
Միսթըր Ջոնսը ագարակ ունի Ուիլլինգթոն քաղաքի մոտակայքում:
Ծեր խոզ Մայորը գիշերը հավաքում է բոլոր անասուններին ամբարում: Ասում է, որ իրենք
ապրում են աղքատության մեջ, որովհետև մարդը յուրացնում է իրենց աշխատանքի պտուղները:
Ապստամբության կոչ է անում: Երգում է «Անգլիայի գազաններ» երգը: Անասունները միանում
են նրա երգին: Ապստամբության պատրաստությունը հանձնվում է խոզերին, որովհետև սրանք
ամենախելացի կենդանիներն են համարվում: Նրանց մեջ առանձնանում են Նապոլեոնը, Ձնագնդին
և Զռռանը: Մայորի կոչերը նրանք վերածում են փիլիսոփայական կոնցեպցիայի, որը կոչում
են անիմալիզմ: Առաջադեմ աշակերտներն են ձիերը՝ Դմբուզը և Երեքնուկը: Ապստամբությունը
տեղի է ունենում ավելի շուտ, քան սպասվում էր, քանի որ Ջոնսը հարբեցողության է տրվել,
իսկ աշխատողները չեն կերակրում կենդանիներին: Անասունները քշում են մարդկանց, Ջոնսի
տունը վերածում են թանգարանի, իսկ ագարակը կոչում են Անասնաֆերմա:
Անասնաֆերմայի պատվիրանները յոթն են:
1.
Բոլոր երկոտանիները
թշնամիներ են:
2.
Բոլոր չորքոտանիները
կամ թևավորները բարեկամներ են:
3.
Կենդանիները
հագուստ չեն կրում:
4.
Կենդանիները
չեն քնում անկողնում:
5.
Կենդանիները
չեն խմում ալկոհոլ:
6.
Կենդանիները
չեն սպանում կենդանիներին առանց պատճառի:
7.
Բոլոր կենդանիները
հավասար են:
Ձիերը աշխատում են բոլորից շատ: Խոզերը չեն աշխատում. նրանք
առաջ են քաշում որոշումները և երգացնում են բոլորին իրենց հիմնը՝ «Անգլիայի գազանները»:
Ջոնսը և իր մարդիկ հարձակվում են Անասնաֆերմայի վրա: Սակայն
կենդանիները կարողանում են պաշտպանվել: Նրանք ոգևորվում են և շքանշաններ են հանձնում
Ձնագնդին և Դմբուզին:
Նապոլեոնը և Ձնագունդը վիճում են: Վերջինս ուզում է Անասնաֆերմայում
էլեկտրականություն անցկացնել: Երբ Ձնագունդը ժողովի ժամանակ համոզում է մյուս կենդանիներին,
որ էլեկտրականությունը անհրաժեշտ է, Նապոլեոնը ներս է կանչում յոթ կատաղած շների, որոնք
հարձակվում են Ձնագնդի վրա: Սա փախչում է, և նրան այլևս չեն տեսնում: Նապոլեոնը վերացնում
է ժողովները: Ամեն բան որոշում է ինքը և խոզերի կոմիտեն: Դմբուզն ասում է. «Նապոլեոնը
միշտ ճիշտ է»:
Նապոլեոնը հայտարարում է, որ էլեկտրականությունը անհրաժեշտ
է: Նա միշտ էլ այդ կարժիքին էր, պարզապես Ձնագունդը յուրացրել էր իր գաղափարը: Հետագայում
շինարարության ժամանակ առաջացած վթարը նա հայտարարում է Ձնագնդի վրեժը, և այդ պատրվակով նրան
մահավճիռ է սահմանում: Նոր ժողով է հրավիրում և իրեն երբեմնի հակաճառած կենդանիներին
մեղադրում է Ձնագնդի հետ դավադրության մեջ: Շները կրծում են այդ կենդանիների կոկորդը:
Հարևան ագարակի տերը՝ Ֆրեդերիկը, իր մարդկանց հետ հարձակվում
է Անասնաֆերմայի վրա: Նրանք սպանում և վիրավորում են շատ կենդանիների: Ծանր աշխատանքը,
ի վերջո, սպանում է Դմբուզին: Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի քիչ են մնում այն
կենդանիները, որոնք հիշում են ագարակի կյանքը նախքան ապստամբությունը: Թեպետ Զռռանը
տարբեր հաշվարկների միջոցով ապացուցում է, որ կյանքը ագարակում դառնում է ավելի լավը,
կենդանիները քաղցած են, ձմռանը մրսում են, քնում են բաց հողի վրա… Սակայն կենդանիները
հպարտ են, որ ապրում են միակ ագարակում, ուր բոլորը հավասար են:
Այդ ընթացքում խոզերը տեղափոխվում են միսթր Ջոնսի տունը և
քնում են նրա անկողիններում: Խոզերը առևտուր են անում մարդկանց հետ, խմում են վիսկի
և գարեջուր: Նրանք փոխում են վերջին պատվիրանը:
Բոլոր կենդանիները հավասար են, սակայն խոզերը ավելի հավասար
են: Ի վերջո, խոզերը սկսում են հագնել Ջոնսի հագուստը և քայլում են երկու ոտքի վրա:
Խոզերին հյուր են սկսում գալ հարևան ագարակների մարդիկ: Կենդանիները, պատուհանից ներս
նայելով, տեսնում են, որ խոզերը և մարդիկ գարեջուր են խմում և թուղթ են խաղում: Նապոլեոնը
ցույց է տալիս փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ ագարակը պատկանում է խոզերին և
կոչվում է Մենոր: Հետո վեճ է ծագում, բոլորը բղավում ու կռվում են, այնպես որ անհնար
է հասկանալ, թե որ մեկն է խոզ, իսկ որ մեկն է մարդ:
Տես նաև Գուրգեն Մահարի Ծաղկած փշալարեր, Ուիլյամ Գոլդինգ
Ճանճերի տիրակալը և Ալեքսանդր Սոլժենիցին Արխիպելագ Գուլագ
Ջորջ Օրուել | Անասնաֆերմա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 03, 2015
Rating:
