշկությունից:
Ապաքինվելուց հետո Տրիստանը կռվում է Իռլանդիային սպառնացող հսկա վիշապի հետ և սպանում
է նրան: Բայց դա էլ պատճառ է դառնում նրա բացահայտման, քանզի վիշապի վրա նրա թրի թողած
հետքը տեսքով համընկնում է Մոռոլտի գլխի վերքին: Թագավորը համոզում է կնոջը բաց թողնել Տրիստանին և ներել
Մոռոլտի մահը:
Վերադառնալով Կորնուելս՝ Տրիստանը պատիվներ է ստանում Մարկ
թագավորից և իմանում
է, որ սա որոշել է ամուսնանալ: Խոստանում է որտեղից էլ լինի տեղ հասցնել թագավորի հարսնացուին:
Ցավով իմանում է, որ Մարկի ընտրյալը Ոսկեհեր Իզոլդան է: Շքախմբով մեկնում է Իռլանդիա
և ստանալով Իզոլդայի ծնողների համաձայնությունը՝ Իզոլդային հասցնում է Կորնուելս և
հանձնում է Մարկին: Սակայն Իռլանդիայից Տինտաժել վերադառնալու ճանապարհին Տրիստանն ու Իզոլդան պատահմամբ խմում են սիրո ըմպելիքը, որը Իզոլդայի մայրը պատրաստել էր Մարկի և Իզոլդայի համար: Խելակորույս
սերը համակում է երկուսին:
Մարկը գերված է Իզոլդայի գեղեցկությամբ
և ամուսնությունից հետո հույս ունի երջանիկ կյանք վարել: Սակայն Տրիստանի և Իզոլդայի
կապը բացահայտվում է և պալատական ասպետների դրդումով թագավորը հրամայում է խարույկի վրա այրել Տրիստանին, իսկ Իզոլդային հանձնել բորոտավորներին: Տրիստանը կոտորում է իրեն հսկող
պահակախումբը և Իզոլդայի հետ թաքնվում է Մորուա անտառում:
Սակայն նրանց հանցավոր կապը
չի կարող երկար շարունակվել: Իզոլդան ապացուցելու համար, որ Տրիստանին «հանցավոր սիրով» չի սիրել, համաձայնում է վերադառնալ ամուսնու մոտ, իսկ Տրիստանը խոստանում Տինտաժելից հեռանալ ու ընտանեկան վեճերի պատճառ այլևս չդառնալ:
Իրարից անջատ անցկացրած երկու տարիներ հոգով չեն բաժանում սիրահարներին: Հերթական մենամարտի ժամանակ թունավոր նիզակի հարված ստացած
Տրիստանը դարձյալ մահամերձ է: Այս անգամ նրան փրկում է Քոել թագավորի դուստր Ճերմակաձեռք
Իզոլդան, որի հետ Տրիստանը ամուսնանում է՝ հույս ունենալով մոռանալ Ոսկեհեր Իզոլդային:
Սակայն ամեն բան մնում է, ինչպես նախկինում: Սիրահարները կարոտում են իրար և տառապում
օրինական ամուսինների կողքին:
Տրիստանը վերադառնալով Բրետան՝ մենամարտում է մի բարոնի հետ և թունավոր նիզակի հարված է ստանում: Նրան կարող է բժշկել միայն Ոսկեհեր Իզոլդան: Նավը, որը ուղարկում
է սիրելիի հետևից, պիտի վերադառնա ճերմակ առագաստները բացած: Սև առագաստները կնշանակեն,
որ Իզոլդան չի գալիս: Նավը մոտնենում է՝ լայն բացած սպիտակ առագաստները: Սակայն Ճերմակաձեռք
Իզոլդան՝ Տրիստանի կինը, անկողնուն գամված ամուսնուն հայտնում է, որ նավի առագաստները
սև են: Տրիստանը մահանում է վշտից: Շուտով մահանում է նաև Իզոլդան:
Մարկը թաղում է նրանց եկեղեցու բակի տարբեր կողմերում: Դժբախտ
սիրահարների գերեզմաններից աճում են հզոր ծառեր, որոնց սաղարթները հանդիպում են իրար
երկնքում:
Տես նաև Ուիլյամ Շեքսպիր Ռոմեո և Ջուլյետ, Միխայիլ Լերմոնտով
Դևը և Ֆրիդրիխ Շիլլեր Խարդավանք և սեր
Տրիստան և Իզոլդա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 27, 2015
Rating:
