
1968 թ. հայտնի թարգմանչի և հրատարակչի ձեռքն են ընկնում
հայր Ադսոնի նոթերը: Ֆրանսիական գրքի տիտղոսաթերթի վրա նշված է, որ այն լատիներեն տեքստի
փոխադրություն է, որն իր հերթին վերարտադրում է 14-րդ դարի գերմանացի վանականի ձեռագիրը:
Տարեց վանական Ադսոնը հիշում է 1327 թ. դեպքերը, որոնց ականատեսն
ու մասնակիցն է եղել անձամբ: Ֆրանսիայի Լյուդովիկոս կայսրը պայքար է մղում Հռոմի Պապի դեմ,
իսկ վերջինս հետապնդում է ֆրանցիսկյան ուխտի վանականներին: Սրանք միանում են Լյուդովիկոսին:
Պատանի Ադսոնը ուղեկցում է անգլիացի ֆրանցիսկյան Վիլհելմ Բասկերվիլցուն: Սա Ուիլյամ
Օկկամի և Ռոջեր Բեկոնի ընկերն է, ունի վերլուծական հզոր ուղեղ: Պիտի կազմակերպի ֆրանցիսկյանների
և կուրիայի ներկայացուցիչների հանդիպումը: Աբբայության ճանապարհին Վիլհելմը զարմացնում
է կղերականներին իր դեդուկտիվ մեթոդով՝ կարողանալով գտնել կորած ձիուն: Աբբայության
վերակացուն իսկույն խնդրում է Վիլհելմին օգնել պարզելու մենաստանում տեղի ունեցած տարօրինակ
մահը: Երիտասարդ վանական Ադելմի դիակը գտնվել է անդնդի հատակին: Հնարավոր է, որ նրան
գցել են աշտարակից: Վիլհելմին թույլ են տալիս հարցաքննել բոլորին և դիտել բոլոր վայրերը,
բացի գրադարանից: Այստեղ ողջ Եվրոպայից աշխատելու են գալիս թարգմանիչներ, մեկնաբաններ,
գրիչներ և այլն: Սակայն գրադարանի մուտք ունեն միայն գրադավարը և նրա օգնականը: Մյուսները
աշխատում են հատուկ առանձնասենյակներում: Գրադավարն է որոշում, թե որ գիրքը կարելի
է տրամադրել, իսկ որ մեկը՝ ոչ: Չէ՞ որ կան նաև շատ հերետիկոսական գրքեր: Այստեղ Վիլհելմը
ծանոթանում է գրադավար Մաղաքիայի հետ, նրա օգնական Բերենգարի, հունարենից մի թարգմանչի՝
Արիստոտելի հետևորդի, Վենանտիուսի և երիտասարդ հռետոր Բենտիուսի հետ: Հանգուցյալ Ադելմը
սիրում էր գրքերի լուսանցքներում ծաղրանկարներ անել, ինչը զվարճացնում էր գրիչներին:
Սակայն իսկույն հայտնվում էր կույր եղբայր Խորխեն, որն ասում էր, թե ծիծաղը և դատարկաբանությունը
մեղք են: Վիլհելմը գալիս է այն եզրակացության, որ Ադելմը ինքնասպանություն է գործել:
Նույն գիշերը խոզերի արյամբ լեցուն տակառում գտնում են Վենանտիուսի մարմինը: Մարմնի
վրա բռնության հետքեր չկան: Վիլհելմը նկատում է, որ Բենտիուսը և Բերենգարը վախեցած
են: Հարցաքննում է նրանց: Իմանում է, որ Ադելմի մահից 2 օր առաջ տեղի էր ունեցել վեճ
զավեշտականի վայելչության մասին և որ հավերժական ճշմարտությունները լավ է ներկայացնել
կոպիտ ձևերի մեջ: Վեճի ընթացքում Բերենգարը լեզվից թռցնում է գրադարանում պահվող մի
գաղտնիքի մասին: Դա կապված է «Աֆրիկա» բառի հետ: Գրադարանի այդ բաժնում պահվող գրքերն
ըստ Մաղաքիայի կորած են: Պարզվում է նաև, որ Ադելմը սոդոմական մեղք է գործել Բերենգարի
հետ, ինչը ստիպում է նրան ինքնասպանություն գործել: Վիլհելմին թույլ չեն տալիս նայել
գրադարանի գրքերը: Գիշերը Վիլհելմը Ադսոնի հետ ստորգետնյա գաղտնի թունելով, որը հայտնի
է միայն գրադավարին, վերադառնում է նույն տեղը: Նա հայտնաբերում է գաղտնագրով մագաղաթը,
սակայն չի գտնում գիրքը, որը տեսել էր ցերեկը: Գրասենյակում ինչ-որ մեկը կա: Անծանոթը
փախչում է. նրա ձեռքին գիրքն է:
Աբբայից իմանում են, որ անհետացել է Բերենգարը: Նրան գտնում
են լոգարանում: Նրա մատներին ինչ-որ նյութի հետքեր են մնացել: Լեզուն սևացել է: Նրան
թունավորել են: Վանահայր Սևերինուսը պատմում է, որ նա ուներ թույնի լուծույթ, որը հետո
կորել է: Լուծույթի մասին գիտեին միայն Բերենգարը և գրադավարը:
Ժամանում են դեսպանությունները:
Վիլհելմը և Ադսոնը թափանցում են գրադարան, որպեսզի կազմեն
լաբիրինթոսի գծագիրը: Լաբիրինթոսն ունի տառերի տեսք, որոնք կազմում են երկրների անվանումներ:
Կա նաև «Աֆրիկան»: Դա մի սենյակ է, ուր չի հաջողվում մտնել: Դեսպաններից մեկը՝ Բերնարդ
Գին, բանտարկում և կախարդության մեջ է մեղադրում բժիշկի օգնականին և մի երիտասարդ աղջկա:
Այդ աղջկա հետ հասցրել էր ծանոթանալ նաև Ադսոնը: Հիմա աղջկան սպառնում է խարույկը:
Սևերինուսը հաղորդում է Վիլհելմին, որ գտել է մի տարօրինակ
գիրք: Այդ զրույցը լսում է կույր Խորխեն: Բենտիուսը ևս գիտի, որ Սևերինուսը հայտնաբերել
է Բերենգարից մնացած ինչ-որ բան:
Կրոնական վերսկսված վեճի ժամանակ լուր է հասնում, որ Սևերինուսը
սպանված է: Նրան գտնում են բուժանոցում փշրված գանգով: Վիլհելմը նրա մատներին փորձում
է գտնել լուծույթի հետքեր: Նրա ձեռքերին ձեռնոցներ են: Որպես հանցանքի մեղավոր բռնված
է Ռեմիգիուսը: Բենտիուսն ասում է Վիլհելմին, որ սպանության պահին ներսում է եղել Մաղաքիան,
իսկ հետո աննկատ հեռացել է: Վիլհելմը հասկանում է, որ եթե մարդասպանը Մաղաքիան է, ապա
գիրքը գտնվում է լաբորատորիայում: Սակայն նրանք չեն գտնում գիրքը: Այն ընկնում է Բենտիուսի
ձեռքը:
Բերնարդ Գին դատում է Ռեմիգիուսին և ստիպում իր վրա վերցնել
աբբայությունում բոլոր սպանությունները:
Բենտիուսը Վիլհելմին ասում է, որ չի կարող նրան տալ գիրքը,
քանի որ դեռ կարդալ չսկսած վերադարձրել է այն Մաղաքիային և ստացել նրանից գրադավարի
օգնականի պաշտոնը: Մի քանի ժամից մեռնում է նաև Մաղաքիան: Նրա մատների և լեզվի վրա
սև հետքեր են: Աբբահայրն ասում է Վիլհելմին, որ նա չի արդարացնում սպասելիքները
և պիտի լքի աբբայությունը: Վիլհեմլը պատասխանում է, որ իրեն հայտնի է սպանությունների պատճառը:
Մեռնում են նրանք, ովքեր ինչ-որ բան գիտեն գրադարանում եղած «Աֆրիկայի սահմանի» մասին:
Վիլհելմը չի շտապում հեռանալ աբբայությունից: Նա Ադսոնի օգնությամբ
կարողանում է լուծել գաղտնագիրը, մուտք գործել գաղտնի սենյակը: Այնտեղ նրանց է սպասում
կույր Խորխեն: Սա ժամանակին եղել է գրադավար և զգալով, որ կուրանում է, սովորեցրել
է առաջին հետնորդին, հետո՝ Մաղաքիային: Բայց ո´չ առաջինը, ո´չ էլ երկրորդը չեն աշխատել
առանց իր օգնության: 40 տարի նա գրադարանի տիրակալն է: Որոշ գրքեր նրա համոզմամբ պիտի
երբեք չլքեն գաղտնի սենյակի սահմանները: Դրանցից մեկն է Արիստոտելի «Պոետիկայի» երկրորդ
մասը, որը համարվում է կորած և առնչվում է զավեշտականին: Խորխեի համոզմամբ Արիստոտելի
ուսմունքի հենց այս հատվածը պիտի գաղտնի մնա, որպեսզի նրա հեղինակությունը շարունակի
եկեղեցու համար ընդունելի լինել: Խորխեն ցույց է տալիս գիրքը, որը տեսնելու համար կյանքով
են հատուցել արդեն 5 մարդ: Վիլհելմը չի վերցնում գիրքը: Նա հասկացել է, որ գրքի էջերը
թունավորված են: Նրանք, ովքեր կարդացել են գիրքը, թերթել են այն և թքոտել մատը, որպեսզի
թերթեն: Դա առաջ է բերել թունավորում: Խորխեն պատառոտում է գիրքը և արագորեն խժռում
է այն: Վիհլեմը փորձում է խանգարել նրան: Ծերունին սկսում է փախչել: Վիլհելմը և Ադսոնը
վազում են նրա ետևից, սակայն նրանց ձեռքի ջահը պատճառ է դառնում մեծ հրդեհի:
Ադսոնի աչքի առաջ հսկայական մենաստանից ոչինչ չի մնում: Երեք
օրվա հրդեհից հետո վանականները լքում են ավերակը, որպես Աստծո կողմից նզովված վայր:
Տես նաև Ումբերտո Էկո Վեց զբոսանք գրական անտառներում, Պատրիկ
Զյուսկինդ Օծանելիք և Արթուր Կոնան Դոյլ Բասկերվիլների շունը
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ումբերտո Էկո | Վարդի անունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 04, 2015
Rating:
