
Յոթանասունամյա Մոլ Ֆլենդերսը գրում է իր կյանքի պատմությունը:
Ծնվել է 1613 թ. Նյուգեթի բանտում: Մորը բանտարկել են գողության համար և ծննդաբերությունից
հետո աքսորում են գաղութ, իսկ 6 ամսեկան Մոլին հանձնում են ինչ-որ ազգականուհու: 3
տարեկանում հայտնվում է գնչուների խմբում: Հետո ետ է մնում նրանցից և Կոլչեստեր քաղաքի
իշխանությունը հանձնում է նրան մի տիկնոջ: Սա սովորեցնում է որբերին կարդալ և կար անել:
Մոլը գիտի, որ նրան սպասում է տան ծառայի ճակատագիրը: Սակայն նա ցանկություն ունի դառնալու
տիկին: Մոլի տիրուհին մեռնում է, և նրա դուստրը վռնդում է Մոլին՝ յուրացնելով նրա դրամը:
Մոլը հայտնվում է ուրիշ տիկնոջ մոտ, որտեղ ապրում է մինչև տասնյոթ տարեկան: Ընկերություն
է անում տիկնոջ դուստրերի հետ, նվագել է սովորում, խոսում է ֆրանսերեն: Տան ավագ որդին
հմուտ է կանանց հարցերում: Սիրահետում է Մոլին, նվերներ է մատուցում և այդկերպ հասնում
է «բարձրագույն բարեհաճության»: Խոստանում է ամուսնանալ, երբ ժառանգություն ստանա:
Սակայն Մոլին է սիրահարվում կրտսեր եղբայրը՝ Ռոբինը: Նա խնդրում է Բետտիի (այդպես են
կոչում Մոլին) ձեռքը: Մոլը մերժում է նրան և բացատրություն է պահանջում ավագ եղբորից:
Սա խորհուրդ է տալիս ընդունել եղբոր ամուսնական առաջարկությունը, քանի որ իրենց հայրը
դեռ ամուր տղամարդ է, և հայտնի չէ, թե երբ նա կստանա իր ժառանգությունը: Ցնցված Մոլը
հիվանդանում է և ապաքինվելուց հետո ընդունում Ռոբինի առաջարկությունը: Ավագ եղբայրը
կաշառում է Մոլին՝ տալով նրան 500 փաունդ:
5 տարի անց Ռոբինը մահանում է: Երկու երեխաներին Մոլը թողնում
է Ռոբինի ծնողներին և հեռանում է՝ ծրագրելով շահեկան ամուսնություն: Ամուսնանում է
արկածախնդիր մեկի հետ, որը կես տարում մսխում է նրանց ունեցվածքը և փախչում է Ֆրանսիա:
Մոլը թաքնվում է պարտապաններից Լոնդոնի Մինթ թաղամասում: Այդ ժամանակվանից ընտրում
է իր համար Ֆլենդերս անունը:
Ամուսնանում է մի երիտասարդի հետ, որը տանում է նրան Ամերիկա,
որտեղ կալվածք ունի: Այնտեղ է ապրում երիտասարդի մայրը, որը պատմում է, որ Անգլիայից Ամերիկա
է արտաքսվել ինչ-որ հանցագործության համար: Այստեղ ամուսնացել է և ունեցել է որդի,
որն էլ Մոլի այժմյան ամուսինն է: Մոլը գլխի է ընկնում, որ դա իր մայրն է: Հարաբերությունները
եղբայր-ամուսնու հետ բարդանում են: Ընդ որում նրանք ունեն 2 զավակ, և Մոլը հղի է երրորդով:
Ամեն բան պատմում է մորը և եղբորը: Վերջինս ծանր է տանում լուրը և նույնիսկ 2 անգամ
փորձում է ինքնասպանություն գործել:
Մոլը վերադառնում է Անգլիա: Ծխախոտի պաշարը, որ նա մտադիր
էր վաճառել, ճանապարհին անհետանում է, և նա սպասում է «երջանիկ առիթի»: Կապվում է մի
պարոնի հետ, որն ունի հոգեկան հիվանդ կին: Ապրում է նրա հետ և երեք զավակ ունենում:
Ողջ է մնում միայն մեկը: Նրանց համատեղ կյանքը տևում է 6 տարի: Հիվանդությունը խլում
է պարոնի կյանքը, և Մոլը դարձյալ մնում է մենակ: Հեռանում է Լիվերպուլ: Ամուսնանում
է իռլանդացի լորդի հետ, որը պարզվում է իրականում հարուստ չէ: Լորդը իր հերթին պարզում
է, որ Մոլը նույնպես չունի հարուստ օժիտ: Նորաթուխ ամուսին Ջեմին թողնում է իրեն սիրող
Մոլին և հեռանում է Իռլանդիա գործերը կարգավորելու: Մոլը երեխա է ունենում և հանձնում
է նրան մի գյուղացի կնոջ: Այս ընթացքում նամակագրվում է բանկային մի ծառայողի հետ,
որը նրան ամուսնություն էր առաջարկել: Որոշ ժամանակ կոտրատվելուց հետո Մոլը ընդունում
է առաջարկությունը: Հյուրանոցում, որտեղ նրանք համաձայնության են գալիս, Մոլը իմանում
է, որ իր նախկին ամուսինը՝ իռլանդական լորդը, զբաղվում է ավազակությամբ և ունի իր ջոկատը:
Երջանիկ ամուսնությունը բանկային ծառայողի հետ տևում է 5
տարի: Կորցնելով մեծ գումար՝ Մոլի այս ամուսինը մահանում է կաթվածից: Մոլն արդեն 48 տարեկան է: Կորցրել է արտաքին գրավչությունը:
«Սատանան» մղում է նրան դառնալու փողոցային գրպանահատ և գող: Վարպետանում է իր նոր
«արհեստում» և անգամ կուտակումներ կատարում: Սակայն ի վերջո հայտնվում է Նյուգեթի բանտում:
Քանի որ սա նրա առաջին դատվածությունն է, Մոլին աքսորում են Ամերիկա: Նախքան դա նա
բանտում հանդիպում է լորդ Ջենիին՝ իր նախավերջին ամուսնուն, որին համոզում է մեկնել
իր հետ:
Վիրջինիայում Մոլը հանդիպում է իր որդու՝ Գեմֆրիի հետ և ստանում
է իր մոր կտակած ժառանգությունը: Զբաղվում է պլանտացիայի գործերով: Որոշ ժամանակ հետո
ամուսնու հետ հարստացած Մոլը վերադառնում է Անգլիա, որպեսզի «կյանքի մնացյալ հատվածն
անցկացնի զղջման մեջ»:
Տես նաև Դանիել Դեֆո Ռոբինզոն Կրուզո, Ժան Ժակ Ռուսո Յուլյա կամ նոր Էլոիզ և Դենի Դիդրո Միանձնուհին
Դանիել Դեֆո | Մոլ Ֆլենդերս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 16, 2015
Rating:
