
Ֆրանսիական էպոսը պատմում է Ռոնսևալի կիրճում տեղի ունեցած ճակատամարտի և դրա հետ կապված հանգամանքների մասին: Կառլոս Մեծ արքան 7 տարի պատերազմ է մղում մավրերի դեմ Իսպանիայում:
Միայն Սարագոսայի տիրակալ Մարսիլիոսը դեռ չի հպատակվել նրան: Մարսիլիոսը ժողով է գումարում
և խորհուրդ է հարցնում իր սարակեններից, թե ինչպես կարելի է խուսափել Կառլոսի հաշվեհարդարից:
Ոմն Բլանկադրին առաջարկում է հարցը լուծել խորամանկությամբ: Պետք է կեղծ հաշտություն
կնքել, ճոխ ընծաներ ուղարկել Կառլոսին, խոստանալ քրիստոնեություն ընդունել Ախենում,
իսկ հետո՝ խաբել: Պատանդները կարող են նաև մեռնել, սակայն ինքը Մարսիլիոսը չի զրկվի
գահից և ողջ կմնա:
Կառլոսը լսում է մավր դեսպաններին, ժողով է անում իր բարոննների
հետ: Ռոլանդը, իմանալով Մարսիլիոսի նենգության մասին, փորձում է համոզել արքային չհավատալ
մավրի խոստումներին: Հակառակ կարծիքի է Գանելոնը՝ Ռոլանդի խորթ հայրը, որը չի սիրում որդուն և անգամ նախանձում է նրան: Որոշում են Մարսիլիոսի մոտ պատասխան դեսպանություն
ուղարկել, որը կգլխավորի Գանելոնը: Սա, վերցնելով Կառլոսի ձեռքից ձեռնոցը՝ դեսպանական
իրավունքի նշանը, վայր է գցում այն: Բարոնները, տեսնելով դա, հասկանում են, որ փորձանքը
անխուսափելի է:
Գանելոնը մեկնում է Սարագոսա: Նրա հետ է մավրերի դեսպան Բլանկադրինը,
որի հետ բարեկամանում են և որոշում են կործանել Ռոլանդին: Մարսիլիոսի դղյակում նա մավրերի
թագավորին ներկայացնում է իր նախագիծը: Կառլոսն իր հիմնական զորքով կլքի Իսպանիան՝
իր փոխարեն թողնելով Ռոլանդին: Ռոլանդի փոքր ջոկատը դյուրին կլինի ջախջախել: Մարսիլիոսին
այս նախագիծը դուր է գալիս և նա ետ է ուղարկում Գանելոնին՝ պատվիրելով փոխանցել, որ
ընդունում է Կառլոսի պայմանները:
Գանելոնը վերադառնում է ֆրանկների ճամբար՝ իր հետ բերելով
Սարագոսայի բանալին: Առաջարկում է Իսպանիայում թողնել Ռոլանդին իր ջոկատով: Կառլոսը
արտասվում է: Չի ուզում բաժանվել Ռոլանդից: Բացի այդ նրան տանջում է վատ կանխազգացումը:
Ռոլանդի հետ Իսպանիայում են մնում քաջ ասպետներ Գոթիեն, Օդոնը, Ջերինը, Օլիվերը և
արքեպիսկոպոս Տուրպինը: Կառլոսը իր զորքով հեռանում է:
Ռոլանդը և իր ջոկատը մնում են Ռոնսևալի կիրճում: Բլուրի վրա
բարձրացած Օլիվերը տեսնում է մոտեցող ուխտադրուժ սարակենների զորքը: Խնդրում է Ռոլանդին
փչել փողերը. Կառլոսը դեռ շատ չի հեռացել և կարող է լսել իրեն: Սակայն հպարտ Ռոլանդը
հրաժարվում է անել դա: Մավրերը հարձակվում են հետնապահ ջոկատի վրա, և ֆրանկները անհավասար մարտի են բռնվում անհավատների հետ: Ռոլանդը իր զինվորների հետ միասին
զոհվում է հանուն «քաղցրիկ Ֆրանսիայի» և քրիստոնեական պատվի: Տեսնելով ընկերների կոտորածն
ու մահը՝ Ռոլանդը ի վերջո փչում է փողը: Կառլոսը հասել է Իսպանիայի սահմանին, սակայն
լսում է փողի ձայնը: Նա շրջում է իր զորքը և վերադառնում: Ռոլանդի ջոկատից ոչ ոք կենդանի
չի մնացել: Գրկելով Ռոլանդի դիակը՝ Կառլոսը արտասվում է և խոստանում է վրեժ լուծել:
Նախ կոտորում է մավրերի մեծ զորքը, որ հավաքված էր ողջ մահմեդական աշխարից, ապա դաժանորեն պատժում դավաճան Գանելոնին` ենթարկելով նրան քառատման:
Սակայն ոչինչ չի փարատում Կառլոսի
վիշտը: Ռոլանդին անհնար է վերադարձնել…
Ռոլանդի երգը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 08, 2015
Rating:
