
Վորմսում՝ Բուրգունդացիների
(Նիբելունգների) մայրաքաղաքում ապրում է արքայադուստր Կրիմհիլդը: Իր գեղեցկությամբ
շատ դյուցազների կործանման պատճառ է դարձել: Ապրում է եղբայրներ Գունտերի, Գերնոտի
և Գիզելխերի հետ: Գունտերը բուրգունդացիների թագավորն է: Հպատակ ասպետներից առանձնանում
է Հագեն Տրոյենցին:
Կրիմհիլդը մի անգամ երազ է
տեսնում, իբր լուսամուտից ներս է մտնում մի երիտասարդ բազե, որին հոշոտում են երկու
արծիվներ: Մայրը բացատրում է, որ դա Կրիմհիլդի ապագա ամուսինն է, որին սպանում են
Կրիմհիլդի եղբայրները:
Նիդեռլանդների արքան ունի որդի,
որի անունն է Զիգֆրիդ: Լսելով Կրիմհիլդի գեղեցկության մասին` որոշում է գնալ և եղբայրներից
խնդրել արքայադստեր ձեռքը: Երբ հասնում է Վորմս, Հագենը խորհուրդ է տալիս Գունտերին
պատիվներով ընդունել հերոսին, որը նվաճել է նիբելունգների գանձերը, ձեռք է բերել անտեսանելի
թիկնոցը և լողանալով իր սպանած վիշապի արյան մեջ` դարձել է անխոցելի:
Զիգֆրիդին իսկապես ընդունում
են մեծ պատիվներով: Այդ ժամանակ բուրգունդացիների վրա են հարձակվում ռազմատենչ սաքսերը
և դանիացիները: Զիգֆրիդը իր ջոկատով ընդառաջ է գնում նրանց և կոտորում է: Որպես պարգև
Գունտերը թույլ է տալիս հերոսին հանդիպել Կրիմխիլդի հետ խնջույքի ժամանակ:
Իսլանդիայում թագավորում է
գեղեցկուհի Բրյունհիլդը, որի մասին երազում է Գունտերը: Զիգֆրիդը պատրաստ է օգնել Գունտերին
կնության վերցնել այդ կնոջը, սակայն փոխարենը խնդրում է Կրիմհիլդի ձեռքը: Գունտերը
եղբայրների և Զիգֆրիդի հետ մեկնում է Իսլանդիա: Բրյունհիլդի հետ ամուսնանալու իրավունքը
ենթադրում է երեք մրցություն, որոնք երեքն էլ Գունտերի փոխարեն հաղթում է Զիգֆրիդը:
Վերադառնում են Վորմս, որտեղ
մեկ օրում տեղի է ունենում երկու հարսանիք՝ Գունտերի ու Բրյունհիլդի և Զիգֆրիդի ու
Կրիմհիլդի: Գիշերը Գունտերը չի կարողանում մոտենալ Բրյունհիլդին, քանզի սա ուժեղ է
և կախում է ամուսնուն մեխից: Թագավորը ստիպված է նորից դիմել Զիգֆրիդի օգնությանը:
Սա, հագնելով անտեսանելի թիկնոցը, գիշերով մտնում է Բրյունհիլդի մոտ և զսպում է նրան:
Այժմ իսլանդուհին դառնում է բոլոր կանանց նման և Գունտերը կարողանում է տիրանալ նրան:
Զույգերը երջանիկ են: Սակայն
Բրյունհիլդը չի հասկանում, թե ինչու է Զիգֆրիդի՝ իր ամուսնու հպատակի կինը այդքան վերամբարձ
ու գոռոզ իր նկատմամբ: Կանայք վիճում են: Բրյունհիլդը հպատակ է կոչում Կրիմհիլդին,
իսկ սա կոչում է Բրյունհիլդին իր ամուսնու՝ Զիգֆրիդի հարճը: Չէ՞ որ նա գիտի, թե ինչպես
է անցել Գունտերի առաջին ամուսնական գիշերը: Երբ Գունտերը իմանում է կնոջից այս ամենի
մասին, բացատրություն է պահանջում Զիգֆրիդից: Սա երդվում է, որ ոչինչ չի ասել իրենց
գաղտնիքի մասին: Ամեն դեպքում Գունտերի պատիվը անարգված է և Հագեն Տրոյենցին համազում
է նրան վրեժ լուծել Զիգֆրիդից:
Հագենը խորամանկությամբ իմանում
է Զիգֆրիդի խոցելի տեղը: Վիշապի արյան մեջ լողանալիս Զիգֆրիդը չէր նկատել մեջքին կպած
տերևը: Այդ տեղը թիրախ է դառնում որսի ժամանակ նրան դավադրաբար սպանող Հագեն Տրոյենցու
համար:
Կրիմհիլդը մեծ վշտի մեջ է:
Նրանից անգամ խլում են Զիգֆրիդի ամուսնական նվերը՝ նիբելունգների գանձը: Տասներեք տարի
անց Կրիմհիլդը ամուսնանում է հոների արքա Էտցելի հետ: Հիմա նրա հերթն է վրեժխնդիր լինել
եղբայրներից իր ամուսնու սպանության համար:
Նա կարոտը առնելու պատրվակով
եղբայրներին կանչում է հոների մայրաքաղաքը: Այստեղ նա Էտցելի ձեռքով կոտորել է տալիս
նրանց բոլորին, իսկ Գունտերին և Հագենին սպանում է վերջում անձամբ: Ցնցված Էտցելը սպանել
է տալիս իր խենթացած կնոջը: Այդպես կործանվում են նիբելունգները:
Նիբելունգների երգը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 27, 2015
Rating:
