
17… թ.: Ֆրանսիա: Վիկոնտ դը Վալմոնը բավական երկար ժամանակ
է ճանաչում տիկին դը Մերտոյին: Վերջինս հմայիչ է, սրամիտ և սիրային հարցերում նրանից
պակաս փորձառու չէ:
Վիկոնտը, որ ամառն անցկացնում է իր ազգականուհու՝ տիկին Ռոզմոնդի
մոտ, նամակ է ստանում մարկիզուհի Մերտոյից: Ցանկանալով վրեժխնդիր լինել իրեն լքած սիրեկանից՝
նա որոշել է այլասերել սիրեկանի տասնվեցամյա հարսնացուին՝ Սեսիլ Վոլանժին: Վիկոնտը
հրաժարվում է օգնել մարկիզուհուն, քանի որ տարված է նախագահ Տուրվելի կնոջով: Սա առաքինի
կին է, և Վալմոնին գրավում է նրան գայթակղելու բարդ գործը: Նա որոշակի հաջողության
է հասնում: Պերճախոս նամակները ունենում են իրենց ազդեցությունը: Տիկին դը Մերտոյը
շարունակում է համոզել Վիկոնտին թողնել այդ ցնորամիտ զբաղմունքը և գալ Փարիզ: Վիկոնտը
շարունակում է իր որսը և չի էլ կասկածում, որ ճակատագրի հեգնանքով հենց տիկին դը Տուրվելն
է այն կինը, որին նա ողջ կյանքում փնտրում է:
Զուգահեռաբար պատմվում է Սեսիլ Վոլանժի և նրա երաժշտության
ուսուցչի՝ շեվալյո Դանսենիի միջև ծագած պատանեկան սիրո մասին: Սեսիլը պատմում է իր
սիրո մասին դը Մերտոյին, որին պաշտում է: Մերտոյը, որը ուզում է քանդել Սեսիլի և կոմս
Ժերկուրի՝ իր նախկին սիրեկանի գալիք ամուսնությունը, որոշում է անել դա Դանսենիի ձեռքերով:
Հանդիպումներ է կազմակերպում, անում է այնպես, որ մենակ մնան: Բայց Դանսենին չի շտապում
և չի անցնում «որոշիչ գործողությունների»: Մարկիզուհին դիմում է Վալմոնին, որպեսզի
սա սիրո դաս տա անփորձ պատանուն: Վալմոնը, որը հաջողություններ ունի տիկին դը Տուրվելի
սիրտը գրավելու հարցում, հետաքրքրություն է ցուցաբերում երիտասարդ Սեսիլի նկատմամբ:
Մարկիզուհի դը Մերտոյը Դանսենիին գրգռելու համար պատմել էր Սեսիլի և նրա նամակագրության
մասին աղջկա մորը: Սեսիլին մայրը հեռացնում է Փարիզից: Խեղճ սիրահարները կարծում են,
թե իրենց մատնել է աղախինը, իսկ Մերտոյը խնդրում է Վիկոնտ Վալմոնին դառնալ բաժանված
սիրահարների միջնորդը: Վալմոնին հաջողվում է արագ շահել Սեսիլի վստահությունը: Դանսենիին
նամակ գրելու պատրվակով գիշերը թափանցում է Սեսիլի սենյակը… և չի ստանում մերժում:
Առաջին սիրո դասերը երիտասարդ սիրահարները ստանում են գլխավոր հերոսների անկողիններում,
քանզի մարկիզուհին էլ շուտով առիթ է ունենում գովելու Դանսենիին որպես կրակոտ սիրահարի:
Նամակներից մեկում Վալմոնը տրտնջում է, որ ժամանակից շուտ
ավարտված է համարել տիկին դը Տուրվելի հետ պայքարը: Նախագահի կինը առանց հրաժեշտ տալու
հեռացել է: Վալմոնը պիտի վերադարձնի նրան: Հասնում է Փարիզ և այցելում է տիկին դը Տուրվելին:
Այս հանդիպման ժամանակ դը Տուրվելը վերջնականապես հանձնվում է: Վալմոնը նամակով հիշեցնում
է մարկիզուհուն իրենց գրազը: Եթե նա նվաճում է դը Տուրվելին, մարկիզուհի դը Մերտոյը
նվիրում է նրան սիրո գիշեր: Դը Տուրվելի նկատմամբ իսկական զգացմունքը վախեցնում է Վալմոնին,
և նա լքում է նրան: Կոտրված տիկին դը Տուրվելը հեռանում է մենաստան, որտեղ 2 շաբաթից
մահանում է: Վալմոնն ուզում է այցելել դը Մերտոյին, սակայն սա ողջ ժամանակ Դանսենիի
հետ է և չի ընդունում Վալմոնին: Վալմոնը պատերազմ է հայտարարում դը Մերտոյին: Նա նամակ
է գրում Դանսենիին, որում հիշեցնում է Սեսիլի մասին: Դանսենին, առանց զգուշացնելու
դը Մերտոյին, որ իրենց գիշերային հանդիպումը տեղի չի ունենալու, հանդիպում է Սեսիլի
հետ: Դը Մերտոյը ցասման մեջ է ընկնում, երբ հաջորդ օրը նամակ է ստանում Վալմոնից, որի
մեջ սա ծաղրաբար հարցնում է չհաջողված գիշերվա մասին: Մերտոյը ցույց է տալիս նամակը Դանսենիին
և համոզում է մենամարտի կանչել Վալմոնին: Վալմոնը մենամարտում սպանվում է, սակայն հասցնում
է ցույց տալ Դանսենիին մարկիզուհու բոլոր նամակները: Այդ նամակները Դանսենին չի թաքցնում
հասարակությունից, այնպես որ դը Մերտոյը ստիպված է լինում փախչել Հոլանդիա:
Սեսիլ դը Վոլանժը, իմանալով դը Տուրվելի և Վալմոնի մահվան
մասին, հեռանում է մենաստան: Դանսենին լքում է Փարիզը և հեռանում է Մալթա:
Տես նաև Էդմոն Ռոստան Սիրանո դը Բերժերակ, Միշել Մոնտեն Փորձեր և Բլեզ Պասկալ Մտքեր
Շոդերլո դը Լակլո | Վտանգավոր կապեր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 17, 2015
Rating:
